ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը քաղաքացիներից օրական մոտ 40 ահազանգ է ստանում: Ըստ նրա՝ բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսն անպայման լուծում է գտնում:
-Պարո՛ն Հակոբյան, արդեն որքան ժամանակ է՝ «Կիլիկիա» գարեջուրը շուկայում շատ քիչ քանակությամբ է, անգամ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ գործարանը փակեք: Ի վերջո, ինչպե՞ս եք փորձում հարթել այդ հարցերը:
-Մեր վիճակը երբեք վատ չի եղել, մեր վիճակը միշտ էլ լավ է եղել, լավ կա ու լավ էլ մնալու է: Ուղղակի մի բան նշեմ, որ ժամանակին, երբ շուկայում գարեջուր չկար, մի երկու-երեք օր մենք տեխնիկական խնդիրներ ունեինք: Սարքավորում էր փչացել, դրա համար նման խնդիր կար:
-Բայց նշվում է, որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ գործարանը լուրջ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, ժամանակին հարկերը չի վճարում: Ու ճնշումներ են գործադրվում, որպեսզի այն փակեն:
-Ուրեմն ՊԵԿ-ի հետ մենք ոչ մի անգամ խնդիր չենք ունեցել արդեն շուրջ 11 տարի՝ 2002թ. այս կողմ: Դուք ինձ լավ եք ճանաչում, կարծում եմ գիտեք, որ ինձ վրա չեն կարող ճնշում գործադրել: Իրականում որեւէ ճնշում չկա: Մենք այն ժամանակ էլ ենք ունեցել ապրանք, եւ ովքեր ցանկացել են գնել, մենք վաճառել ենք: Ու այսօր էլ ունենք ապրանք, եւ ով գալիս է, մենք վաճառում ենք: Որեւէ սահմանափակում, որեւէ խոչընդոտ, որեւէ բան գոյություն չունի, վստահեցնում եմ Ձեզ: Օրինակ՝ այս պահին եթե գաք գործարան, կտեսնեք, որ ամբողջ գործարանը կանգնած է, ու կարող եք ենթադրել, թե ինչ-որ մեկի պատճառով, բայց ջուր չկա, դրա համար է կանգնած: Ի՞նչ անեմ: Նախօրեին եւս այդ վիճակն էր: Այսինքն՝ նման խնդիրներ գործարանը շատ է ունենում: Պետք չէ դա վերցնել ու կապել չգիտեմ ում հետ:
-Որոշ ժամանակ անց սկսվելու են ԱԺ աշխատանքները, իսկ քաղաքական գործիչներն էլ խոստանում են «թեժ» աշուն: Դուք կկարողանա՞ք համատեղել գործարանի աշխատանքները պատգամավորական աշխատանքների հետ:
-Ուրեմն ես պատգամավոր եմ, բիզնեսով չեմ զբաղվում, ես 5 րոպե առաջ ԱԺ-ից դուրս եկա: Ես այդքան ժամանակ չունեմ, որ բիզնեսով զբաղվեմ: Դուք գիտեք, չէ՞, թե ես ինչքան պարտաճանաչ պատգամավոր եմ: Նիստերին ամենաշատ մասնակցողներից մեկը ես եմ, ես չեմ կարող կեսս թողնել բիզնեսի մեջ, կեսս էլ լինի այնտեղ: Բնականաբար, ես իմ ընտանիքին անհրաժեշտ խորհուրդները տալիս եմ, քանի որ իմ ընտանիքի անդամները բոլորը զբաղվում են բիզնեսով: Ես եթե անգամ ցանկություն ունենայի, ապա ժամանակ չէի ունենա, ես այնքան ծանրաբեռնված եմ, իմ ընտրատարածքը սահմանամերձ շրջան է, ես, օրական հանդիպումները չհաշված, միայն մի 40 զանգի եմ պատասխանում:
-Ձեր ընտրատարածքի ամենահրատապ խնդիրը ո՞րն է, կարողանո՞ւմ եք լուծում գտնել:
-Տարբեր խնդիրներ են՝ սկսած առողջապահությունից, կան իրավական խնդիրներ, կան սոցիալական խնդիրներ: Հարցերի 90 տոկոսը լուծում ստանում է:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք որեւէ նախագծով հանդես գալ ԱԺ այս նստաշրջանում:
-Ճիշտն ասած, նախատեսած ունեմ, բայց դեռեւս ավարտական փուլին չեմ հասցրել, կարծում եմ՝ մոտ մեկ ամսից կունենամ մի երկու հատ, հավանաբար: Ցանկություն ունեմ, որ ներկայացնեմ:
-Եթե հնարավոր է, կնշե՞ք, թե Ձեր նախագծերը որ ոլորտներին են վերաբերում: Ի՞նչն եք թերի համարում, որի հետ կապված՝ ցանկանում եք, որ օրենք ընդունվի: Գուցե բիզնես ոլորտի՞ն է վերաբերում:
-Քանի որ դեռեւս վերջնական տեսքի չեմ բերել այդ ամենը, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որեւէ բան ասել, երբ որ վերջնական տեսքի կբերեմ, այդ ժամանակ բոլորդ էլ կիմանաք, թե դրանք ինչին են վերաբերում:
-Այսօր ամենքի ուշադրության կենտրոնում է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, բոլորին հետաքրքրում է, թե, ի վերջո, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ինչպես կվարվի՝ կնախաստորագրի, թե ոչ: Դուք՝ որպես ՀՀԿ անդամ, այդ հարցի հետ կապված քննարկումներ ունեցե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչ է որոշել անել Ձեր կուսակցության առաջնորդը:
-Ճիշտն ասած, իմ կուսակիցների հետ, բոլորի հետ էլ այս ընթացքում շփվել եմ, իհարկե նրանց հետ, ովքեր արձակուրդում չեն: Բնական է, եթե գնում ես ԱԺ, շփվում ես նրանց հետ, ովքեր այնտեղ են: Իսկ ինչ վերաբերում է ասոցացման համաձայնագրին, ապա, անկեղծ ասած, այս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել: Ու ես իրավունք էլ չունեմ կուսակցության փոխարեն կարծիք ասել: Իսկ ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա օրը կգա, ես իմ կարծիքը կներկայացնեմ:
-Նախօրեին Սերժ Սարգսյանը շատ անակնկալ ձեւով հեռացել է ՀՀ-ից…
-Ճիշտն ասած, ես գիտեի, որ քաղաքում է, իսկ այսօր (երեկ-Ս. Գ.) տեղեկություն չունեմ:
«ԻՆՁ ՎՐԱ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