Փրկենք Գոշ լիճը. Բաց նամակ բնապահպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը Գոծ լիճը ճահճացումից փրկելու հարցով բաց նամակ է գրել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։
Նամակում ասվում է հետևյալը.
ՀՀ Բնապահպանության նախարար 
Արամ Հարությունյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ “ՓՐԿԵՆՔ ԳՈՇ ԼԻՃԸ”
Հարգելի Ա. Հարությունյան.
Ս/թ օգոստոսի 27-ին “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ անդամները ճանաչողական նպատակով այցելել են “Դիլիջան” ազգային պարկ (E9` Գոշավանք – Գոշ լիճ երթուղով հասնելով Գոշ լիճ): Այցելության ընթացքում զրուցելով տեղի բնակչության հետ՝ ինչպես նաև մեր դիտարկումների միջոցով, նկատել ենք, որ Գոշ լճում տեղի են ունենում ճահճացման գործընթացներ: Լիճը հանդիսանում է ազգային պարկի էկոտուրիստական կարևորագույն երթուղիներից մեկը: Ցանկանում ենք նշել նաև, որ ճահճացման հետ մեկտեղ կենցաղային աղբի կույտերի սրընթաց ավելացումը շուտով բերելու է այդ գեղատեսիլ էկոերթուղու հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության անկմանը:
Դիմում ենք Ձեզ՝ Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու առաջարկով: Խնդրում ենք տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների (եթե այդպիսիք նախատեսված են), դրանց ժամկետների վերաբերյալ:
Առաջարկում ենք.
ա/ Կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների և հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու և լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով:
բ/ Կազմակերպել լճի և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ և տեղադրել աղբամաններ:
Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին:
Հարգանքով՝
“Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ
Նամակին միացել են՝
Դիլիջանի Օրհուս կենտրոնը 
Էկոլոգիական հասարակական դաշինքը
Համահայկական բնապահպանական ճակատը




Լրահոս