ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Երեկ Էրեբունի համայնքում վարորդները հավաքվել եւ բողոքի ակցիա էին իրականացնում՝ «Տաքսու վարորդներն ընդդեմ տեսանկարահանող սարքերի» կարգախոսով: Ակցիայի մասնակիցներն Արցախում եւ սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ոստիկանությունից պահանջում են դադարեցնել տեսանկարահանող սարքերի կողմից տուգանքների արձանագրումը եւ ոլորտի կարգավորման համար հավաքագրված գումարներն ուղղել երկրի ռազմական կարիքների հոգածությանը:

 

 

 
ՀԱՐՑ. Հայրս իր անունով բանկում ներդրած ավանդ ուներ: Նա հաշվառվել էր, որպեսզի ստանար այն, բայց չհասցրեց. մահացավ: Մեզ ասացին, որ այլեւս չենք կարող ստանալ նրա գումարը: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ ենք ստանալ իր գումարը, թե ոչ:

Սուրիկ Սարգսյան (Քանաքեռ, 1-ին փող. նրբ 49 տուն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Սուրիկ Սարգսյանի ավանդի փոխհատուցման վերաբերյալ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փոխհատուցում ստանալու համար առաջին պայմանն այն է, որ ավանդատուի ընտանիքը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունենա «0»-ից բարձր անապահովության միավոր: Որից հետո ավանդատուն սոցիալական ծառայությունների տարածքային բաժին պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին, ավանդատուի խնայողական գրքույկը, դրա պատճենը եւ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը ցանկանում է այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու համար դիմում ներկայացնել, ապա ի՞նչ տեղեկություններ պետք է ներառված լինեն դիմումի մեջ:

Տիգրան Հարությունյան (47 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմումում նշվում են այն մարմնի անվանումը, ում ներկայացվում է դիմումը, հայտարարություն տվողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, այն պետության անվանումը, որի քաղաքացիությունը ստացել կամ ընդունել է, քաղաքացիությունը ստանալու կամ ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը:
Դիմումը ստորագրում է հայտարարություն տվողը` նշելով դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ):




Լրահոս