Նախօրեին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Ըստ տարածված լուրերի` գնդապետը ձերբակալվել է մի գործի շրջանակներում, որը քննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում: «Ժողովուրդ»-ին սույն գործից մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես՝ 2016 թվականի մարտի 21-ին կալանավորվել էին ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Իսկ ինչ էին արել նշված պաշտոնյաները. պարզվել էր, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը տեղեկացել է, որ ՍՊԸ-ներից մեկը ՊՆ-ին ապրանքը վաճառել է թանկ գնով: Խաչատրյանն այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին, որն էլ որոշել է օժանդակել Խաչատրյանին: Արդյունքում ՊՆ աշխատակիցները որոշել էին ՍՊԸ-ին իրավապահների ձեռքը չհանձնելու համար նրանից պահանջել 5 միլիոն դրամ:
Եվ, ահա, այս ամենի արդյունքում երկու ՊՆ աշխատակիցները կալանավորվեցին: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, երեկ հենց այս նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նաեւ ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Ըստ էության, կալանավորված անձինք նրա դեմ ցուցմունք են տվել, կամ իրավապահները ուսումնասիրելով գործը՝ կամաց-կամաց բացում են ՊՆ-ում տիրող այլ ապօրինությունների շղթան եւ հասնում նրան, թե բացի երկու գնդապետներից՝ ովքեր են ՊՆ-ի հաշվին գործարքների գնացել, էլի կա՞ն մարդիկ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ այս «խմորը շատ ջուր կվերցնի»:
Բանն այն է, որ այս երեք գնդապետների կալանավորումից բացի՝ այլ անձինք եւս կհայտնվեն իրավապահների տեսադաշտում իսկ շատերն էլ կհեռացվեն աշխատանքից: Առաջիկայում եւս այլ անձինք կկալանավորվեն կամ կհեռացվեն աշխատանքից:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել էր նաեւ ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ Ալիկ Միրզաբեկյանին: