ՄԱՇԻՆԵՆ ԵԿԱՎ, ՇՈՒՇԱ՛Ն ՋԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարիներ առաջ, երբ Շուշան Պետրոսյանը կատարեց մի հին ու մոռացված երգ՝ “Մաշինեն եկավ, յարո՛ ջան, ակները մանր”, շատերս ուրախացանք, որ երգչուհին գնում է դեպի մեր ակունքները, փորձում կենդանություն հաղորդել ամեն մի մոռացվածի: 
Երեւի ամեն մի մոռացվածի ու հնի հանդեպ սերն էլ նրան տարավ դեպի Հանրապետական կուսակցություն եւ ԱԺ ՀՀԿ խմբակցություն, որտեղ ե՛ւ կոմունիստական չինովնիկության ճանաչված դեմքեր կան՝ Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, ե՛ւ ժողովրդավարական շարժումների ալիքների վրա գունափոխ դարձածներ՝ Գալուստ Սահակյան, Արա Բաբլոյան, Վարդան Այվազյան: Թե երբեմնի սիրված ու ճանաչված երգչուհու ինչին էր պետք քաղաքական գործիչ հռչակվելն ու Սերժ Սարգսյանի թիմակիցը դառնալը, երեւի միայն ինքը գիտեր: Թեեւ, մյուս կողմից էլ` ի՞նչ վատ է լինել նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության թիմում, նրան հաճախակի հանդիպել, այժմ արդեն ի պաշտոնե երգել նրա համար ընտրարշավների ժամանակ եւ այսպես շարունակ:
Շուշան Պետրոսյանի կյանքում ամեն ինչ բարեհաջող է դասավորվել. ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հետո Գեղարվեստի ակադեմիան, աշխատել է “Մետրո” թատրոնում, բայց ավելի շատ հրապուրվել է երգով, 39 տարեկան հասակում արժանացել ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, անգամ ընտրվել Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Դե եթե ակադեմիկոս է, ինչպես մի շարք պատգամավորներ, ուրեմն պիտի նաեւ խորհրդարանում էլ լիներ: Ու եղավ: Տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ահա ուր որ է Շուշան Պետրոսյանը նշանակվելու է ՀՀ մշակույթի նախարար, մշակույթի գործիչները 2 խմբի էին բաժանվում՝ ոմանք քննադատում էին նրան, ոմանք՝ հույսեր կապում: Նախարար չդարձավ, որովհետեւ այդ ոլորտը վաղուց սեփականաշնորհել է երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որն իր ընկերուհի Հասմիկ Պողոսյանից զատ որեւէ մեկին մոտիկ չի թողնում նախարարական աթոռին: Եվ քանի որ Սերժ Սարգսյանը հատկապես մշակույթի ոլորտի կադրային հարցում վստահում է միայն իր կնոջը, նորաթուխ ՀՀԿ-ական Շուշանին հուսախաբ արեց: ՀՀԿ-ականները չուզեցին անգամ Շ. Պետրոսյանին վստահել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոնը: Դե, չուզողություն արեցին` հանրապետականաբար:
Առաջադրվելով պատգամավորության թեկնածու՝ ակադեմիկոս Շ. Պետրոսյանն այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, որն անգամ զարմացրել է իրենց եկամուտները հմուտ կերպով թաքցնող շատ ՀՀԿ-ականների: Այսպես, իր հայտարարագրի հենց առաջին էջում նա գրել է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի է: Եվ, ի զարմանս բոլորի, չի նշել իր եկամուտները: Գուցե երգչուհին աշխատել ու իր աշխատավարձը թողել է ֆիլհարմոնիայի հաշվապահին կամ տնօրենին, քանի որ նրա ստացած աշխատավարձը, բնականաբար, ոչինչ է հոնորարների դիմաց: Ուրեմն, ֆիլհարմոնիայում անվճար է աշխատել: Բայց, ,պարզվում էե, որ նա անգամ հոնորարներ չի ստացել, քանի որ որեւէ եկամուտ չի նշել: Արդյո՞ք իր ամուսնու` 2008-ի մարտի 1-ին ցուցաբերած դաժանությամբ ու անմարդկային վերաբերմունքով, անմեղ մարդկանց գլխին “գործ սարքելու” հմտությամբ հայտնի դարձած տխրահռչակ ոստիկանի փողերով է ապրել: Հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ դեռ խորհրդարան մուտք չգործած՝ երգչուհին արդեն անցել է ,ստվերե եւ թաքցրել իր ունեցվածքը, եկամուտները: 
Որպես անշարժ գույքի սեփականատեր՝ Շ. Պետրոսյանը նշել է միայն Կորյունի փողոցում ունեցած իր 65 քմ տարածքով բնակարանն ու Քոչարի փողոցում գտնվող 85 քմ տարածքով արվեստանոցը: Ունի “Պորշ Կայեն” մակնիշի ավտոմեքենա, եւ վերջ:
Շ. Պետրոսյանը խորհրդարանում “կողմ” քվեարկություններով ռեկորդակիր չէ, քանի որ հետ է մնում Մհեր Շահգելդյանից, Սամվել Նիկոյանից, Կարինե Պողոսյանից եւ էլի մի քանի պատգամավորներից: Բայց եւ այնպես, հասցրել է 155 անգամ “կողմ” քվեարկել: Եվ նրա համար միեւնույն է եղել, թե ինչ հարց է քննարկվում, ինչ օրինագիծ է բերվել: Կարեւորն այն է, որ քվեարկի ,կողմե եւ արժանանա իշխանությունների ուշադրությանը: “Դեմ” է քվեարկել ընդամենը 3 անգամ, 8 անգամ ներկա է եղել եւ չի քվեարկել, իսկ ահա 30 անգամ բացակայել է նիստերից: Սա արդեն “ցցուն” ցուցանիշ է: Ասենք, որ “դեմ” է քվեարկել “Այլընտրանքային ծառայության մասին” օրինագծին: Գուցե իսկապե՞ս չի կամեցել, որ այլընտրանքային ծառայություն ունենանք: Շ. Պետրոսյանը, ինչպես եւ ՀՀԿ-ականների մեծ մասը, դեմ է քվեարկել 1 անգամ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության հեղինակած “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագծին: Նա դեմ է քվեարկել նաեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին: Այստեղ էլ նրան պետք է հասկանալ. Շուշանի սիրասուն ամուսինը “փայլատակեց” մարտի 1-ին ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, եւ բնական է, որ նա պետք է թեւերը փռեր վերջինիս վրա: Մանավանդ որ, ՀՀ Սահմանադրության համաձայն, մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ ամուսնու կամ մերձավոր հարազատների դեմ: 
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 606 համար




Լրահոս