ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրը, որ ՀՔԾ-ում օրերս քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Միայն թե, ըստ ՀՔԾ-ի` մարզի դատախազին դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Թեեւ դժվար չէ կռահել, որ եթե բանը հասել է ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելուն, ապա շատ շուտով պաշտոնապես կհայտարարվի նաեւ մեղադրանք առաջադրելու մասին:
Դեպքի վերաբերյալ եւս մեկ կարեւոր հանգամանք. ըստ ՀՔԾ-ի` քրեական գործը հարուցվել է ոչ թե Կ. Շահբազյանի դեմ, այլ խուլիգանության եւ իշխանազանցության փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ եւ 309-րդ հոդվածների առաջին մասերով: Բայց ՀՔԾ այս ձեւակերպումը զուտ իրավական է, ու եթե նկատի ունենանք, որ քրգործը հարուցվել է իշխանազանցության համար, նշանակում է` դա հենց դատախազի դեմ է, որը հրահանգել էր ոստիկանին իր աշխատասենյակից «դուրս շպրտել» քաղաքացի Գոհար Հովհաննիսյանին:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին է եղել անձամբ Հովսեփյանի արձագանքը այս ամենին, եւ արդյոք հնարավոր է, որ դատախազի լիազորություններն այսքանից հետո դադարեցվեն. «Նշված տեղեկությունն իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի»: Երկրորդ՝ քրեական գործ հարուցվել է ոչ թե դատախազի դեմ, այլ մարզի դատախազի աշխատասենյակում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ համաձայն քաղաքացու ներկայացրած հաղորդման: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2013թ. հունիսի 25-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժին` բողոքելով Շիրակի մարզի դատախազի գործողությունների դեմ: Քաղաքացուց ստացված հաղորդման մասին Շիրակի դատախազը զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, եւ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար… ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ եւ 309-րդ հոդվածների առաջին մասերով: Քննության արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Արդյոք դատախազն այսքանից հետո կպատժվի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Ըստ Գյումրու մեր աղբյուրների՝ Կ. Շահբազյանն այս գործով նախաքննական մարմնի հետ մեծ դժկամությամբ է հանդիպում, ավելի ճիշտ` առիթը բաց չի թողնում հանդիպումից խուսափելու համար: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Շահբազյանն Աղվան Հովսեփյանի հետ բարեկամական կապեր ունի, թեեւ դատախազությունից հերքում են այդ մասին լուրերը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս