Ապրիլի 28-ին Ազգային ժողովում 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Թեեւ նախագծի հեղինակները նշեցին, որ մինչեւ երկրորդ ընթերցումը փաստաթուղթը զգալի փոփոխությունների կենթարկվի, եւ դրանում տեղ կգտնեն ընդդիմության բազմաթիվ առաջարկներ, այդուամենայնիվ, Աժ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում են, որ ներկայումս քննարկվում է ԸՕ նախագծի սկզբնական տարբերակը:
«Ժողովուրդ»-ը երեկ այս առնչությամբ զրուցել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ԱԺ անցած քառօրյային առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ նոր նախագիծը: Դուք ձեռնպահ էիք քվեարկել նախագծին, ինչո՞ւ:
-Ես ձեռնպահ եմ քվեարկել այն իմաստով, որ եղել են կոչեր, դրանից հետո եղել է պատրաստակամություն, երբ պարոն Հարությունյանը բարձրաձայնեց՝ ասելով, որ գաղափարներն են ընդդիմության համար անընդունելի եւ պատրաստ են քննարկումների: Սա 15 օրվա գործընթաց է, որտեղ կտեսնենք՝ ինչը որ կընդունեն, վերաբերմունք կարտահայտենք: Բայց ուրախ եմ, որ գնում է տեքստի վրա այդ մանրակրկիտ աշխատանքը, եւ հուսով եմ, որ արդյունքի կկարողանանք հասնել:
-Բայց արդյո՞ք շարունակվող քննարկումները որեւէ արդյունք կտան, ի վերջո, կունենանք ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ երաշխավորող օրենսգիրք:
-ԸՕ քննարկումները որոշ չափով իր մեջ ուներ յուրովի էլեմենտներ. տարբեր լսումներ էին եղել, տարբեր գաղափարներ էին քննարկվել, եղան տարբեր ֆորմատներով քննարկումներ, մի տեղ հաջողության հասան, մի տեղ չհասան, եղան քննարկումներ լիագումար նիստում: Եթե արդյունքի հասնելու լուծումները ապահովեն, այդ ժամանակ կունենանք դրական մոտեցումներ, եթե չեն ապահովի, բնականաբար, կլինեն բացասական կարծիքներ: Ի վերջո, արդյունքն ենք գնահատելու, շատ լավ է, որ գործընթացը նոր մոտեցում է ցուցաբերում, բայց այդ նոր մոտեցումով կհասնե՞ք արդյունքի, թե դա կդառնա ավելի շատ ձեւական գործընթաց:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան
-Պարո՛ն Մարգարյան, օրեր առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ նոր նախագիծը: Թեեւ դրանում ներառված են նաեւ անձամբ Ձեր արած որոշ առաջարկներ, այդուամենայնիվ, դատելով Ձեր ելույթներից` կարծես թե այս տեսքով նախագիծը Ձեզ չի բավարարում: Այդպե՞ս է:
-Մեզ համար առաջին ընթերցմամբ ներկայացած նախագիծն անընդունելի էր: Մենք բոյկոտեցինք քվեարկությունը, որովհետեւ կանոնակարգի խախտումով էր առաջադրված: Դրանից ժամեր առաջ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ մենք դեմ ենք քվեարկելու նախագծին: Մի շարք քննարկումների ժամանակ հեղինակների կողմից եղավ մի մոտեցում, որ կան առաջարկներ, որոնք ընդունելու են, փոխելու են: Հիմա քննարկվում է ոչ թե փոփոխված, այլ նույն` առաջին տեսքով ընդունված նախագիծ: Իհարկե, առանձնացված փաթեթի քննարկումը չեղավ, որը նույնպես կարեւոր էր, եւ մենք ասացինք, որ փաթեթը գոնե պետք է առանձնացվեր, չքվեարկվեր:
-Ըստ Ձեզ՝ շարունակվող քննարկումներն, ի վերջո, կհանգեցնեն կոնսեսուսի:
-Մեր 5+1 սկզբունքային առաջարկները, որոնք 4+4+4 ձեւաչափով ներկայացվել էին, պետք է փաթեթով ընդունեն: Գիտեք՝ կարելի է ամեն մեկից օրգանապես կապված այդ հարցերը ընդունել, նույնիսկ մասնակի: Այդ դեպքում մենք, բնականաբար, կարող ենք խոսել կոնսեսուսի մասին: ԸՕ-ն այն փաստաթուղթն է, որը պետք է լայն կոնսեսուս ստանա, ինչը, սակայն, չկա: Օրինակ՝ եթե հրապարակվում է ընտրողների ցուցակ, եւ անձնագրային տվյալներ չեն հրապարակվում, բայց հրապարակվում է անուն, ազգանուն, հերթական համարը, որ ինքը մասնակցել է քվեարկության, ստուգելը հեշտ կլինի: Սա միանգամից երկու խնդիր է լուծում. կարող ենք վերահսկողության գործընթացը ըստ արժանվույն կատարել, այսինքն՝ դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ ստուգում կիրառել` տվյալ անձը մասնակցեց, թե ոչ, եւ կիմանանք, թե քանի հոգի են մասնակցել ընտրությանը: Եթե մենք օնլայն ռեժիմով չենք կարող տեսանկարահանել եւ ցուցադրել ազգաբնակչությանը, գոնե կարող ենք, չէ, մի 100 կետ հեռարձակել, դա կլինի լրատվական դաշտի համար, կուսակցության շտաբներում:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ԷԼ ԿՄՏԱԾՎԻ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ «Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետեւանքներ ողջ տարածաշրջանի համար: Այսօրվա հրամայականն է՝ կանխել ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը ապագայում, երաշխավորել, որ այս խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կերպով կսանձահարվեն»:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, ըստ Ձեզ՝ մենք հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք:
