Ինչպես հայտնի է՝ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց միանգամից երեք բարձրաստիճան գեներալների՝ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Բայց ինչպես երեւում է՝ ազատված գեներալներին «փրկում» են, իսկ նրանց ենթականերին կալանավորում:
Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից: Դեռեւս 2016 թվականի մարտի 21-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, եւ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար:
Այս հրապարակումից գրեթե մեկ ամիս հետո՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատեց ՊՆ փոխնախարար-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին: Ստացվում է, որ Արսեն Ղարիբջանյանը կալանավորված է, իսկ, ահա, նրա վերադաս Ալիկ Միրզաբեկյանը ընդամենը աշխատանքից ազատված:
Իսկ ինչ էր արել Ալիկ Միրզաբեկյանի ենթակայության տակ գործող գլխավոր մասնագետ Ղարիբջանյանը: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը տեղեկացել է, որ ՍՊԸ-ներից մեկը Պն-ին ապրանքը վաճառել է թանկ գնով: Ավելին՝ վերջինս իր վերադասից կոնկրետ հանձնարարական է ստացել՝ ստուգել ՍՊԸ-ի գործողությունները: Եվ, ըստ էության, վերջինս բացահայտել է, որ իսկապես ՍՊԸ-ն ապրանքը ՊՆ-ին թանկ գնով է վաճառել, եւ որպեսզի ՍՊԸ-ի ղեկավարությունը իրավապահների ձեռքը չհայտնվի, որոշել է նրանցից 5 միլիոն դրամ կաշառք վերցնել:
Այս պատմության մասին նա հայտնել է ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյան, որն էլ որոշել է օժանդակել Խաչատրյանին: Եվ, ահա, 2016 թվականի մարտի սկզբին Ղարիբջանյանը հանդիպել է ընկերության տնօրեն Ավագյանին եւ հայտնել գնդապետ Խաչատրյանի՝ 5 մլն դրամ կաշառք ստանալու պահանջի մասին, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը:
Չի բացառվում է, որ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը եղել է հենց այս դեպքը: Միգուցե նրա գլխավոր մասնագետը ասել է, որ իր վերադասը՝ Ալիկ Միրզաբեկյանը, տեղյակ է եղել իր գործողություններից, իսկ, ահա, իշխանական վերնախավում որոշել են վերջինիս պատժել ընդամենը աշխատանքից հեռացնելով, քանի որ աշխատակցին արդեն իսկ կալանավորել են: Նկատենք, որ այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ Արսեն Ղարիբջանյանը կաշառք վերցրել է, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում: Արդյո՞ք կաշառք վերցնող անձը կարող էր այդքան ակնհայտ գործել եւ հանդիպեր այն վայրում, որտեղ կարող էին նրան բռնել: Չի բացառվում, որ այն աստիճանի թիկունք է ունեցել` ի դեմս իր ղեկավարների, որ գործել է առանց վախի:
Դասեր չեն քաղում
Ինչպես նկատում ենք՝ միայն ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչությունում չէ կաշառքի դրսեւրումներ եղել: Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը աշխատանքից հեռացրել էր նաեւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Իսկ թե կոնկրետ ինչն էր եղել նրա հեռացման պատճառը, այդպես էլ չմանրամասնվեց: Սակայն ինչպես նկատում ենք՝ այս վարչությունը եւս տարիներ առաջ աչքի է ընկել աղմկահարույց յուրացման գործերով: Ինչպես պարզեցինք՝ 2003-2009 թվականներին ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետը եղել է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը: Նրա ղեկավարման տարիներին՝ մասնավորապես 2009 թվականին, պաշտպանության նախարարությունում հերթական գանձագողության եւ զենքի վաճառքի դեպքն էր բացահայտվել:
Կապի վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը մեղադրվում էր կապի ժամանակակից միջոցների եւ կապի տեխնիկական միջոցների մաքսանենգ առուծախի ու հարյուր-հազարավոր դոլարների հանցավոր յուրացման մեջ: Ու թեեւ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, սակայն Բաբուրյանն ընդամենը հեռացվել էր պաշտոնից:
Այս դեպքից հետո ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնում նշանակվեց Կոմիտաս Մուրադյանը, որին Սերժ Սարգսյանը ապրիլի 26-ին ազատեց աշխատանքից առանց հիմնավորման:
Ըստ էության Կոմիտաս Մուրադյանի համար իր նախորդի դեպքը դաս չէր եղել, եւ ինչպես ցույց տվեցին զարգացումները, նրա ղեկավարած ոլորտում եւս այնպիսի չարաշահումներ են հայտնաբերվել, որ բավարարվեցին միայն նրան աշխատանքից ազատելով:
Ինչպես նկատում ենք՝ հերթական անգամ «մանր ձկները» գտնվում են կալանքի տակ, իսկ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «խոշոր ձկները» ազատության մեջ են:
Քնար Մանուկյան