Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհակիմ Ցիննքաննը և ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբյանը կարևորեց ընկերության կողմից՝ ԳԴՀ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ու գործարարությանն առնչվող հարցեր:

Նախարարը նախ ընդգծեց, որ տարբեր ոլորտներում ներգրաված սիրիահայ մասնագետները կարող են ոչ միայն մրցակցություն ստեղծել տեղական շուկայում, այլ նաև նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ուստի այդ նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն հինգ տարի է, ինչ կազմակերպում է սիրիացիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառներ, իսկ սիրիացի երկու տասնյակից ավելի վարպետների Երևանի քաղաքապետարանը, նախարարության միջնորդությամբ, մշտական տեղ է հատկացրել Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա տոնավաճառում (Վերնիսաժում):

Նախարար Հակոբյանը սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու և Հայաստանում նրանց ամրացնելու նպատակով կարևորեց վերջիններիս հնարավորությունների ճիշտ օգտագործումն ու ընտանեկան բիզնես ծրագրերին աջակցության տրամադրումը: «Այսօր արդեն կան սիրիացիների մի շարք հաջողված բիզնես ծրագրեր Հայաստանում, որոնք հանրության առավել լայն շրջանակներին ներկայացնելու համար անհրաժեշտ է պատարստել և ցուցադրել գովազդային հոլովակներ կամ կարճամետրաժ ֆիլմեր՝ ոչ միայն գովազդելով արտադրանքը, այլ խրախուսելով սկսնակ գործարարներին», – նկատեց նախարարը:

Նախարարը կարևորեց շուկայի ուսումնասիրության և մասնագիտական վերապատրաստումների իրականացումը՝ սիրիահայերին համապատասխան ոլորտներ ուղղորդելու նպատակով: Նա առաջարկեց նաև ստեղծել սիրիացիների ուսումնական-ստեղծագործական կենտրոն, որի շրջանակներում սիրիացի ձեռագործ վարպետները հնարավորություն կունենան մշտական հիմունքներով ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները, ինչպես նաև սեփական գիտելիքներն ու փորձը փոխանցելու նոր սերունդին:

Իր հերթին Հ. Յոհակիմ Ցիննքաննը շնորահակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ ընդունելության համար, և նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ ս.թ. փետրվարի 24-ին կայացած աշխատաժողովի արդյունքում թեմատիկ աշխատանքային խմբեր ստեղծելու որոշմանն ընդառաջ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ստանձնել են Հայաստանում սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրման հարցերով աշխատանքային խմբի ձևավորման նախաձեռնությունը: Հ. Յոհակիմ Ցիննքաննը ներկայացրեց նաև ընկերության կողմից 2015 թվականի նոյեմբերից իրականացվող ծրագիրը՝ ուղղված Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների տնտեսական ինտեգրման աջակցությանը: Նա տեղեկացրեց, որ իբրև ծրագրային առաջին միջոցառում, որն ուղղված է հայրենական տնտեսությունում սիրիահայերի ինտեգրմանը՝ ընկերությունը պետական և ոչ պետական դերակատարների, Հայաստանում գործող միջազգային շահառուների հետ համագործակցությամբ ս.թ. մայիսի 19-22-ն իրականացնելու է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ձեռնարկատիրության/զբաղվածության խթանման ֆորումը (www.syrarbi.am), որի մեկնարկը կտրվի ՀՀ սփյուռքի նախարարի անմիջական մասնակցությամբ: ֆորումի նպատակն է ներկայացնել պետական և մասնավոր ոլորտներում առկա աշխատատեղերը և ուսուցման հնարավորությունները, բարձրացնել սիրիահայերի իրազեկվածությունը Հայաստանում բիզնես գործունեության, գործատուների և աշխատանքի տեղավորման հնարավորությունների վերաբերյալ, նպաստել գործարար ցանցերում նրանց ընդգրկմանը, ներկայացնել սիրիահայերի կողմից իրականացվող բիզնես գործունեության արդյունքում արտադրվող ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, քննարկումներ, որոնք կբարելավեն թիրախային խմբերի հմտությունները և կբարձրացնեն նրանց մրցունակությունն աշխատաշուկայում:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս կարևորեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությունը և հույս հայտնեց, որ վերջինիս հետ համագործակցությունը կլինի շարունակական և հեռանկարում այն ավելի կընդլայնվի:




Լրահոս