ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՆԻԾՎԱԾ ՀԱՏՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թերեւս այն եզակի երկրներից է, որտեղ ավտովթարները՝ հատկապես մահվան ելքով, տարեկան կտրվածքով ահռելի մեծ թիվ են կազմում: Իհարկե, պատճառները տարբեր կարող են լինել: Բայց հստակ է, որ վարորդները շատ հաճախ ոչ սթափ են ղեկին նստում, վարորդական իրավունքի վկայականները ստանում են շատ հեշտ՝ իրականում վարել չիմանալով (երբեմն գնում են այն), եւ ամենակարեւորը՝ ավտոճանապարհներին ՃԵ անհրաժեշտ ցուցանակները երբեմն բացակայում են: Ասել է, թե բոլոր դժբախտ դեպքերում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ունեն իրենց մեղքի բաժինը:
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրը (Ծովակ համայնքի մոտակայքում), կարելի է ասել, անիծված է: Վերջին 10 տարվա ընթացքում հենց այս հատվածում մոտ երկու տասնյակ մարդ է զոհվել ավտովթարի հետեւանքով: Սակայն ճանապարհային ոստիկանությունը տարիներ շարունակ անհաղորդ է իրավիճակին: Չկա որեւէ զգուշացնող ցուցանակ, որ այդ հատվածը, թեեւ հարթ, ուղիղ ճանապարհ է թվում, իրականում կտրուկ շրջապտույտ է, եւ պետք է կտրուկ արգելափակումներով շարունակել երթեւեկությունը: Հետաքրքիր է՝ քանի զոհ դեռ պետք է ունենանք այդ հատվածում, որ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն արթնանա նիրհից եւ ասֆալտի ու «գոլդ համարանիշների» բիզնես գործունեությունից զատ նաեւ ապահովի մարդկանց անվտանգ երթեւեկության համար հույժ անհրաժեշտ նախազգուշական ցուցանակները: Տարածքին անծանոթ մարդիկ, երբ մի փոքր արագությունը գերազանցում են, անհնար է դառնում ավտովթարից խուսափելը: Անցած տարվա ընթացում միայն 4 զինվորականներ են զոհվել այդ վայրում: Ու եթե արագաչափ դնելու իմաստը մեր երկրում ոչ թե փող շորթելն է, այլ վթարները կանխելը, ապա այդքան զոհերից հետո առաջնահերթ պետք էր հենց այդ հատվածում դնել նման սարքերը:
Մայիսի 1-ին նույն 27-րդ կմ-ի հատվածում 6 հոգի զոհվեց վթարի հետեւանքով: Այսօր 6-ին էլ հողին կհանձնեն: Աստված լուսավորի նրանց հոգիները:

 

 

 
Հայաստանում արդեն երկու ամիս է՝ գոծում է կոալիցիոն կառավարություն: Սակայն ՀՀԿ-ն նախկինի պես շարունակում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Սա այն դեպքում, երբ կոալիցիոն հուշագիրը, որը ստորագրվեց փետրվարի 24-ին եւ կոչվում է «Քաղաքացիական համագործակցության համաձայնագիր», ենթադրում է, որ ռազմավարական նշանակության հարցերի շուրջ կոալիցիա կազմած քաղաքական ուժերը պետք է միասնական դիրքորոշմամբ հանդես գան: «Ժողովուրդը»-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում այն փաստին, որ բոլոր որոշումները ՀՀԿ-ի ղեկավարությունն ինքնուրույն է կայացնում, երկրի կարեւորագույն խնդիրները քննարկում է ՀՀԿ նիստի ընթացքում, ինչին նա պատասխանեց. «Գիտեք, որ համագործակցությունը ենթադրում է նաեւ ունենալ համադրող մարմին, որը պետք է պարբերաբար խորհրդակցություններ իրականացնի: Այդ նիստը դեռ չի կայացել. կկայանա մոտ ժամանակներս, եւ կողմերի տեսակետները համադրելու խնդիրն ավելի պաշտոնական կառաջանա այդ նիստի ժամանակ»:

 

 

