ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ «ՔԱՂԱՔԱՅԻՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՄՆԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել: Այն կոչվում է «Գյումրեցու ոգի»: Երեկ նույնիսկ տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Սակայն ուշագրավն այն է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրները պնդում են, թե իրենք ոչ մեկի հետ կապ չունեն: Այսպես՝ «Գյումրեցի ոգի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիրակ Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե արդյոք կայացել է իրենց հիմնադիր համագումարը, ինչու են որոշել նոր կուսակցություն ստեղծել, ինչ կապ ունի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող երեք անձանցից` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս նախ ասել է, որ համագումարը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 4-ին, դրա ընթացքում հաստատել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության 13 անդամների ընտրություն է տեղի ունեցել: Այնուհետեւ վարչությունն իր անդրանիկ նիստն է գումարել, եւ վարչության նախագահ է ընտրվել Սահակ Սարադյանը: «Քաղաքական ոլորտի մեջ հեղինակություններ, հայտնի մարդիկ չկան: Կուսակցության մեջ որեւիցե նշում չկա ո՛չ Բալասանյանի, ո՛չ Գրիգորյանի, ո՛չ Ղուկասյանի մասին: Եթե նրանց անունները չկան, ուրեմն մենք հերքում ենք նրանց հետ որեւիցե կապը»,- «Ժողովուրդ»-ին ասել է Սիրակ Եղիազարյանը: Վերջինս մի պահ մոռացել է հավանաբար, որ իրենց կուսակցության վարչության նախագահը՝ Սահակ Սարադյանը, Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկն է, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը: Բայց, դե, մարդն ասում է, որ կապ չունեն…
Հիշեցնենք, որ նոր ընդունված ՀՀ Սահմանադրությամբ համայնքի ղեկավարները եւս այսուհետ պետք է կուսակցության համամասնական ընտրացուցակներով ընտրվեն: Եւ ինչպես երեւում է՝ Սամվել Բալասանյանը չի ցանկանում ՀՀԿ անդամ դառնալ: Նախկին ՕԵԿ, հետո ԲՀԿ, հիմա էլ ՀՀԿ, սիրուն չի ստացվի:

 

 
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշտապես համարվել է լրագրողների «սիրելին», քանի որ նրա արտահայտություններից շատերը թեւավոր խոսքեր են դարձել, մյուս կողմից էլ նա այն գործիչներից է, որ պատրաստակամ պատասխանում է լրագրողների հարցերին, երկար նախադասություններ է արտաբերում, բայց լրագրողները եւ վերջիններիս մատուցմամբ նաեւ ողջ հանրությունն այդպես էլ չեն կարողանում կռահել, թե Գալուստ Գրիգորիչն այս անգամ ինչ է ցանկացել ասել: Օրինակ՝ երեկ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ըստ իրեն՝ ինչու մեր զինված ուժերը հարձակում չեն սկսում նույնիսկ այն պայմաններում, որ գրեթե ամեն օր սահմանին զոհ ենք ունենում: ԱԺ նախագահը, կարելի է ասել, ինքն իրեն գերազանցել է: Նա բառացի ասել է. «Քաղաքականության մեջ այդպես ուղիղ դատողություն գոյություն ունի: Քանի որ Ադրբեջանն այդպես է վերաբերվում, մենք անպայման պիտի հարձակվենք: Մենք, ընդամենը լսելով միջազգային հանրությանը, կողմնակից ենք դրսեւորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

 

 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել այդ հանդիպումից: Որոշ պատգամավորներ պարզապես քծնել են նախարարին: Օրինակ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, դիմելով ՊՆ Սեյրան Օհանյանին, ասել է՝ թույլ տվեք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում: Ինչպես երեւում է՝ պատգամավորները չեն գիտակցում, որ սպարապետ կոչվելու համար մարդը պետք է իր կյանքով վաստակի այդ տիտղոսի իրավունքը: ՀՀԿ-ականներին թվում է, որ ընտրությունները կեղծելով, առանց պատգամավոր ընտրվելու իրենք իրենց մանդատներ բաժանելով, երբ պատգամավոր են կոչվում, կարող են շրջապատին «սպարապետ» կամ «զորավար» դարձնել: Սթափվե՛ք:

 

 

 
Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել է «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին եւ նրա աշխատակցին: Նրանք մեղադրվում են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ: Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական բախումն է սկսվել: Բանն այն է, որ դեպքը բացահայտել է ոստիկանությունը եւ ամբողջական փաթեթով այն տրամադրել է ՀՀ քննչական կոմիտեին, որն էլ երեկ սկսել է քննել քրեական գործը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործը պահանջել է հանձնել իրեն: Նա կորոշի՝ ում վստահել այս գործի քննությունը: Իսկ այս պատմությունը կարող է հեռու գնացող զարգացումներ ունենալ: Ըստ լուրերի՝ ձերբակալված տնօրենը խոստացել է թվարկել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնց հետ համագործակցել է, եւ որոնք իրեն ուղղորդել են: Այլ կերպ ասած՝ այս գործը կարող է ներիշխանական լուրջ աղմուկի առիթ դառնալ:

 

 

 
ՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՐԴՈՐ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին` անդրադարձել է նաեւ պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատմանը` ասելով. «Այդ պաշտոնանկությունները պահի հետ, անկասկած կապ ունեն եւ միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն եւ ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն: Քրեական պատասխանատվության նրանք չեն ենթարկվի, որովհետեւ նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելի չէ»:
Թե ինչ է նշանակում «պահի հետ կապված» ՊՆ երեք կարեւորագույն ոլորտների պատասխանատուների պաշտոնանկությունը, դժվար է ասել: Ի վերջո, բանակի երեք առանցքային օղակների` հետախուզության, սպառազինության եւ կապի հարցերը «պահի տակ» լուծվող չեն, եւ եթե այդտեղ եղել են լուրջ թերացումներ, ապա դրանք, հաստատ, կապված են ոչ թե պահի, այլ տեւական ժամանակ իրականացված գործունեության հետ, որի վերահսկողության հարցում ՊՆ առաջին դեմքերը թերացել են:
Սեյրան Օհանյանը, սակայն, երեկ խորհուրդ տվեց քննադատելու փոխարեն փառաբանել մեր հերոսներին. «Խորհուրդ կտայի փառաբանել այն հերոսներին, ովքեր նույնիսկ իրենց կյանքի գնով հերոսացել են, ովքեր բարձր են պահել մեր ազգի արժանապատվությունը»: Նախօրեին էլ բառացիորեն նույն կոչով հանդես եկավ նրա խոսնակը` Արծրուն Հովհաննիսյանը: Հատուկ ՊՆ պաշտոնյաների համար ուզում ենք նշել, որ հերոսները մեր բոլորիս հպարտությունն են, եւ այս օրերին թե՛ զոհված, թե՛ կենդանի մեր քաջերը գտնվում են ողջ լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում, իսկ նրանց սխրանքների մասին պատմությունները մեր յուրաքանչյուր օրվա լրահոսի կարեւորագույն տեղն են զբաղեցնում: Եվ պետք չէ սեփական թերացումների մասին բարձրաձայնումներից խուսափելու նպատակով թաքնվել մեր հերոսների հետեւում: Ի վերջո, մեր հերոսներն ու նրանց հարազատները, բացի լրագրողների կողմից փառաբանվելուց, այսօր կարիք ունեն պետական հոգածության. այ, այստեղ է, որ մենք էլ մեր հերթին ենք հորդորում եւ պահանջում պաշտպանության նախարարությունից եւ կառավարությունից` մեր հերոսների, նրանց հարազատների խնդիրների լուծումը համարել իրենց առաջնահերթ գործը:
Այսօր մեր բանակի զինվորներից ոչ պակաս հերոսներ են նաեւ մեր կամավորականները: Նրանցից ոմանք, սակայն, հայրենի սահմանը պաշտպանելու դիմաց արժանացել են յուրատեսակ «փառաբանության»` զրկվելով իրենց աշխատատեղերից: Մենք էլ հորդորում ենք Սեյրան Օհանյանին` կամավորականների նկատմամբ պետական անհրաժեշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի իրենց կյանքի գնով սահմանը պահող մեր քաջերը «թիկունքից» նման հարվածներ չստանան:




Լրահոս