Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակը կրկին վնասել են. այն պատրաստ է վերականգնել անհատ ձեռներեց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի մասին: Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է: Քանդակի անմխիթար վիճակի վերաբերյալ բարձրաձայնել էր արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին` բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Մարզպետն այն ժամանակ արձագանքել էր նամակին, քննարկել էր խնդիրը եւ խոստացել լուծում գտնել:
Թվում էր, թե խնդիրն ինչ-որ կերպ հանգուցալուծվել էր, սակայն պարզվում է` ոչ: Ավելին` քանդակը շարունակում է ենթարկվել վանդալիզմի, եւ աստիճանաբար ավելի է աղարտվում դրա տեսքը:

pxndzdzuyl-kin-600x450
Արձանի նախնական տեսքը

Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանի ֆոտոխցիկը ֆիքսել է «Անվերջության ժապավեն»-ի ներկայիս վիճակը: Կնոջ եւ տղամարդու պատկերներով այս քանդակից տղամարդն, առհասարակ, բացակայում է, իսկ կնոջ քանդակի կեսը (ներքեւի հատվածը) արդեն չկա: Գ. Ավագյանը, տեղադրելով լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում, մակագրել է. «Մինչ մենք զբաղված էինք պատերազմով, աղմուկի ներքո տղամարդուն «վերցրին»: Սա ֆեմինիզմի բացարձակ հաղթանակն է Հայաստանո՞ւմ: Չէ՞ որ այս աշխատանքը ներառված է մշակույթ-փեշակույթի նախարարության տխրահռչակ ցուցակում: Ինչպե՞ս էր Չերչիլն ասում. ինչո՞ւ ենք մենք պատերազմում, եթե ոչ` մշակույթի (երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում երկրի բյուջեն, նա տեսնում է, որ զինված ուժերին մեծ գումարներ են հատկացված, իսկ մշակույթը գրեթե անտեսված է: Այդ ժամանակ նա ասում է՝ եթե մենք չֆինանսավորենք մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պայքարում, ի՞նչն ենք պաշտպանում-Ա.Բ.)»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Դավիթ Բեջանյանի կնոջ` երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ, ով նշեց, որ իրեն էլի են հասցրել զգուշացնել քանդակի աղավաղման հերթական դեպքի մասին. «Հիմա ճարտարապետներ են աշխատում` համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ: Աշխատանքներ են տարվում՝ Դավիթի երկրորդական էսքիզի համաձայն, որը նա ներկայացրել էր մինչեւ կյանքից հեռանալը: Ավել բան չեմ կարող ասել. մի քանի օրից կիմանամ` բանն ինչում է: Կոտայքի մարզպետարանից բացի` ուրիշ ոչ մի կառույց չզբաղվեց այդ գործով… Դե, ձմռանը չեն աշխատել… Ես նոր եմ վերադարձել Հայաստան, կիմանամ` ինչ փուլում են աշխատանքները»,- ասաց նա:

Քանի որ քանդակը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պահպանության ներքո, մենք զրուցեցինք նաեւ այդ ծառայության պետ Կամո Հակոբյանի հետ: Նա նշեց, որ ապրիլի 28-ից նկատել է քանդակի աղարտման նոր դեպքի հետեւանքները:
«Շրջայցերից մեկի ընթացքում տեսա, որ մի նոր մաս էլ չկա, պոկվել է, գրություն գրեցի Չարենցավանի ոստիկանություն, դրան կցեցի լուսանկարները, հիմա սպասում ենք պատասխանի: Բացի այդ` մեր գլխամասից գրություն է ուղղվելու նաեւ մշակույթի նախարարությանը, որպեսզի այնտեղից թույլ տան գոնե քանդակի պահպանված հատվածը տանենք, ապահով տեղում պահպանենք (նույն քանդակի մի հատված, որն անցած տարի քամին պոկել էր, արդեն իսկ պահպանում ենք): Այլապես այդ պահպանված մասն էլ քամին կտանի, կամ կգողանան: Չգիտեմ` նախարարությունից ինչ պատասխան կտան, կթույլատրեն, թե ոչ»,-տարակուսեց նա:

13233478_1053565701391162_629898508_n

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կ. Հակոբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ Չարենցավանի ոստիկանությունն ուժեղացրել է քանդակի պահպանությունը. «Ոստիկանությունից մեզ էլ էին ասել, որ օգնենք պահպանության հարցում, բայց որ չի ստացվել, ես ինչ ասեմ, թող ոստիկանությունը պատասխան տա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման առնչությամբ մարզպետարանի միջամտությանը, Կ. Հակոբյանի խոսքով` ինքը դեռեւս տարիներ առաջ դիմել է այդ կառույցին, սակայն իրեն պատասխանել են, որ համապատասխան միջոցների բացակայության պատճառով քանդակի վերականգնումը հնարավոր չէ իրականացնել: Փոխարենը, մարզային ծառայության պետը տեղեկացրեց, որ 10-15 օր առաջ հայտնվել է հովանավոր` անհատ ձեռներեց, որը չի ցանկանում, որ իր անունը բարձրաձայնվի, բայց պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել քանդակի վերականգնման աշխատանքները:

«Դիմել էին մեր ՊՈԱԿ, որպեսզի տեսնեն` տվյալ նախագծի վրա որքան աշխատանք է արվելու, ինչ գումարներ են ծախսվելու: Այսինքն` հովանավորին պետք է էսքիզային նախագծերը ներկայացվեն, որպեսզի նա համապատասխան փոխանցումն անի»,-մանրամասնեց Կ.Հակոբյանը:
Ի դեպ, անհատ ձեռներեցը պատրաստակամություն է հայտնել վերականգնել նաեւ Խաչատուր Հակոբյանի` Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» քանդակը, որը չունի հուշարձանի կարգավիճակ:

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Աննա Բաբաջանյան




Լրահոս