ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպումը հնարավոր է կայանա մայիսի 16-ին Վիեննայում, որտեղ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը: Նշվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ:
–Պրն. Այվազյան, դիտարկելով Սարգսյան–Ալիեւ նախկին հանդիպումներին հաջորդած իրադարձությունները՝ ի՞նչ սպասել այս անգամ:
-Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում պարզից էլ պարզ է. այն փաստացիորեն տապալեց Մինսկի գործընթացը, որը այլեւս գոյություն չունի:
Առանց այդ էլ նրա ամբողջ նպատակը վերջին տարիներին միայն այն էր, որ գոնե պահպաներ խաղաղության պատրանքը ղարաբաղյան հակամարտության գոտում, ոչ ավել, սակայն բոլոր կողմերում էլ հասկանում էին՝ Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության ամբողջ իմաստն այն էր, որ հնարավոր չէր հասնել ինչ-որ տրամաբանական եւ խաղաղ լուծման բանակցությունների ճանապարհով: Երկու կողմերն էլ, այս դեպքում առավելապես Ադրբեջանն այս ժամանակահատվածն օգտագործել էր ավելի լայնածավալ պատերազմի նախապատրաստվելու համար, ինչը եւ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Ադրբեջանը արդեն պատրաստել էր հայտարարությունը, թե գրավել է Աղդամը, Ֆիզուլին, Մարտակերտը, սակայն իրականում դա նրան չհաջողվեց, եւ Ադրբեջանի համար դա շատ մեծ պարտություն էր մարդկայցին այդքան զոհերի գնով:
Մյուս կողմից էլ հենց Հայաստանը դժգոհ մնաց այդ բախման արդյունքներից, քանի որ ցավոք սրտի, չհաջողվեց տեղափոխել պատերազմը Ադրբեջանի կողմի վերահսկվող տարածքներ, ջարդել թշնամու ողնաշարը հենց ադրբեջանական տարածքում եւ ազատագրել նորանոր շրջաններ, որը միգուցե կերաշխավորեր Ադրբեջան կողմից հետագայում նման քայլերի կասեցումը: Ուստի եւ այդ հնարավոր բանակցությունները նույնպես որեւէ իրական արդյունքի չեն կարող բերել: Հիմա Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հարվածը չեզոքացնելու ուղղությամբ: Հուսով եմ այդպես էլ կանի՝ ճանաչելով ԼՂ անկախությունը եւ փորձելով Ղարաբաղին բերել Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ, իսկ եթե ոչ, ապա Ադրբեջանը նորից կհարձակվի, եւ այդ պարագայում արդեն հուսով եմ, որ հայկական կողմը կվերջացնի 1994-ին կիսատ թողած գործը:
–Լավ, եթե ԵԱՀԿ Մինսկի գործունեությունը արդեն տեւական ժամանակ է՝ ձեւական բնույթ է կրում, ինչու՞ են կոնկրետ հիմա նախաձեռնում բանակցություններ, որոնք, Ձեր խոսքով, դատապարտված են ոչ մի արդյունքի:
-Նրանք հիմա փորձում են արդարացնել իրենց գոյությունը: Մյուս կողմից էլ այդ համանախագահող գերտերությունները իրականում շահագրգռված չեն այս պատերազմում, եւ շատերը Հայաստանում, ցավոք սրտի, թերագնահատում են այդ դերակատարությունը, այդ ահավոր ճնշումը, օրինակ՝ մենք բոլորս գիտենք Ռուսաստանի թերությունների մասին, բայց որքան մեծ ճնշում այն գործադրեց Ադրբեջանի վրա, որ հանդարտեցնի, մենք չգիտենք, եւ անգամ չեն խոսում այն մասին, որ իզուր չէ՝ Ռուսաստանը Դաղստանի հարավում ռազմական փորձեր է կատարում՝ այս կերպ նախազգուշացնելով Ադրբեջանին, որ չենթարկվելու դեպքում այն կհարձակվի Ադրբեջանի վրա:
Պարզապես այդ լկտիացած Ադրբեջանը լիակատար կերպով դուրս եկավ վերահսկողությունից, եւ պատահական չէ, որ հենց Թուրքիա-Ադրբեջանի հանդիպումից հետո, այնպես որ մենք պետք է ապավինենք առաջին հերթին մեր ուժերին, եւ եթե մենք ինքնուրույն կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել, ապա պետք է իմանանք, որ մարդկությունը միշտ ուժեղի կողմն է, իսկ մենք արդար ենք բոլոր պարագաներում՝ եւ՛ պատմական, եւ՛ ռազմական:
–Սերժ Սարգսյանը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ հայկական կողմը չի նստի բանակցությոնների սեղանի շուրջ, եթե համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ չանցկացնեն, հասցեական հայտարարություններ չանեն նախահարձակ կողմի վերաբերյալ, եւ ի վերջո եթե չլինեն անվտանգության այդ երաշխիքները, որ Ադրբեջանի կողմից նման խախտումներ հետագայում չեն լինի: Ստացվում է, որ մենք չունենք այդ երաշխիքներից եւ ոչ մեկը, սակայն այնուամենայնիվ միգուցե որոշենք գնալ այդ բանակցություններին: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:
-Իհարկե, ոչ մի երաշխիք էլ չունենք եւ չենք էլ ունեցել մինչ այդ, երբ սեղմել ենք Իլհամ Ալիեւի արյունոտ ձեռքը, չենք էլ ունենա ապագայում: Մեր միակ երաշխիքը հաղթանակն է եւ ռազմական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, եթե մեզ հաջողվի դրան հասնել: Եթե բանակցությունները տեղի ունենան, դա ընդամենը երկու կողմերի վրա ճնշման արդյունքը կլինի. պարզ է, որ Ադրբեջան կշարունակի խախտել հրադադարը, պարզապես երկու կողմերն էլ տուրք են տալիս այդ գերտերությունների ճնշմանը:
Ես անձամբ կարծում եմ, որ հայկական կողմը չպետք է մասնակցի որեւէ բանակցության, որովհետեւ Մինսկի խումբը իր դիրքը կորցրեց դեռ այն ժամանակ, երբ չնշեց, թե ով էր մեղավոր եւ համապաստախան պատժամիջոցներ չկիրառեց: Քանի դեռ դա չկա, ցանկացած հանդիպում ինքնանպատակ է, եւ ես պարզապես չեմ պատկերացնում, թե այդ զոհերից հետո նախագահը ինչպես պետք է սեղմի Իլհամ Ալիեւի արյունոտ ձեռքը: Իսկ եթե այնուամենայնիվ այդ հանդիպումը կայանա, դրա միակ արդյունքը կլինի ռազմական գործողությունների հետաձգումը մի քանի օրով կամ շաբաթով :
Ցավոք, այս բախման ժամանակ չնայած մեր բանակի հերոսությանը՝ չկարողացանք ազատագրել նոր տարածքներ, սակայն Ադրբեջանը շուտով հնարավորություն կտա մեր սխալը ուղղելու: Եվ եթե ի վիճակի լինենք դա անել, միայն այդ պարագայում մեզ հետ հաշվի կնստեն, միայն այդ դեպքում համանախագահները կանցնեն մեր կողմը:
Զրուցեց Սյուզի Մուրադյանը