-Ես կարծում եմ, որ ոչ միայն էդպես պիտի մտածենք, այլ պիտի մտածենք, որ այն, ինչի համար Ադրբեջանը ձգտում էր, չկարողացավ հասնել, որովհետեւ մեր տղաները, մեր զորքը կարողացան ճիշտ պաշտպանել հայրենիքը:
-Կարծիք կա, որ մենք պաշտպանողական տակտիկա ենք մշակում: Ըստ Ձեզ՝ ճ՞իշտ է այդ տակտիկան:
-Խնդիրը հետեւյալն է՝ մենք ԵԱՀԿ Մինսկի համանախագահության խնդիրների մեջ ենք, եւ 1994 թվականին պայմանագիր ենք ստորագրել, որպեսզի հարձակում չգործենք:
-Մենք գրեթե ամեն օր զոհ ենք ունենում: Այս դեպքում ինչի՞ն ենք սպասում, որ չենք հարձակվում:
-Քաղաքականության մեջ այդպես ուղիղ դատողություն գոյություն ունի: Քանի որ Ադրբեջանը այդպես է վերաբերում, մենք անպայման պիտի հարձակվենք: Մենք, ընդամենը լսելով միջազգային հանրությանը, կողմնակից ենք դրսեւորումը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
-Պարո՛ն Սահակյան, ո՞րն է այդ խաղաղ ճանապարհը:
-Միայն դիվանագիտական ճանապարհով:
-Օրինակ՝ ինչ-որ զիջումների գնա՞լ, թե՞ …
-Որեւէ մեկը այսօր այդ մասին չի կարող խոսել: Մեր հիմնական խնդիրն այն է, որ նախ եւ առաջ Ղարաբաղը ճանաչվի: Եթե էդտեղ որեւիցե խնդիր կլինի երկկողմանի, դա կարող է որոշել ժողովուրդը՝ հիմնականում Ղարաբաղի:
-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանը 3 գեներալների աշխատանքից հեռացրեց: Արդյո՞ք նրան խաբելու հետեւանքով:
-Չեմ կարծում, որ պետք է մտածենք խաբելու կամ չխաբելու մասին: Սովորաբար կառավարման պրոցեսում նման արգումենտներ ծնվում են, եւ էդպես կապել անմիջապես որեւէ դրվագի հետ, մասնավորապես այդ մասին դեռեւս չի էլ խոսեցվել:
-Կամավորականների մասով ի՞նչ է արվում: Դուք՝ որպես ԱԺ նախագահ, չե՞ք ուզում դիմել ՀՀ պաշտպանության նախարարին, որպեսզի պայմանագրային հիմունքներով կամավորներին աշխատանքի անցնելու հարցը հրատապ կարգավորվի:
-Նրանք, ովքեր գնացել են, ոչ թե մեր պետությունը կամ պաշտպանության նախարարությունն է անում, այլ նրանք գնացել են պարզապես որոշակիորեն օգուտ տալու: Այ, եթե լինի այնպես, որ հիմնականում զորահավաք լինի, բնականաբար, այդ մասին էլ կմտածվի: Մենք չենք կարող էդպես միանգամից բոլոր հարցերը լուծել: Իհարկե, Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, բայց չեմ կարծում, որ հենց այս պահին հնարավոր կլինի լուծել:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ՝ ԿՈՂՄ ԵՔ, ԹԵ ԴԵՄ
ՀՀ կառավարության այսօր գումարվելիք նիստում, ի վերջո, պետք է պարզվի՝ գործադիրի եզրակացությունը ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ դրական է, թե բացասական: Բանն այն է, որ չնայած կառավարության նիստի օրակարգում հարցն ընդգրկված է, եւ առկա է արձանագրային որոշման նախագիծ, որով հավանություն է տրվում կառավարության եզրակացությանը` նշված նախագծի վերաբերյալ, սակայն բուն եզրակացությունը, որպես այդպիսին, բացակայում է: Կառավարության` խորհրդարանի նախագահին հասցեագրված գրությունում օրինագծի վերաբերյալ ընդամենը ասվում է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Բայց լավ կլինի, եթե ՀՀ կառավարությունը, ի վերջո, հստակ ասի՝ իրենց կարծիքը նախագծի վերաբերյալ դրական է, թե բացասական:
ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՆՌՆԱԿԸ
Այս տարվա ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առիթով հարուցված քրեական գործով զարգացումները շարունակվում են: Ինչպես հայտնի է՝ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանը ստորագրությամբ ազատ է արձակվել եւ ուղարկվել «Նուբարաշեն» հոգեբուժարան՝ բուժման: Սակայն, պարզվում է, ՀՀ քննչական կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանի առջեւ արդարանալու համար: Պարզվում է՝ քննչական կոմիտեն Մուրադյանին ազատ արձակելու մասին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, եւ այստեղ այսօր քննվելու է այդ բողոքը: Ասել է, թե քննչական կոմիտեն ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ առարկա նետած անձը կարող է ազատության մեջ մնալ:
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 2015 թվականին նվիրված զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող բաժնից տեղեկանում ենք, որ այդ երկրում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է 22 հազար 526 մարդ, որոնցից 632-ը կանայք են: Ըստ իրավապաշտպանների՝ Ադրբեջանի նախագահը անցած տարվա մարտի 18-ին ներում է շնորհել 101 բանտարկյալների, որոնցից 4-ը եղել են քաղբանտարկյալներ: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի իշխանությունները դատապարտյալներին ստիպել են, որ նրանք զղջման գրություններ ներկայացնեն, եւ միայն այդ կերպ են խոստացել ներում շնորհել: