ԱՆՈՐԱԿ «ՏՈՒՇՈՆԿԱ»-Ի ՈՒ ՀԱՐՈՒՍՏ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԹԵՄԱՆ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հյուրընկալվել էր Ազգային ժողովում եւ ԱԺ հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ փակ ձեւաչափով քննարկում էր մեր երկրի այսօրվա իրավիճակը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց մի քանի մանրամասներ իմանալ այդ հանդիպումից, որն առանձնապես փակ անցկացնելու եւ ավելորդ խորհրդավորություն հաղորդելու կարիք չուներ:

Նախ տեղեկացնենք, որ ԱԺ 334 սենյակում տեղի ունեցած փակ հանդիպումը տեւել է 3 ժամ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է մեր երկրի այսօրվա իրավիճակը, սահմաններում առկա մթնոլորտը: Միաժամանակ նկատենք, որ առանձնապես ոչ մի նորություն պատգամավորներին չի հայտնել նախարարը՝ անգամ փակ ձեւաչափով, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպման մասնակից պատգամավորների կողմից փոխանցված տեղեկություններում գրեթե նորություն չկար: Թերեւս նախարարը չի վստահել նաեւ ԱԺ ոչ շարքային պատգամավորներին:
Եւ այսպես՝ Սեյրան Օհանյանը պատգամավորներին հանգստացրել է, թե մեր բանակը մարտունակ է, իրավիճակը վերահսկվում է մեր կողմից: Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 1-4-ը ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով մեր կողմից կորցված դիրքերին, ապա այդ մասով նախարարը հայտնել է, որ վերցված 2 դիրքերը ռազմավարական նշանակություն չունեն եւ պատեհ պահին դրանք հետ կբերվեն:
Նիստին ներկա պատգամավորներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ հիմնական հարցերը վերաբերել են հայկական բանակի սպառազինությանը, ինչի մասով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այդ առումով խնդիր չկա, մենք բավականին լավ զինատեսակներ ունենք, նույնիսկ այնպիսի զենքեր, որոնք չունի Ադրբեջանը, եւ պատրաստ ենք ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ գործողութունների:
ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը հայտնի է ամերիկամետ իր դիրքորոշմամբ, Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է 200 մլն դոլարի չափով կնքված պայմանագրից, որով նախատեսվում է զինամթերք ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից: Ինչո՞ւ են դանդաղում պայմանագրով նախատեսված ժամկետները, եւ զենքը ՌԴ-ից Հայաստան չի հասնում: Պատգամավորի այս հարցին նախարար Օհանյանը պատասխանել է, թե այնպես չէ, որ դանդաղում է: Առաջիկայում ՀՀ պաշտպանական գերատեսչությունից դարձյալ այց է նախատեսվում դեպի Մոսկվա, եւ ամեն ինչ կարվի առավել արագացնելու պայմանագրով նախատեսված 200 մլն դոլար արժողության զինատեսակների մուտքը Հայաստան:
Քոքոբելյանը հետաքրքրվել է նաեւ, թե ինչու ՆԱՍՍԱ-ում գործունեություն ծավալող 4 հայազի գիտնականներին ՀՀ ՊՆ-ն լավ վարձատրությամբ չի հրավիրում Հայաստան՝ օգտագործելու նրանց ունակությունները ռազմաարդյունաբերության ոլորտում: Խոսվել է նաեւ կիբերնետիկայի ֆակուլտետում եւ քիմիական կրթությամբ շրջանավարտներին ռազմաարդյունաբերության մեջ ներգրավելու մասին: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կքննարկեն առաջարկները՝ հայտնելով, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր առաջարկները չէ, որ ռացիոնալ են, իրականանալի եւ արժանահավատ: Բանախոսը ասել է, որ կան մի քանի մասնագետներ ՏՏ ոլորտից, որոնց հետ այս օրերին ՊՆ-ն աշխատում է նորագույն զինատեսակների ստեղծման եւ վնասազերծման մեխանիզմներ ստեղծելու մասով:
Վարդան Օսկանյանի կողմից նոր ստեղծված կուսակցության, այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հետաքրքրվել է, թե ինչու Երեւանի Մերգելյան ինստիտուտի բազայի վրա ՀՀ ՊՆ-ն չի վերականգնում ռազմաարդյունաբերությունը, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ դրա համար լուրջ ֆինանսներ են պետք:
Վարդան Այվազյանն այդ ընթացքում հիշել է, որ ներդրումներով հնարավոր է վերապրոֆիլավորել Կոտայքի մարզում (կոնկրետ համայնքը չենք նշում- Թ. Մ.) գտնվող փամփուշտների գործարանը: Նախարարը խոստացել է քննարկել:
Նախարարի ուշադրությունը հրավիրվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, որով նախատեսվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ, դա նրանք կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եւս: Երբ այս մասին ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրել է նախարարին՝ մտահոգություն հայտնելով, որ խուճապ կառաջացնի նախագիծը, Օհանյանը պատասխանել է, որ բոլորը պետք է հայրենիքին պարտքը տան, իսկ թե ով ինչ ձեւով, առաջիկայում կորոշվի:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքրվել է սպայական անձնակազմի, գեներալտիտետի ու նաեւ հենց նախարարի ունեցվածքի եւ արտերկրում ձեռքբերված թանկարժեք անշարժ գույքի մասին, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ իր մասով տարածված լուրերը բացարձակ ապատեղեկություն են, իսկ ինչ վերաբերում է գեներալիտետի ունեցվածքին, ապա մարդիկ ինչ-որ ունեն, ձեռք չեն բերել բանակի, պետական բյուջեի հաշվին, այլ տարիների ընթացքում բիզնեսներ են դրել:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը հետաքրքրվել են ազատված 3 գեներալների պատասխանատվությունից, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե չարաշահումները այնպիսի չափերի չեն, ուռճացնում են ավելի շատ:
Արմեն Ռուստամյանը հանդիպման ժամանակ նախարարին է ցույց տվել «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի կողմից արտադրված բուսական «տուշոնկան», որը զինվորների «պայոկից» է եղել: Պատգամավորն ասել է, որ վատ որակ ունի այս սնունդը, անհնար է ուտել, նախարար Օհանյանն էլի մեղմացրել է իրավիճակը՝ ասելով, թե այդ ընկերությունը միշտ էլ որակյալ սնունդ է մատակարարել բանակին, եւ իր համար զարմանալի էր ներկայացվածը: Խոստացել է ստուգել:
Վերջում հանդիպումն ավարտվել է Էդուարդ Շարմազանովի «ջիգյարով» նոտայի վրա: ԱԺ փոխխոսնակն ասել է, թե շնորհակալ ենք, ինչ ասեմ, ախպեր ջա՛ն, ձեր կողքին ենք, ցավդ էլ տանեմ:

Պատգամավորների հետ «թաքուն»
հանդիպումը գրի առավ ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ
Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի, իր պատգամավորական գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ եւ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել իր հետ` պահանջելով վճարել 300.000 դրամ, որպեսզի վերը նշված բնույթի նյութեր չհրապարակվեն կայքում:
Հերթական նման փորձի ժամանակ ոստիկանությունը ժամը 15-ի սահմաններում Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի սրճարաններից մեկում 300.000 դրամ գումարը վերցնելու պահին ձերբակալել է կայքի տնօրենի օգնական Վ. Գիշյանին, ապա քիչ անց նաեւ կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանին:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ analitik.am-ի թիրախում միայն Տ. Ուրիխանյանը չի եղել: Պարզվել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս բախվել է նույն խնդրին: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորներից մի քանիսը ասել են, որ analitik.am-ի հովանավորը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է: Վերջինս ամեն երեկո հանդիպել է լրատվական կայքի տնօրենի հետ եւ նրան ցուցումներ տվել, թե «ում վրա գրել»:
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ analitik.am լրատվական կայքը ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ, հետագայում կայքին օժանդակություն է ցուցաբերել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ահա ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը եղել է կայքի թեւ ու թիկունքը: Ինչեւէ, օրվա ընթացքում պարզվեց, որ Տ. Ուրիխանյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով հանդերձ` հրաժարվել է ներկայանալ քննչական մարմին հարցաքննության: Սա բարդություն է ստեղծել իրավապահների համար, քանի որ Ուրիխանյանը, որպես պատգամավոր, անձեռնմխելի է, եւ նրան բերման ենթարկել այս պահին չեն կարող: Իսկ ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը հրաժարվում ներկայանալ իրավապահ մարմնին: Վերջինիս գրասենյակը հայտարարել էր, թե «սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, պատգամավորը չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:
Մեր տեղեկություններով` շորթման կասկածանքով ձերբակալված Անին քննության ընթացքում ասել է, որ պատրաստ է տալ այն պաշտոնյաների անունները, որոնք իր հետ համագործակցել են, երբեմն հայտնել ինչ-ինչ գաղտնի խոսակցություններ եւ տեղեկություններ այլ անձանց վերաբերյալ: Նա նաեւ ասել է, որ պատրաստ է տալ իրեն ուղղորդող պաշտոնյայի անունը` պայմանով, որ իրեն ազատ արձակեն:
Հ. Գ. analitik.am-ի հետ կատարվածը ոգեւորությամբ են ընդունել լրագրողական աշխարհում, քանի որ հույս կա, որ այս կերպ մեդիա դաշտը կսկսի մաքրվել «գրդոնչի» լրագրողներից: Սակայն մեր գործընկերները նշում են, որ շորթմամբ զբաղվող լրագրողները դաշտում շատ են, եւ եթե պատժում են, ապա թող միայն Անի Հովհաննիսյանին չպատժեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 14 եւ 15 տարեկան պատանիներին երեկ արվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ: «Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տեւողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը /այսօր/ տեղափոխվեն հիվանդասենյակ», – ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

 

 

ԱՆՀԱՅՏ  ՊԱՏՃԱՌՈՎ
Մայիսի 3-ի երեկոյան ԼՂՀ ՊՆ N զորամասերից մեկում երկու ժամկետային զինծառայող է մահացել: ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ` հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի դիերը: Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել, ոչ էլ հրազենային վնասվածք են ունեցել: Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվեր «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորության քննարկմամբ եւ ներդրող փնտրելու գործով, դադարեցրել է իր աշխատանքները: Այդ մասին երեկ հայտնել է գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը:




Լրահոս