ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարի ստուգումներ է իրականացրել նաեւ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետական եւ մարզային կենտրոն ՓԲԸ-ներում: ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությունը հիմնականում ձեւական բնույթ է կրել:
Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով 1999 թվականից ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ), իսկ Երեւանում` մեկ հանրապետական կենտրոն: ՎՊ կողմից ստուգումներ իրականացնելու ժամանակաշրջանում ԳԱՄԿ-ների ֆինանսավորումը կազմել է 500 մլն 143 հազար դրամ, որից ավելի քան 415 մլն դրամը ՀՀ պետական բյուջեի միջոցներից է, իսկ 85 մլն 107 հազար 500 դրամը՝ սեփական գործունեության եկամուտներից:
Նշենք, որ ԳԱՄԿ-ների նպատակն է մարզերի ագրոպարենային համալիրի ձեռնարկություններին, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, տնտեսավարող սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական, մարքեթինգային ծառայություններ մատուցելը եւ արտադրության արդյունավետ կազմակերպման գիտական նորույթների, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ գործնական աջակցություն ցուցաբերելը:
Սակայն ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԳԱՄԿ-ները վերոնշյալ գործառույթները անցած տարի այդպես էլ չեն իրականացրել: Ավելին՝ ֆինանսավորվելով պետբյուջեից՝ ոչ միայն վատնել են ամբողջ գումարը, այլեւ թույլ տվել կոպիտ սխալներ:
Այսպես՝ գյուղատնտեսության աջակցության 10 մարզային կենտրոններում 2014 թվականի եւ 2015 թվականի առաջին եռամսյակում կազմակերպվել է 1356 սեմինար, որից ՎՊ-ն ստուգել է 383-ը: Արդյունքում պարզվել է, որ հաշվետվությունները հիմնականում կրել են ձեւական բնույթ:
Բանն այն է, որ խորհրդատուի կողմից կազմակերպված սեմինարներին միեւնույն մասնակցի ստորագրությունները տարբեր ամիսների հաշվետվություններում էականորեն տարբերվում են: Հաճախ գյուղացին տեղյակ չի եղել եւ չի մասնակցել սեմինարին, բայց ՎՊ-ն արձանագրել է, որ նրա անունը լրացված եւ ստորագրված է: ՎՊ ստուգմամբ պարզվել է նաեւ, որ ԳԱՄԿ-ները հրաշքներ են գործել, եւ իրենց կողմից կազմակերպված սեմինարիներին մահացած մարդիկ էլ են մասնակցել: Օրինակ՝ մեկ դեպքով արձանագրվել է, որ մարդը մահացել է դեռեւս 2013 թվականի դեկտեմբերին, սակայն խորհրդատուի կողմից համայնքում 2015 թվականի մարտին կազմակերպված սեմինարին հաշվետվությանը կից ցուցակով ներկայացվել է որպես մասնակից, նույնիսկ առկա է եղել ստորագրություն:
Եւս մեկ զավեշտալի բացահայտում. տնօրենների հրամանով 15 խորհրդատու (Արմավիրում՝ 6, Գեղարքունիքում՝ 2, Շիրակում՝ 2, Արագածոտնում՝ 5) գտնվել են արձակուրդում, սակայն այդ ընթացքում, ըստ իրենց կողմից ներկայացված հաշվետվությունների, անցկացրել են նաեւ սեմինարներ:
Իսկ ընտրված թեմաները 2014-2015 թվականների աշխատանքային ծրագրերում անհասկանալի, հաճախ ոչ տրամաբանական, կրկնվող են եղել: Գյուղերում ամեն տարի նույն թեմայով, գրեթե նույն մասնակիցներով անցկացվել են սեմինարներ:
Բացի այս, որոշ խորհրդատուների մասնագիտական որակավորումը չի համապատասխանել գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագրով նախատեսված պահանջներին:
Օրինակ՝ խորհրդատուները, ունենալով մանկավարժի, ինժեների, դեղագործի, տնտեսագետի երկրաբանի, որակավորում կամ ընդհանրապես չունենալով որակավորում՝ խորհրդատվական ծառայություններ են մատուցել ագրոնոմիական, անասնաբուծության կամ անասնաբուժության թեմաներով: Ի դեպ, խորհրդատուների թվում է եղել նաեւ 5-րդ կուրսից հեռացված ուսանող: Իսկ Շիրակի մարզը սպասարկող թվով 10 խորհրդատուից 6-ի տարիքն անցնում է 65-ը, դեռ ավելին՝ նրանցից մեկը 78 տարեկան է, իսկ մյուսը` 79, Լոռու մարզում երեք խորհրդատուի տարիքն անցնում է 65-ը, նրանցից մեկը 71 տարեկան է: Մինչդեռ նրանք սպասարկում են յուրաքանչյուրը 7-10 համայնք:
ԳԱՄԿ-ների սեփական եկամուտների մոտ 15 տոկոսը ձեւավորվել է թերթերի իրացումից, 20 տոկոսը` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումից, իսկ մնացած մեծ մասը ձեւավորվել է տարբեր կազմակերպությունների պատվերով տրված խորհրդատվական ծառայություններից: Առավել ռիսկային են համարվել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից որոշ ընկերություններին հանձնված մեկական «Բելառուս» մակնիշի տրակտորներով եւ կցված գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով մատուցվող ծառայությունները (հունձ, վար, ցանք, սրսկում, հակավորում):
Իսկ, ահա, մարզերից 4-ում՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Գեղարքունիքում, տրակտորների վրա առկա աշխատանքային ժամերն արձանագրող էլեկտրոնային ցուցիչից պարզ է դարձել, որ ընկերությունների բյուջե կարող էր մուտքագրվել ավելի շատ եկամուտ, քան փաստացի ապահովվել է: Այս թեմայի շուրջ գյուղացիները հայտնել են, որ ծառայությունների մատուցման պայմանագրերը հիմնականում կրել են ձեւական բնույթ եւ չեն համապատասխանել իրականությանը: Իսկ գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցման որոշ վճարներ չեն հաշվառվել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի (լուսանկարում) հետ, ով հայտնեց, որ սեմինարների ֆինանսավորումը կախված չէ մասնակիցների քանակից: «Այսինքն՝ խորհրդատուն կեղծարարություններ անելու խնդիր չունի: Բացի այս՝ սեմինարներին մասնակցած մարդկանց ստորագրելու պահանջ չկա: Իսկ սեմինարին «մասնակցած« մահացած մարդու ստորագրության հետ կապված կարող եմ ասել, որ դա եղել է Սյունիքի մարզում. սեմինարի մասնակիցներից մեկը գրել է իր մահացած հարազատի անունը: Սակայն նկատենք, որ խորհրդատուն անձնագիր չի պահանջում: Քանի որ սեմինարի ընթացքում անձնագիր պահանջելը անհարմար դրության մեջ կգցի մասնակցին: Այս դեպքը դարձնել մատի փաթաթան եւ ամբողջ համակարգի վրա ստվեր նետել, կարծում եմ, արդյունավետ չէ»,- ներկայացրեց փոխնախարարը: Ինչ վերաբերում է խորհրդատուների ոչ մասնագետ եւ տարեց լինելուն, ըստ փոխնախարարի` երիտասարդներին խորհրդատուի աշխատանքը չի հետաքրքրում ցածր աշխատավարձի պատճառով: Նշենք, որ խորհրդատուի աշխատավարձը կազմում է 75 հազար դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ
Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, երեկ տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք:
Հիշեցնենք, որ պատահարի հետեւանքով 2014թ. ծնված ուղեւորի մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով: Երեխան ստացել էր նաեւ գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ ժամը 22.42-ին, Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին՝ Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարի արդյունքում մահացել էր 6 հոգի:
120.595.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ «ԴՎԻՆ»-ԻՆ
Կառավարության՝ մայիսի 5-ի նիստում հավանություն կտրվի «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Համաձայն այդ ծրագրի` նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչեւ 2019թ: «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցային համալիրը ներառելու է նաեւ այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»): Այն իրենից կներկայացնի բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի վերեւի հարկում ծրագրված է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ եւ վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի:
«Դվին»-ի վերակառուցման ծրագրի ներդրողն է հանդիսանում «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը, իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Ընկերությունը ««Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է:
Ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար:
ՀՆԱՐԱՎՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՄՆ-ՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է հնարավոր ահաբեկչությունների հետ կապված անվտանգության միջոցառումների ուժգնացման եւ զգոնության անհրաժեշտության մասին: «Մենք պետք է պահպանենք զգոնությունը, միջոցներ ձեռնարկենք հուսալի պաշտպանության ապահովման համար, որոնք կդժվարացնեն հարձակումների անցկացումը, ինչպիսին եղավ 2001թ. սեպտեմբերի 11-ին»,-ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ներկա պահին «Իսլամական պետության» կողմից պահպանվում է ահաբեկչության սպառնալիքը, ինչպիսին տեղի ունեցան Փարիզում եւ Բրյուսելում: Նա նաեւ բարձր է գնահատել ամերիկյան կառավարական կառույցների՝ ահաբեկչական հարձակումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:
ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանական APA գործակալության տեղեկություններով՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Զաքաթալայի շրջանում հատուկ օպերացիա է անցկացնում: Գործակալությունը հաղորդում է, որ օպերացիան կապված է մի քանի օր առաջ Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետ, ինչի հետեւանքով ոստիկանության տեսուչ Ռովշան Բալիեւը վնասվածքներ էր ստացել: Ենթադրվում է, որ ինքնաշեն նռնակ է պայթել:
APA-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք իբրեւ թե վահաբիտական հոսանքին են հարում: Նախօրեին հաղորդվել էր, որ տվյալ շրջանում բազմիցս հարձակումներ են իրականացվել ոստիկանության ու իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նշենք, որ Զաքաթալայի շրջանը բնակեցված է մեծամասամբ լեզգիներով, ավարներով:
ԿՈՉ ՍԻՐԻԱՅԻՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել Սիրիայում պահպանել հրադադարը, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ Քերին հայտարարել էր, թե սիրիական հակամարտությունը որոշ առումներով դուրս է եկել վերահսկողությունից:
Ժնեւում արաբ դիվանագետների ու ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Քերին հայտարարել է, թե առաջընթաց է գրանցվել Հալեպում ռազմական գործողությունների դադարեցման պլանի վրա կատարվող աշխատանքներում, սակայն դրա հաջողության երաշխիքներ չկան:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրում Սիրիայում հակամարտող կողմերը բազմիցս խախտել են զինադադարի մասին համաձայնագիրը: 9 օրում Հալեպում սպանվել է 250 մարդ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան, որը մասնակցել է Ժնեւի հանդիպումներին, պետք է այսօր ժամանի Մոսկվա՝ բանակցությունների նպատակով: