ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու ամիս է, ինչ Երեւանի շատ փողոցներ կարմիր գծանշումներով են պատվել, եւ սեպտեմբերի 1-ից «կարմիր հատվածներում» ավտոմեքենա կայանելու համար վարորդները ստիպված կլինեն տարեկան վճարել 12.000 դրամ եւ կանգնել` որտեղ պատահի, կամ SMS հաղորդագրության միջոցով 100 դրամ վճարել 5 րոպեից թեկուզ մեկ րոպե ավելի կայանելու դիմաց: Իսկ ո՞վ է վերահսկելու ավտոկայանատեղիների ծառայության մատուցման օրինականությունը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ավագանու N561-Ն որոշմամբ (25 դեկտեմբերի 2012թ.) ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար նախատեսված է «տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղիների սահմանների սահմանազատում, փողոցի երթեւեկելի մասում տուրքի գանձման, տարածքի վերահսկման եւ երթեւեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում՝ կառուցվածքային տարրերով տարանջատում): Սակայն այս պայմաններից որեւէ մեկը, ըստ էության, պահպանված չէ: Ինչո՞ւ է այս իրավիճակում քաղաքապետարանը թույլատրում սեպտեմբերի 1-ից կիրառել ավտոկայանատեղիների կազմակերպման մասին որոշումը»:
Մեր հարցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին. «Ավտոկայանատեղերի կազմակերպումը եւ կահավորումը ներկայումս շարունակվում է, եւ տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Դրանց լիարժեք շահագործումը կարգավորվում  է վերը  նշված իրավական ակտերի միջոցով»: Իհարկե, ծանր գործ է այս բառերի տակ իմաստ, առավել եւս պատասխանատվություն փնտրելը: Երեւանի քաղաքապետարանը կարծես թե առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. նախ գործի դնենք փող աշխատելու մեխանիզմը, հետո կարգավորենք ոլորտը: Իսկ թե այդ ընթացքում քանի վարորդ կտուժի, քանի մարդու նյարդեր տեղի կտան, պետական ատյաններում որեւէ մեկին չի հետաքրքրում:
Շարունակենք ներկայացնել մեր ուղարկած հարցերն ու դրանց տրված պատասխանները. «Երեւանի ավագանու կողմից ընդունված՝ մայրաքաղաքի բակերում կայանատեղիներ նախատեսելու արգելք կամ թույլտվություն չկա: Խնդրում ենք պատասխանել՝ արդյո՞ք թույլատրվում է բազմաբնակարան շենքերի բակերում կամ ոչ գլխավոր փողոցներում վճարովի կայանատեղիների ծառայություն մատուցել: «Ժողովուրդ»-ը տեղեկություններ ունի, որ բակերում սկսվել են կայանատեղիների կազմակերպման աշխատանքները»:
Ահա թե ինչ է պատասխանել Երեւանի քաղաքապետարանն այս հարցին. ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տուրքի մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում, եւ այդ օրենքի իմաստով ավտոկայանատեղեր չեն կարող կազմակերպվել բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական շենքերի հարակից տարածքներում: Երեւանի ավագանու՝ Ձեր կողմից հիշատակված որոշման մեջ արգելված տարածքներում նախատեսված չէ կազմակերպել ավտոկայանատեղի»:
Սակայն գծանշումներ են կատարվել լուսացույցերի, հոծ գծերի, մշակութային եւ կրթական հաստատությունների մոտ, ինչը հակասում է վերոնշյալ օրենքին: Օրինակ՝ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց, որտեղ առկա է նաեւ հոծ գիծ, ինչպես նաեւ՝ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, որը մշակութային օջախ է: Ինչո՞ւ են Երեւանի մշակութային օբյեկտների դիմաց նախատեսվում կազմակերպել ավտոկայանատեղիներ. այս հարցին քաղաքապետարանը պատասխանել է դեմագոգիայի ժանրով. «Ավտոկայանատեղիները կարող են կազմակերպվել եւ շահագործվել միայն այն դեպքում, եթե նշված օրենքով ՀՀ կառավարության եւ ավագանու որոշմամբ սահմանված է որոշման կարգերի համապատասխանությունը»: Երեւանի քաղաքապետը, թերեւս, չի ցանկանում նկատել, որ գծանշումներով արդեն իսկ խախտվել են օրենքով ՀՀ կառավարության եւ ավագանու որոշմամբ սահմանված նորմերը:
Ի վերջո, եթե ավտոկայանատեղիների համար ծառայություն մատուցող ընկերությունը արդեն իսկ խախտումներ է թույլ տվել, ո՞վ է իրավասու կանխել ու վերացնել դրանք: Եվ մինչ օրս կոնկրետ ի՞նչ քայլեր են արվել: Այս հարցին Երեւանի քաղաքապետարանը պարզապես չի պատասխանել: Եվ դա բնական է: Մայրաքաղաքի գլխավոր «ստայանչիկը» սեպտեմբերից լինելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից Միխայիլ Հարությունյանը` ԱԱԾ նախկին փոխնախարարը՝ Քեթրինի Միհրանի` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռին: Ինչպե՞ս կարող է Տարոն Մարգարյանը հանձն առնել վերահսկել կամ կանխել նրա թերությունները:
«Ժողովուրդ-ը փորձեց կայանատեղիները սպասարկող ընկերություններից «Փարքինգ սիթի սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանից ճշտել, թե ինչու են օրենքի խախտումներով աշխատում. «Օրենքի համաձայն՝ բնակելի վայրերում ավտոկայանատեղիներ չենք պատրաստել, այլ այն իրականացնում ենք հանրային սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում: Իսկ դա չի նշանակում, որ հանրային փողոցներում բնակելի շենքեր կան, ուրեմն այն շարքային տարածք է: Եվ եթե բնակիչը ավտոմեքենան կանգնեցնում է իր շենքի դիմաց, որը հանրային սեփականություն է, ապա պետք է վճարի»: Այսինքն՝ բնակիչները, որոնք բակ չունեն եւ ստիպված մեքենաները կանգնեցնում են ճանապարհին, պետք է հարկադրաբար վճարեն մի ծառայության համար, որը պատասխանատու չէ մեքենայի անվտանգության համար:
Հ.Գ. 2012թ. ապրիլի տվյալներով՝ ՀՀ-ում ԱՊՊԱ է ստացել 341 հազ. 582 մեքենա: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Երեւանում ապրում է ՀՀ բնակչության գրեթե կեսը, նշանակում է, որ մայրաքաղաքում կա մոտ 170 հազ. 791 մեքենա: Հավանաբար «Փարքինգ սիթի սերվիս»-ը եւս այսպես է հաշվել, որ եթե 170 հազար 791 մեքենան տարեկան վճարեն 12-հազարական դրամ՝ որպես տարեկան վարձավճար, ապա կստացվի 2 մլրդ 49 մլն 492 հազար դրամ: Ինչպես հայտնի է, գանձվող հասույթի ընդամենը 30 տոկոսը, այսինքն՝ 614 մլն 847 հազար դրամն է մտնելու Երեւանի քաղաքապետարանի բյուջե: Իսկ 70 տոկոսը՝ 1 մլրդ 434 մլն 644 հազար դրամը, «Փարքինգ սիթի սերվիս»-ինն է լինելու: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս