Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան):
Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների հայանպաստ գործունեությունը և մասնավորապես՝այս անհանգիստ և տագնապալի օրերին Հայրենիքի հետ լինելու և օժանդակելու պատրաստակամությունը: Նա մասնավորապես նշեց, «Վստահ եմ, որ ԼՂՀ կարգաւորման խնդիրը ևս համահայկական մեծ ավանդ ունեցող կառույցի մամենօրյա հոգածության առարկա է և այս օրերին չէր կարող Արցախում չլինել: Համոզված եմ որ ձեր ներկայութիւնը ոգևորող էր»:
Խոսելով օրերս Արցախում տեղի ունեցած Հայ դատի հանձնախմբերի համաժողովի մասին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին, և հավելեց. «Մենք էլ ոչ միայն ոգևորվեցինք, այլև 60 մասնակիցներս լիցքավորված վերադարձանք Երևան: Կարծում եմ, որ ժողովն Արցախում անցկացնելը կարևոր էր»:
ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները նախարարին պատմեցին Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին:
Քննարկեցին Արցախի ներկա իրավիճակը եւ դրա հետ կապուած խնդիրներն ու անելիքները:
Խոսվեց Հայաստանում և Կանադայում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին, եւ ճշտվեցին աջակցություն ցուցաբերելու հարցերը:
Հայ դատի հանձնախումբը ՀՅԴ կուսակցության հասարակական աշխա¬տանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձ¬նախումբն է: Հիմնվել է 1941 թվականին Նյու Յորքում: Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հա¬յության տեսակետները բոլոր մակարդակներով` իր գլխավոր խնդիրը համարելով հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը: Հայ դատը միջազգային հարթակներում իրականացնում է հսկայածավալ լոբբիստական աշխատանքներ` Հայոց ցեղասպանության միջազգայնացման և Հայկական պահանջատիրության ուղղությամբ:
Հավատարիմ իր սկզբունքներին Հայ դատն առաջիններից էր, որ արձագանքեց ԼՂՀ ողջ սահմանով սանձազերծված Ադրբեջանի սադրիչ հարձակումներին և ժամեր անց հանդես եկավ հայտարարություններով և կոչերով` դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները, ինչպես նաև կազմակերպեց բողոքի ցույցեր: