ArmLur.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
-Սերժ Սարգսյանը բանակցությունների վերսկսման համար երեք նախապայման էր առաջարկել: Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներն հնարավոր է հանդիպեն: Ադյո՞ք դա նշանակում է, որ նախապայմանները բավարարվել են:
-Բնականաբար տեղեկություններ չունեմ, բայց ակնհայտ է, որ չեն բավարարվել և չեն էլ կարող բավարարվել: Ես գտնում եմ, որ նախագահը շատ ճիշտ նախապայմաններ է առաջադրել: Բայց միաժամանակ գտնում եմ, որ թե նախագահը, թե բոլորը հասկանում են, որ այդ նախապայմանները թշնամին չի կարող բավարարել, քանի որ պարզապես չի ցանկանում:
-Պարոն Մարտիրոսյան, նախագահների կողմից դեռ պաշտոնական արձագանք չկա, ըստ Ձեզ Սերժ Սարգսյանը կհամաձայնի հանդիպել:
-Ես չեմ բացառում, որ համաձայնի հանդիպել, բայց միաժամանկ կարծում եմ, որ այդ հանդիպումը շատ ավելի անարդյունք կլինի, քան բոլոր նախորդ հանդիպումները միասին վերցված:
-Այդ դեպքում, ի՞նչ հույսով է Սերժ Սարգսյանը գնում դեպի բանակցություններ
-Ես դրանք բանակցություններ չէի անվանի: Եթե տեղի ունենա, դրանք կանվանեի ընդամենը հանդիպում, չեմ էլ կարծում, որ նախագահը հույս ունի որևէ բանի, այլ կարծում եմ, որ ուղղակի ընդառաջելու է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությանը և թերևս խնդրանքին` ունենալու նման հանդիպում: Սակայն բնութագրել դրանք բանակցություններ, թերևս անհնար է:
-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նահանջի և այդ նախապայմաններն էլ չեղարկի:
-Չեմ կարծում, քանի որ դրանք դինամիկ պայմաններ են, արդար պահանջներ են, որոնք երբևէ չեն բավարարվել և հիմա էլ դժվար թե բավարարվեն: Այսինքն ինչ էքսրտաօրդինալ բան պետք է լինի, որ նախագահն ինքը չեղարկի իր առաջադրած պայմանները:
-Այսինքն Սերժ Սարգսյանը չի՞ փոխի պահանջները և դրանցով կգնա բանակցությունների: Արդյո՞ք նոր պահանջներ կարող են առաջարկվել:
-Եթե լինեն նոր պահանջներ, ապա դրանք լինելու են միայն այդ նախապայմանների շուրջ, կամ դրանցից բխող: Նորից եմ ասում, եթե նախագահը համաձայնի և նման հանդիպում տեղի ունենա, ապա ես 100 տոկոսով վստահ եմ միայն ու միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների խնդրանքն է լինելու, որ երկու նախագահներն հանդիպեն, որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, թերևս, սին հույսեր ունեն, որ հնարավոր է ավելի լայնածավալ պատերազմը կանխվի:
-Պարոն Մարտիրոսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը
-Հարցի լուծումը չեմ տեսնում և եթե տեսնում եմ ապա այն սցենարով, որ պիտի լինի պատերազմ, շատ ավելի մեծ պատերազմ, որը համարում եմ անխուսափելի: Պատերազմի արդյունքում հաղթող կողմը կիստանա այն ամենը, ինչ հարիր է հաղթող կողմին, այսինքն` խնդիրը կլուծվի դրանով: Սակայն մեծ առումով այս խնդիրը ընդհանրապես լուծվող խնդիր էլ չէ. քանի դեռ կա Ադրբեջանի պետությունը և Թուրքիան, Հայաստանը միշտ պատերազմական վիճակում է գտնվելու այս երկու երկրների հետ:
-Այսինքն բանակցություններն անիմա՞ստ են դառնում և ռազմական ճանապարհով եք լուծումը տեսնում:
-Բանակցությունները շատ վաղուց են անիմաստ, իսկ ապրիլյան պատերազմից հետո մի տեսակ անհեթեթ են: Ապշեցուցիչ է, որ կան մարդիկ, որ դեռևս խոսում են այն մասին, որ կարող են լինել բանակցություններ, ի՞նչ բանակացություններ, ո՜ւմ հետ բանակցությոՒններ, ինչի՞ համար: Այսինքն` բանակցություններ մեկի հետ, ով բանակցություն չի ուզում վարել, իսկ մենք պիտի խնդրե՞նք, աղաչե՞նք, որ բանակցեն մեզ հետ: Իրենք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը, ուզում են գրավեն Ղարաբաղը, ուզում են գրավեն Երևանը, հիմա բանակցենք թե ինչպե՞ս դա անեն, թե մենք պիտի բանակցենք, խնդրե՞նք, որ իրենց ավելի շատ հողեր տանք, որ իրենք չհարձակվեն մեզ վրա: Այսինքն` փոխզիջումային տարբերակը ենթադրում էր Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, ավելի ճիշտ հանձնում Ադրբեջան: Հիմա իրենք դրան չհամաձայնեցին, հիմա մենք պիտի բանակցենք, որ ԼՂ մի մասն էլ հանձնե՞նք` միայն թե խաղաղություն լինի, այն էլ այն պարագայում, երբ դրանից հետո էլ խաղաղություն չի լինելու: Այսինքն բանակցությունների մասին խոսակցությունները աբսուրդի ոլորտից են:
-Ըստ ձեզ հանդիպումը Ադրբեջանի՞ կողմից էր կազմակերպվել, թե՞ Մինսկի խմբի
-Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների:
Արփինե Թովմասյան