ՀՀ Սյունիքի մարզի 201 բնակիչ ունեցող Լիճք գյուղի բնակիչների կյանքը վտանգված է: Պատճառն այն է, որ բնակիչների ջրամատակարարման եւ ոռոգման ջրի խողովակաշարի մի մասը պատրաստված է ասբեստ տեսակի նյութից, ինչը սպառնում է համայնքի բնակիչների առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:
Հարկ է նկատել, որ այս խողովակների օգտագործումն արգելված է Եվրոպայում, ԱՄՆ-ում: Ընդ որում, Բազելի կոնվենցիայի համաձայն, որը, ի դեպ, 1999թ. վավերացվել է նաեւ ՀՀ-ի կողմից, ասբեստը համարվում է թունավոր թափոն եւ կարող է ուռուցքային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ասբեստը խթանում է հիվանդություններ, որոնցից են ասբետոզը, թոքերի քաղցկեղը եւ այլն:
Այս խնդիրը մտահոգության առարկա էր դարձել դեռեւս 2012 թվականին, երբ համայնքի ղեկավար Հովհաննես Միրզոյանն ահազանգել էր համապատասխան պետական կառույցներին: Գյուղապետ Միրզոյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ուռուցքային հիվանդություններից գյուղում օրեցօր շատանում են մահվան դեպքերը: ,Մի ժամանակաշրջան գյուղում ավելացավ քաղցկեղից մահացողների թիվը: Մեզ մոտ մի փոքր գերակշռում է թիվը: Եվ համագյուղացիների հետ միասին ենթադրում ենք, որ դա խողովակներից է, որ մարդիկ դրա պատճառով էին քաղցկեղով հիվանդանում եւ մահանում:
Խորհրդային միության տարիներին ոչ ոք չի պատկերացրել, որ այս տեսակի նյութից պատրաստված խողովակները վտանգավոր են մարդկանց առողջության համար: Մենք հայտնաբերեցինք դա ու ահազանգեցինք: Ավելին, այդ խողովակները վթարային վիճակում են գտնվումե,-խնդիրը ներկայացրեց Լիճքի գյուղապետը:
Հովհաննես Միրզոյանը պատահաբար է իմացել, որ ասբեստից պատրաստված խողովակներից հոսող ջուրը վտանգավոր է: “Ես արտասահմանցիներին ծրագրեր էի ներկայացնում ջրագիծ քաշելու վերաբերյալ, եւ իրենք իրենց հերթին ինձանից հետաքրքրվեցին, թե այս պահին ինչ տեսակի նյութից են պատրաստված ջրի խողովակները, ու անմիջապես հայտարարեցին, որ դա վտանգավոր թափոն է համարվում”,-նշեց Միրզոյանը:
Բացի այդ, նրանից տեղեկացանք, որ այս ջրից օգտվում են ոչ միայն Լիճքի բնակիչները, այլեւ հարեւանությամբ գտնվող զորամասը: Եվ գյուղապետի ահազանգելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից համապատասխան մարդիկ եկել եւ ջրի նմուշառում են վերցրել:”Բայց դեռեւս ոչ մի տեղեկություն չկա, փորձաքննության պատասխանները մեզ հայտնի չեն”,-ավելացրեց գյուղապետը:
Վերջերս այս խնդրի մասին ահազանգեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ իր սեփական նախաձեռնությամբ սկսեց Լիճք համայնքի բնակիչների առողջության անվտանգության սպառնալիքի վերաբերյալ խնդրի քննարկումը:
Սակայն “Ժողովուրդ”-ը Հ. Միրզոյանից տեղեկացավ, որ երկուսուկես կիլոմետրանոց ասբեստե խողովակներին փոխարինող ռետինե խողովակները գյուղը նոր է ձեռք բերել, քանի որ նախատեսվող գումարը նոր է հավաքվել: Այդ խողովակները փոխելու համար անհրաժեշտ էր տասնվեցուկես միլիոն դրամ: “Այս խողովակները ձեռք բերելու համար մեզ երկու բարերար օգնեց”,-տեղեկացրեց գյուղապետը: Նա վստահեցրեց, որ առաջիկայում ռետինե խողովակները կփոխարինեն ասբեստե խողովակներին:
Բացի նշված գումարից, ռետինե խողովակները տեղադրելու նպատակով իրականացվող աշխատանքների ընդհանուր ծախսը՝ 500 հազար դրամը, հատկացվել է Սյունիքի մարզպետարանի կողմից:
Ի դեպ, “Կանաչների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ Լիճք համայնքում շատ են խնդիրները: “Լիճքի վրա խաչ է դրված: Այնտեղ միայն ջրի խնդիրը չէ: Ջրի խնդիրը կոպեկ է: Այս եւ հարեւան համայնքներում, ընդհանրապես կարող եք ասել, որ մոտավորապես քսան տարի հետո կենդանի արարած չի կարող ապրել”,-նկատեց բնապահպանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 606 համար