Առաքելություն-ը օրենսդրական փոփոխության առաջարկ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհուրդը օրենսդրական փոփոխության առաջարկ է ներկայացրել ՀՀ վարչապետի ԱԺ նախագահին եւ խմբակցություններին, որտեղ կոչ է անում նվազեցնել երկամտահարկի դրույքաչափերը:
Օրենսդրական առաջարկում ասվում է.
“2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտային հարկի մասին” օրենքի դրույթները սահմանում են եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը`
. Ամսական մինչեւ 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 24.4 տոկոս,
. Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 29.280 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
. Ամսական 2.000.000 ՀՀ դրամից ավել եկամտի դեպքում` 518.080  ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 36 տոկոս:
Նշված օրենքի ընդունումով դադարեցվել են “Եկամտահարկի մասին” Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 եւ “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքների գործողությունը, ըստ այդմ` այսուհետ վճարվում է միայն Եկամտային հարկ` նախկին եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական վճարների փոխարեն:
Միեւնույն ժամանակ օրենքով սահմանվել է, որ նշված փոփոխությունը չպետք է առաջացնի աշխատողի փաստացի եկամտի փոփոխություն: Արդյունքում` օրենքը չի ունենում էական ազդեցություն վարձու աշխատողների վրա, եւ օրենքի ընդունումն այդ կապակցությամբ կարելի է համարել դրական` հարկային գործընթացի պարզեցման առումով:
Սակայն 22.12.2010թ. ընդունված “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքը սահմանում է հետեւյալը.
2014թ. հունվարի 1-ից կատարվում են պարտադիր կուտակային վճարներ 1974 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի բազային եկամտից: Ընդ որում, վճարվող 10 տոկոս գումարի 5 տոկոսը վճարվում է աշխատողի, նոտարի, անհատ ձեռնարկատիրոջ եկամուտից` մինչեւ 500.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում, 500.000 ՀՀ դրամ գերազանցող եկամտի դեպքում` աշխատողը, վճարում է 10 տոկոս` հանած 25.000 ՀՀդրամ (25.000 դրամը վճարում է կառավարությունը):
Արդյունքում` 2014թ. հունվարի 1-ից  մինչեւ 40 տարեկան աշխատակիցների փաստացի եկամուտը կրճատվելու է միջինը 9 տոկոսով:
Պատկերավոր ասած` վերականգնվում է պարտադիր սոցիալական վճարը` որպես պարտադիր կուտակային վճար եւ եկամտային հարկը փոխարինում է եկամտահարկին` մոտ 5 տոկոս բարձր դրույքաչափով:
Ընդ որում, եկամտային հարկը եւ կուտակային վճարները պահվում են բազիսային եկամտից, այսինքն` իրականում կուտակային վճարները կազմում են փաստացի եկամտի ոչ թե 5-9 տոկոսը, այլ 7-11 տոկոսը:
,Առաքելությունե կուսակցությունը, դեմ չլինելով կուտակային կենսաթոշակային համակարգին, կարեւորելով բյուջետային մուտքերի բնականոն ապահովումը, միեւնույն ժամանակ մտահոգություն է հայտնում օրենսդրական նշված փոփոխությունների արդյունքում բազմաթիվ աշխատակիցների եկամտի կրճատման կապակցությամբ:
Մասնավորապես, ցածր եկամուտ ունեցողների համար ամսական եկամտի կրճատումը 10 տոկոսով կառաջացնի սոցիալական լրացուցիչ խնդիրներ, կդառնա արտագաղթը խթանող պատճառ, ինչն առավել ցայտուն արտահայտվում է երիտասարդների մոտ, ում էլ հենց վերաբերում է նշված փոփոխությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը` “Առաքելություն” կուսակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում, /ուժի մեջ մտցնելով 2014թ. հունվարի 1-ից/, մասնավորապես`
1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացիների համար սահմանել եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը.
1. Ամսական մինչեւ 120.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` հարկվող եկամտի 20 տոկոս
2. Ամսական 120.000-2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում` 24.000 ՀՀ դրամին գումարած 120.000 ՀՀ դրամը գերազանցող գումարի 24 տոկոս:
Հաշվի առնելով, որ կուտակային վճարները կապված եկամտի հետ կրում են պրոգրեսիվ բնույթ, ըստ այդմ առաջարկվող փոփոխությունն ուղղված է ցածր եկամուտ ստացողներին, օրինակ` 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 29,4 տոկոսի փոխարեն կվճարի 25 տոկոս, իսկ 1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ստացողը եկամտի 33,3 տոկոսի փոխարեն կվճարի 31,0 տոկոս”:




Լրահոս