 
Վերջին օրերին Երեւանի եւ տարբեր մարզերի բնակիչներին զանգահարում են զինկոմիսարիատի աշխատակիցները եւ ճշտում, թե արդյոք նրանք չեն ցանկանում կամավոր հիմունքներով մեկնել սահման: Քառօրյա պատերազմի առաջին օրերին սահման մեկնելու պատրաստ մեծ թվով կամավորականների հոսքից հետո, թվում էր, թե ՀՀ զինված ուժերը այլեւս համալրման կարիք չունեն: Սակայն իրականում կամավորականների կեսն Արցախ էր գնացել ընդամենը նկարվելու համար եւ մի քանի օրից վերադարձել է տուն: Մյուս կեսի մի զգալի մասն էլ օրերս է վերադարձել տուն, քանի որ այլեւս չեն կարողացել իրենց ընտանիքներն առանց ապրուստի թողնել: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մեկ լուծում ունի. ՀՀ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ հատկացնի ՊՆ-ին, որպեսզի այդ կառույցը սահման գնալ ցանկացող կամավորականներին ՀՀ ԶՈՒ կազմում ներգրավի՝ որպես պայմանագրային զինծառայողների: Ամսական մեկ միլիարդ դրամը լիարժեք բավարար է այս խնդիրն ամբողջությամբ լուծելու համար: Միայն պաթոսով ընտանիքները չեն կերակրվում:

 

 

 
ՀՀ գիտությունների ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրինությունը, իրենց աշխատակիցների թիվը հավելագրելով, պետբյուջեից հավելյալ գումարներ է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս իստիտուտում իրականում աշխատում է 35-ից առավելագույնը 40 հոգի: Սակայն նշված հիմնարկությունից «Ժողովուրդ»-ին տված պարզաբանման համաձայն՝ իրենք ունեն 63 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 127 հազար դրամ: Մինչդեռ մեզ հաջողվեց նույն Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հաշվապահության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչությանը ներկայացրած հաշվետվության պատճեն ունենալ՝ համաձայն որի, այս հիմնարկությունը մարտ ամսին 80 աշխատակցի է աշխատավարձ վճարել: Նկատենք, որ իրականում գոյություն չունեցող աշխատակիցների թվի հավելագրման շնորհիվ վերը նշված ինստիտուտին պետբյուջեից հատկացվող միջոցները ամսական մոտ 4 միլիոն դրամով ավելին են, քան պետք է լինեին: Ու դեռ ասում ենք՝ գիտության ոլորտում ֆինանսավորում չունենք: Գուցե ճի՞շտ չի բաշխվում այն:

 

 

 
ՈՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
Այսօրվա նիստում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Դատելով որոշակի ազդակներից` ՀՀ իշխանությունները պատրաստվում են այս գործընթացը հասցնել մինչեւ Ազգային ժողովի լիագումար նիստ` փորձելով այս, ըստ էության, վերջին խաղաքարտը միջազգային քաղաքական կենտրոնների հետ բանակցությունների ընթացքում մինչեւ վերջ խաղարկել:
Եվ այստեղ ողջ հարցն այն է, թե ինչ է լինելու, եթե այդ խաղարկումը ցանկալի արդյունքը չտա, եւ Հայաստանի իշխանություններն արդեն ստիպված լինեն ավարտին հասցնել իրենց սկսած այս գործընթացը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հիշենք, որ ապրիլյան սրացումներից հետո Սերժ Սարգսյանը նման հեռանկարի մասին խոսեց ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ` զգուշացնելով, սակայն, որ Հայաստանը կգնա նման քայլի, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի: Առայժմ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն իրականացվել, թեեւ Արցախի ՊՆ-ն նախօրեին հայտարարեց սահմանագծին ադրբեջանական զինուժի մեծ կուտակումների եւ զորքերի ակտիվ տեղաշարժի մասին: Սակայն, այդուհանդերձ, լայնամասշտաբ պատերազմ, որի սկսման դեպքում ըստ Սերժ Սարգսյանի, պիտի ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը, առայժմ չկա, եւ ուրմեն ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է այլ կերպ ընկալվել, քան եթե դա տեղի ունենար հենց պատերազմական գործողությունների ընթացքում եւ պարտադրանքով:
Ըստ ամենայնի, Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ այս նախագծի քննարկման գործընթացը պատերազմական գործողություններից առաջ սկսելով ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել Ադրբեջանի՝ նման մտադրությունները` հստակ վերջնագրային ուղերձ հղելով ինչպես մեր հակառակորդ երկրին, այնպես էլ ԵԱՀԿ միջնորդներին: Խնդիրն այն է, թե արդյոք այդ ուղերձը հենց այս պահին կտա ցանկալի արդյունքը: Ի վերջո, ԼՂՀ անկախության ճանաչումը, կարելի է ասել, մեր վերջին փամփուշտն է, ուստի այն օգտագործելուց առաջ պետք է երկար մտածել եւ դա անել ճիշտ ժամանակին: Հակառակ դեպքում կարող ենք հայտնվել վերջին փամփուշտը սեփական քունքին պարպողի կարգավիճակում:




Լրահոս