«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի սկզբից ՀՀ ՊԵԿ-ի հարկային տեսչության տարածքային կառույցներում տեղափոխություններ են ծավալվում` ռոտացիա: Մի տարածքից տեսուչներին տեղափոխում են մեկ այլ վայր: Իմաստն այն է, որ տեսուչներն իրենց տարածքներում «չհաստատվեն» եւ կոռուպցիոն գործարքների մեջ չմտնեն հարկատուների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, տեսուչների տրամադրության տակ վաղուց առկա է բոլոր տարածքների հարկատուների մանրամասն ցուցակը, որում նշված է՝ ով ով է, «մուծվող է», «գործ տվող է», «տանիք ունի» եւ այսպես շարունակ:
Նոր տարածք տեղափոխվելիս՝ նրանք պարզապես փոխանակում են իրենց ցուցակները: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊԵԿ-ից փորձեց պարզել՝ արդյոք տեղափոխություններն իրականացվում են, եւ ինչպես է լուծվելու «թանկարժեք» ցուցակների խնդիրը: ՊԵԿ-ից պատասխանեցին. «Մայիսի 10-ից իրականացվել է Երեւանի հարկային տեսչությունների ընթացիկ հսկողության բոլոր բաժինների հարկային ծառայողների ռոտացիա: Ինչ վերաբերում է Ձեր նշած ցուցակներին, նման ընթացակարգ հարկային մարմիններում չի կիրառվում: Կոնկրետ փաստի առկայության դեպքում շնորհակալ կլինենք՝ այն մեզ տրամադրելու համար»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: