«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալների հարազատներ եւ խնդրում էին օգնել բանտարկյալներին: Բանն այն է, որ ՔԿՀ-ում հերթական ստուգումները, կամ այսպես ասած՝ «շմոն» է կատարվել, ինչի արդյունքում դադարեցվել են ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթական նմանօրինակ դեպքն էր արձանագրվել: Գրել էինք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը որոշել էր ստուգումներ իրականացնել, ինչն էլ դատապարտյալների դժգության առիթ էր դարձել: Մոտ 30 դիմակավորված անձինք մուտք էին գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հայտարարելով, թե ստուգումներ պետք է իրականացնեն: Ոմանք հաստատել էին, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն: Որոշ ազատազրկվածներ էլ պատմել էին դիմակավոր անձանց մասին՝ պնդելով, թե իրենք, ի նշան բողոքի, այրել են սրբիչներ եւ դուրս են նետել:
Նշենք, որ ՀՀ իրավապահ համակարգի կողմից քրեակատարողական հիմնարկում վերոնշյալ ստուգումները պայմանավորված էին եղել նաեւ այն հանգամանքով, որ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել են իրավապահներին՝ հայտնելով, թե բանտարկյալներն իրենց վաճառքի հանած գույքը հափշտակել են:
Իսկ ի՞նչ էր կատարվել երեկ: «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմեցին, որ բանտարկյալներին իրենք դրսից ուղարկված ուտելիք, ծխախոտ ու այլ իրեր են ուղարկում, եւ այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները»:
Եւ որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ասվածը նկարագրենք դատապարտյալների բառերով. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կամ, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սնունդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս քցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»:
Ասել է թե՝ դատախազությունը ինֆորմացիա է ստացել, որ հաճախ արգելված սնունդ է մտնում կալանավայր, դրա համար որոշել է հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը ստուգումների ընթացքի մասին պատմող լսանյութ ունի, որի մանրամասները հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին, ինչին ի պատասխան՝ վերջինս, մեղմացնելով իրավիճակը, հայտնեց, թե պլանային ստուգումներ են, արտառոց որեւէ բան չկա. «Ինչպես նաեւ հայտնեմ, որ քրեական գործի շրջանակներում համապատասխան քննչական գործողություններ են իրականացվել»:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդ»-ին այս գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել, եւ աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել եւ գործարք իրականացրել նրանց հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՀԿ ՊԵՏՆ ՈՒ ԻՐ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: ԴԱՀԿ նախկին պետի հարցով հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է քննվում:
Ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ՀՔԾ՝ ուսումնասիրելու համար: Եվ երեկ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց:
Պարզվում է՝ ոչ միայն ԴԱՀԿ նախկին պետի, այլ նաեւ նրա թիկնապահների գլխին են սեւ ամպեր կուտակվել: Բանն այն է, որ ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, թե այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները: Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել էր, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի թիկնապահների կողմից օդանավակայանի աշխատակցին ծեծի ենթարկելու միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Եվ, ահա, երեկ ոստիկանությունից հայտնեցին, որ այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Այսպիսով՝ ստացվում է, որ ԴԱՀԿ պետի եւ նրա շրջապատի հարցով հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է քննվում, իսկ թե ինչ է սպասվում ԴԱՀԿ նախկին պետին եւ նրա թիկնապահներին, ցույց կտա ժամանակը:
Այսօր պետք է միայն արձանագրել, որ Միհրան Պողոսյանն ինչ-որ հարցում ոչ ճիշտ պահվածք է որդեգրել Սերժ Սարգսյանի մոտ, ինչին հետեւեց նրան հրաժարականի դիմում պարտադրելը, որը նա արեց առավել մեծ սխալներով՝ տրվելով լիրիկական զեղումների՝ Ալիեւի մասին մեջբերումներով, եւ հիմա քաղում է իր իսկ սխալների պտուղները:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 82 միլիմետրանոց ականանետեր:

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել եւ փակել միջպետական ավտոճանապարհը: Պատճառն այն է, որ գյուղացիները չեն կարողանում արտահանել իրենց բուծած խեցգետինը, ինչպես իրենք են մեկնաբանում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ստեղծած մենաշնորհի պատճառով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեկնել է Նորատուս, որտեղ խնդիրը քննարկել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Դրանից հետո ճանապարհը բացվել է: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը, անդրադառնալով նորատուսցիների պնդմանը, թե Հովիկ Աբրահամյանի ընտանիքն է միայն զբաղվում խեցգետնի արտահանմամբ, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Մայիսի 3-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, նոր ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված քաղաքական զարգացումները, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի եւ իշխանությունների միջեւ կոնսենսուսի ձեւավորման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

 

 

ՈՂՋՈՒՆԵԼԻ ՔԱՅԼ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 հազարական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաեւ ոչ մարտական զոհերի եւ զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Բացի այդ՝ ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաեւ միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկած «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական եւ հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի եւ «Տաշիր գրուպի» սեփականատերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:




Լրահոս