ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Դավիթ Անհաղթի պոլիկլինիկայի մի շարք աշխատակիցներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, դժգոհում էին, որ իրենց տնօրինությունը ստիպում է գնել 2000-դրամանոց «Արցախ» լոտո: Խոսքը ԼՂՀ իշխանությունների կազմակերպած վիճակախաղի մասին է, որով խաղարկության են դրվելու Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքներ ու բնակարաններ Ստեփանակերտում, իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարները ներդրվելու են Արցախի վերաբնակեցման գործին: Երբ պոլիկլինիկայի աշխատակիցների մի մասը հրաժարվել է վիճակախաղի տոմս գնել, տնօրինությունը սպառնացել ու մինչ ուրբաթ օրը ժամանակ է տվել: «Այդ վիճակախաղի նպատակը մեկն է՝ Արցախում վերաբնակեցման խնդիրը լուծել, բայց խոսքն այնպիսի գումարի մասին է, որը մեր օրվա հացի փողն է, ու այլ ելք չունենք: Օգնենք մեզ»,-ասաց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը: Մեզ հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը, բնականաբար, հերքեց այդ լուրը՝ ասելով, թե պարտադրանք չի եղել, եւ բոլորն իրենց ցանկությամբ են այն վերցրել: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ տնօրինությունը մեր զանգից անմիջապես հետո աշխատակիցներին պարտադրել է արագ հավաքել տոմսերի գումարները: Իսկ Երեւանի քաղաքապետարանից, որի ենթակայության տակ է գտնվում պոլիկլինիկան, խոստացան գնալ ահազանգի հետքերով ու պատժել մեղավորներին:




Լրահոս