Երկու օր է մնացել նոր ուսումնական տարվա սկսվելուն: Այդ պատճառով էլ այս օրերին Երեւանի տոնավաճառներում եռուզեռ է: «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նկատեց, որ տարիներ առաջ այս օրը բոլորի համար տոն էր, իսկ այսօր՝ ոչ: Հակառակը, ՀՀ-ում աստիճանաբար նվազում է աշակերտների թիվը, հետեւաբար փակվում են դպրոցները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ը կիրակի է՝ ոչ աշխատանքային: Ուստի դասերը կսկսվեն ամսի 2-ից: Բայց Երեւանի դպրոցների շուրջ 80%-ը ծրագրել է նոր ուսումնական տարվա միջոցառումը կազմակերպել հենց սեպտեմբերի 1-ին:
«Ժողովուրդ»-ը շրջեց երեւանյան տոնավաճառներում, զրուցեց ե՛ւ առեւտրականների, ե՛ւ գնորդների հետ: Առեւտրականները դժգոհեցին՝ նշելով, որ գնորդների թիվն իրականում պակասել է, ինչի պատճառով էլ առեւտուրը թույլ է:
Հ/կ-ի նախագահն առեւտրի թույլ լինելը կապում է արտագաղթի հետ: Նրա խոսքով՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից արտագաղթի ներկայացված իրական թվերն այդքան էլ արժանահավատ չեն եւ վստահություն չեն ներշնչում: «Մենք մեր մաշկի վրա ենք դա զգում ու մեր աչքերով տեսնում: Քաղաքի կենտրոնական մասում շրջելու ժամանակ նույնիսկ նկատում եմ, որ մարդկանց մեծամասնությունը Սիրիայից եկած են, երիտասարդների, երեխաների պակասը զգացվում է: Եվ, բացի այդ, տարիներ առաջ այս օրը բոլորի համար տոն էր: Տոն էր այն առումով, որ բոլոր երեխաները վազում էին, հագուստ էին ընտրում եւ ուրախանում: Չեմ ուզում մռայլ բաներ ասել, բայց հիմա ամեն ինչ դեպի վատն է գնում: Ընտանիքներ կան, որոնց բյուջեն չի բավարարում իրենց երեխաներին հագուստ եւ դպրոցական այլ իրեր գնելու համար»,-մեծ ափսոսանքով նկատեց Պողոսյանը:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը նաեւ ասաց, որ թեեւ երեւանյան հագուստի տոնավաճառներում առաջարկի բազմազանությունը չի ընդլայնվում, այլ նեղանում է, սակայն մարդկանց զգալի մասը, որն անվճարունակ է, օգտվում է նման տոնավաճառներից. «Չնայած ես դա չեմ համարում առեւտրի քաղաքակիրթ ձեւ, բայց, միեւնույն է, մարդկանց զգալի մասն այդտեղից է օգտվում: Մեր երկրում կա նաեւ մեկ այլ խավ, որի համար նման խնդիր գոյություն չունի՝ թանկացավ-չթանկացավ: Ճիշտ է, դեռ տարիներ առաջ հագուստի ընտրության սպեկտորն այսօրվա պես լայն չէր, իմպորտնի, բրենդային այդ կապիկություններն առաջ չկային»:
Ա. Պողոսյանի խոսքով՝ այսօր հայկական խանութներում եւ տոնավաճառներում շատ են չինական անորակ ապրանքները. «Մայրը օգոստոսի 31-ին գնել է դպրոցական պայուսակ, բայց սեպտեմբերի 1-ին այն երեխայի ուսերին անմիջապես քանդվել է: Երեխայի համար դա տրավմա է, չէ՞: Ամբողջ կյանքում կհիշի, չէ՞, որ սեպտեմբերի 1-ին գնացել է առաջին դասարան, եւ ճանապարհին պայուսակը պատռվել կամ պոկվել է: Այդ անորակ ապրանքների հոսքը չինական չարիքի պատճառով է»:
8-ամյա Մհերի ընտանիքը երկար տարիներ ապրում է վարձով բնակարանում: Մհերի փոքր քույրն արդեն վեց տարեկան է, բայց այս տարի չի հաճախի դպրոց, քանի որ ծնողները գումար չունեն դպրոցական պարագաներ գնելու համար: «Փող չունենք, որ ուղարկենք դպրոց: Մյուս տարի»,-հիասթափված նկատեց Մհերի մայրը:
47-ամյա Վարդուհի Հովսեփյանը ամեն երեխայի համար ծախսել է ավելի քան 50 հազար դրամ. «Պայուսակների գները սկսում են 6 կամ 7 հազար դրամից, իսկ մյուսների մասին ավելորդ է խոսել: Կիսաշրջազգեստը 8 հազար դրամ է, վերնաշապիկը՝ 6 հազար դրամ: Տետրերը 200 դրամ են: Ի՞նչ անենք: Ստիպված պետք է գնենք, որ երեխա են, հանկարծ իրենց վատ չզգան: Աստիճանաբար իրենց պահանջներն էլ մեծանում են»:
Իսկ առեւտրականները պնդեցին, որ այս տարի անցյալ տարվա համեմատ առեւտուրը շատ է նվազել. «Տեսնում եք՝ շուկայում ինչ վիճակ է, մարդ չկա, մի քանի հոգի, մինչդեռ այստեղ ասեղ գցելու տեղ չպիտի լիներ, ոնց որ նախորդ տարիներին: Հիմա մարդիկ դժվարությամբ են կարողանում մի կտոր հագուստ կամ կոշիկ գնել»:
«ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ, ՈՐ ՈՒՂԱՐԿԵՆՔ ԴՊՐՈՑ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