2013 թվականին Գյումրին դարձել էր տարածաշրջանի թատերական մայրաքաղաք` «Դուետ» միջազգային փառատոնի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող թատերական տոնի կազմակերպիչը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր: Ի սկզբանե նախատեսված էր փառատոնը կազմակերպել երկու տարին մեկ անգամ: Այն, սակայն, շարունակականություն չունեցավ: Օրերս էլ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միության 16-րդ համագումարի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել փառատոնի ճակատագրի վերաբերյալ. «Ես շատ եմ ափսոսում, որ ինչ-ինչ պատճառներով դադարեց գործել Գյումրիում կազմակերպվող «Դուետ» փառատոնը: Օգտագործելով այս առիթը՝ ես ուզում եմ դիմել Գյումրու քաղաքապետին, որպեսզի արվի ամեն բան՝ այն վերականգնելու համար»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Դուետ»-ի դադարեցման պատճառները: Գյումրու դրամատիկական թատրոնի պրոդյուսեր, փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը հավաստիացրեց, որ փառատոնը ոչ թե դադարեցրել է աշխատանքները, այլ պարզապես ընդմիջում է վերցրել: «Նախորդ տարի փառատոնի կազմակերպման գործընթացը համընկավ Գյումրու դրամատիկական թատրոնի 150-ամյակի հետ, եւ թատրոնը նպատակահարմար գտավ իր ֆինանսական հնարավորությունները եւ մշակույթի նախարարության աջակցությունը, ինչպես նաեւ ստեղծագործական ռեսուրսներն ուղղել հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելուն: Թատրոնը միաժամանակ երկու բարդ ծրագիր ի կատար ածելու հնարավորություն չուներ, հատկապես, որ այդ ընթացքում ներկայացումների պրեմիերաներ էին տեղի ունենում, կառույցն իր բնականոն ռիթմից չշեղվելու խնդիր ուներ: Այդպիսով` մեկ տարի բաց թողեցինք»,- մեկնաբանեց նա` վստահություն հայտնելով, որ այս տարի փառատոնը կյանքի կոչելու հնարավորություն կընձեռվի, հատկապես, որ Գյումրին հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք: Պրոդյուսերի խոսքով` նույնիսկ քննարկվում է «Դուետը» երիտասարդական փառատոն կոչելու հարցը: «Մշակույթի նախարարին ուղղված համապատասխան գրությունը գրված է, վերջինս եւ թատրոնի գլխավոր ռեժիսորը հանդիպել են, կատարել են նախնական քննարկումներ, համապատասխան գրություն ենք պատրաստել նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար»,- տեղեկացրեց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որեւէ կերպ աջակցել է փառատոնի կայացմանը կամ պատրաստվում է սատարել` այն շարունակական դարձնելու համար, Տ. Վիրաբյանը պատասխանեց. «Քաղաքապետը 2013-ին ներկա է եղել փառատոնի բացման արարողությանը եւ խոստացել է, որ կաջակցի փառատոնի հաջորդ բեմելին»:
Նույն վստահությունը, սակայն, չուներ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, այժմյան գեղարվեստական խորհրդատու, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նա նախ շեշտեց, որ փառատոնը մեծ ազդեցություն է ունեցել հանդիսատեսին թատրոնի հետ կապելու գործում: «Մենք ներկայացումները հեռուստատեսությամբ անալիզի էինք ենթարկում, մեկնաբանություններ էինք թողնում, հայտնի մարդիկ էին խոսում, կարծիք հայտնում, հանդիսատեսը վազում էր հեռուստացույցի մոտ, որ իմանար` ինչ են խոսել իրենց դիտած ներկայացման մասին»,- նշեց նա:
Բեմադրիչը պատմեց, որ նախորդ տարի ինքը փառատոնը կազմակերպելու հարցով դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. «Ասաց` խառը տարի է, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով ենք զբաղված, հասկացա, որ փող չկար, բացի այդ` զբաղվածությունը մեծ էր: Նախարարը խոսք տվեց, որ այս տարի այդ հարցը կլուծվի, բայց նորություն, ձեն-ձուն չկա: Մենք այս թեմայով առաջարկությունն ուղարկել ենք իրեն, դեռ պատասխան չունենք, պետք է գնամ նախարարի մոտ, անպայման իմանամ, թե ինչու է դադարեցվել այս հիանալի նախաձեռնությունը, ինչու է խնդիրն անուշադրության մատնվել»,- տեղեկացրեց նա:
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետից ունեցած սպասելիքներին, Ն. Ծատուրյանը նկատեց. «Եթե նախարարն ինչ-որ ձեւով աջակցի, նրանք էլ ինչ-որ բան կավելացնեն, երեւի: Ես այդպես եմ կարծում: Ամբողջ փողը նրանք տվողը չեն (նկատի ունի` քաղաքապետարանը-հեղ.), դա բավական մեծ գումար է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ փառատոնի շրջանակում արտերկրից տարբեր հյուրեր ենք ունենում, որոնց պետք է տեղավորել հյուրանոցներում, սննդի հարցը լուծել, այս ամենը թանկ է նստում մեզ վրա»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ փառատոնի ընդհանուր բյուջեն 11. 600. 000 դրամ էր, որից 5 միլիոն դրամը փառատոնին հատկացվել էր կառավարության պահուստային ֆոնդից, մնացածը վճարել էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, քանի որ փառատոնը «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքից էր:
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ՆՈՐ «ՍԻՐԱՅԻՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ»
Թատերական աշխարհի քիչ ներկայացուցիչներ են կարողանում համատեղել իրենց կարիերան անձնական կյանքի հետ: Այդ առումով Հ. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Նարինե Պետրոսյանը հաջողված օրինակ է: Նա նույնիսկ ամիսներ առաջ երրորդ դստեր ծնունդից հետո չխախտեց իր կապը բեմի հետ: Այժմ Նարինեն պատրաստվում է հանդես գալ երկու նոր ներկայացումներում` մեկը` բեմադրված ֆրանսիական կոմեդիայի, մյուսը` ռուսական դասական գործի հիման վրա:
«Իրավիճակային կոմեդիայում ընդգրկված են նաեւ հայտնի դերասաններ Հրաչյա Հարությունյանը, Գոհար Իգիթյանը, Արտաշես Մխիթարյանը: Կերպարները հայտնվում են սիրային հորձանուտում: Այս գործում արծարծվում է սիրային թեմա` տարիքային տարբերությունների կոնտեքստում: Իսկ ռուսական ստեղծագործությունը Ֆ. Դոստոեւսկու գործերից է, որի շրջանակում եւս հանդես են գալիս մեր թատրոնի երիտասարդ եւ ավագ սերնդի վաստակավոր դերասաններ: Սա, արդեն, դասական ժանրի ստեղծագործություն է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մանրամասնեց Նարինեն:
Մեր այն հարցին, թե արդյոք իր դուստրերը գնում են թատրոն, դիտում են մայրիկի ներկայացումները, դերասանուհին պատասխանեց. «Այո, գալիս են: Նրանց հատկապես գրավում են իմ մարմնավորած միջնադարյան կերպարները, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցիկ հանդերձանքով: Աղջիկներս շատ են սիրում նաեւ հարուստ ռեկվիզիտով ներկայացումներ: Նրանց հիացնում են բեմի շքեղ դեկորացիաները. հաճախ ներկայացումից հետո գալիս, պառկում են, օրինակ, բեմի զարդարված անկողնու վրա: Նրանց ձգում է այն, ինչ չեն կարող տեսնել առօրյայում (ծիծաղում է)»:
Նարինեն, վերադառնալով ստեղծագործական կյանքի նորություններին, տեղեկացրեց, որ նկարահանվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում` մարմնավորելով ադրբեջանուհու. «Ֆիլմի հիմքում ընկած է մարդասիրության գաղափարը: Կարծում եմ` դրա վերաբերյալ հետաքրքիր արձագանքներ կլինեն: Ուրախ եմ, որ ես էլ ունեցել եմ իմ փոքրիկ դերակատարումը: Ասեմ, որ մեզ հետ ադրբեջաներենի գերազանց իմացությամբ մասնագետ էր աշխատում եւ փորձում էր մեր խոսքը հնարավորինս մոտեցնել ադրբեջաներենին»,-եզրափակեց նա:
Նշենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը ներկայացնող լիամետրաժ «Վերջին բնակիչը» ֆիլմն այս տարի կհանձնվի հանդիսատեսի դատին: Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում անցյալ տարի ավարտվել են ֆիլմի նկարահանումները: Ֆիլմն ընդգրկում է սումգայիթյան ջարդերի ժամանակաշրջանը: Բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի մարդու մասին է, ով չի հանձնվում, պայքարում է մինչեւ վերջ եւ դառնում գյուղի վերջին բնակիչը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԻՎԵՏԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի առաջին փորձը Շվեդիայի «Էրիքսոն Գլոբ» արենայում հիացրել է ներկաներին: ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկությամբ Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը՝ հավաքելով 92 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւն է: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքէջից։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»¬ը կկայանա մայիսի 10¬ին, 12¬ին եւ 14¬ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 1¬ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
ԲԼԱՆՇԵԹԸ` ԴԵՍՊԱՆ
Ավստրալական թատրոնի եւ կինոյի օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշեթը դարձել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության բարի կամքի դեսպանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Բլանշեթը նշել է, որ հպարտ է ստանձնել այդ պարտականությունը. «Երբեք չի եղել ավելի կարեւոր պահ՝ փախստականների հետ համերաշխություն ցուցաբերելու համար: Մենք ապրում ենք աննախադեպ ճգնաժամի ժամանակաշրջանում, եւ պատասխանատվությունը բոլորինս է: Մենք ասես ճամփաբաժանի վրա ենք՝ կարող ենք գնալ կարեկցանքի ուղով, կամ ընտրել անհանդուրժողականության ճանապարհը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպան է նաեւ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՊԱՀԱՆՋ
Հանրահայտ «Սառած սիրտը» (Frozen) մուլտֆիլմի երկրպագուները թվիթերյան արշավ են սկսել, որի շրջանակում կոչ են արել Disney ընկերությանը մուլտֆիլմի շարունակության մեջ գլխավոր հերոսուհի Էլզայի համար ընկերուհի գտնել ու նրան որպես լեսբուհի ներկայացնել։
Ինչպես նշում է Tert.am-ը` հղում անելով The Guardian-ին, տվյալ առաջարկին Twitter սոցկայքում հավանություն է տվել 1.500-ից ավել օգտատեր։
Հայտնի է, որ քաջ արքայադուստր Էլզայի նոր արկածների մասին պատմող «Սառած սիրտը-2» մուլտֆիլմի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են։