«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՐՎԵՍՏ ՎԱՃԱՌԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` Վիա բեմական անվամբ, երգարվեստի ասպարեզում ամենեւին էլ նոր մարդ չէ, տեսահոլովակ, ձայնասկավառակ ունի, բայց արի՛ ու տես, որ հարթակ չունի, որտեղից կարող է ներկայացնել իր արվեստը:
Սովորել է Ջիվանու, Արմեն Տիգրանյանի երաժշտական դպրոցում, երգել է «Շիրխանի» ավանդական երգի պարի համույթում, վոկալ է ուսանել Կոնսերվատորիայում՝ Արզաս Ոսկանյանի մոտ: Երգում է ժողովրդական, ազգագրական, էստրադային երգեր… Մասնակցել է տարբեր համերգների, միջոցառումների:
Մասնագիտությամբ բանասեր է, ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, գիտական տարբեր հոդվածների հեղինակ է, դասախոս է աշխատել Արմեն Խոստիկյանի անվան բեմարվեստի ակադեմիայում, դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն: Հիմա Վարդուհին հանդես է գալիս նաեւ որպես երգերի հեղինակ:   
-Ի՞նչն է խանգարում Ձեզ որպես երգչուհի առաջ գնալ:
-Ֆինանսականը եւ, ինչպես ասում են, ծանոթ-բարեկամ: Այս ընթացքում ինչի հասել եմ, իմ ուժերով եմ հասել: Մի պահ, երբ չունեի ֆինանսական հնարավորություն, որոշեցի դադար տալ երգչուհու իմ կարիերային ու սկսեցի երգեր գրել: Մի քանիսն արդեն կատարում են «Սասնա ծռեր» համույթը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), «Արեւներ» մանկական համույթը, մի նոր հայրենասիրական երգ էլ Աիդա Սարգսյանի մոտ  է, ներկա պահին գործիքավորման ընթացքում է:
-Սահմանե՞լ եք որեւէ հստակ գումար Ձեր երգերի համար:
-Ես ընդհանրապես գումար չեմ նշում, երբ որեւէ մեկին երգ եմ տալիս, ոչինչ չեմ պահանջում: Օրինակ՝ «Արեւներ» համույթի հետ իրենց իսկ նախաձեռնությամբ կնքեցինք երկկողմանի պայմանագիր, իրենք էլ առաջարկեցին իրենց գումարի չափը:
-Չե՞ք ուզում դա բիզնեսի վերածել:
-Գումարի կարիք բոլորս էլ ունենք, բայց չեմ ուզում արվեստ վաճառել կամ ասել՝ այս երգի համար այսքան գումա՛ր տվեք: Թող յուրաքանչյուրն իր ձեւով գնահատի իմ աշխատանքը:  
-Փաստորեն, հիմա որպես երգչուհի դադարի մե՞ջ եք:
-Տեսողական դադար է, բայց մի նոր, հեղինակային երգ ունեմ` «Հայ զինվոր», պաշտպանության նախարարության աջակցությամբ պատրաստվում եմ այն գործիքավորել, մինչեւ սեպտեմբերի վերջ պատրաստ կլինի:
-Երբ Ձեր տեսահոլովակը որեւէ հեռուստաընկերություն եք տանում, ինչպե՞ս են պատճառաբանում իրենց մերժումը:
-Վերջին տարիներին չեմ էլ դիմել, բայց երբ տարիներ առաջ տանում էի, կոնկրետ գումարն էին նշում, ինչը ես չէի կարող վճարել՝ չնայած շատ հեռուստաընկերություններից էլ շնորհակալ եմ, որ ցուցադրել են: Եթե շատ անկեղծ լինեմ, կասեմ, որ գումար ունենալու դեպքում ես էլ կվճարեի, որովհետեւ տեսնում եմ, որ այսօր այդպես է: Այս պահին իմ գնահատականը ժողովրդի ծափահարություններն են: Բայց ես տարբեր համերգների եմ մասնակցում, միշտ կենդանի եմ երգել, ոչ մի ֆոնոգրամա: Ես դրանով եմ ինձ լավ զգում, որ երգս հուզում է հանդիսատեսին:
-Խանդով չե՞ք վերաբերվում, երբ Ձեր երգերն ուրիշներն են կատարում:
-Ընդհակառակը, ուրախանում եմ: Եթե ես չունեմ հնարավորություն լավ գործիքավորելու, թող ուրիշները դա ներկայացնեն: Ունեմ ինձ համար գրված երգեր էլ, բայց դե աջակցություն է պետք դրանք կյանքի կոչելու համար…
-Գուցե դիմեք մասնավոր կազմակերպությունների կամ անհատի՞:
-Մի տարի դիմել եմ պատգամավորներից մեկին, անունը հիմա չեմ նշի, բայց խաբեց: Սկզբում խոստացավ, որ կօգնի, հետո ասաց՝ իսկ ինչո՞ւ պետք է հովանավորեմ: Ու այնքան ծիծաղելի գումար էր, որ դրա համար անգամ չարժեր խաբել, ընդամենը 1000 դոլար: Շատ վիրավորվեցի:
Ինձ այս պահին ամենից շատ հարկավոր է, որ արվեստս ըստ արժանվույն գնահատվի: Շատ անգամ նայում ենք տեսահոլովակներ, որ ո՛չ երգիչը ձայն ունի, ո՛չ տեսահոլովակի սյուժեն է լավը, բայց քանի որ գումար են ծախսել, իրենց երեւալու հնարավորություն են տալիս: Լավ կլիներ, որ առաջ մղեին իսկապես տաղանդավորներին, ոչ թե նրանց, ովքեր գումար ունեն: Կոտրվում ես մերժումներից: Չեմ ասի, թե մի քանի տարի առաջ որ հեռուստաընկերություն էի տարել տեսահոլովակս, գիտե՞ք՝ ինձ ինչ ասացին. «Էժան տեսահոլովակ է»: Հետաքրքիր է ստացվում, չէ՞, ի՞նչ կապ ունի՝ որքան գումար ես ծախսել տեսահոլովակ նկարելու վրա, իսկ ե՞րգը… Չեմ ուզում ինձ գովել, բայց շատերից այսօր լավ եմ երգում: Տարիներ առաջ «Ստերեոստուդիա»-ում ամեն ամիս հյուր էի լինում, իսկ վերջում պարտադիր ինձ ասում էին` ակապելա՛ երգիր: Չգիտեմ՝ այս պահին ինչ է կատարվում, շատ բաներ ինձ հիասթափեցնում են թե՛ շոու բիզնեսում, թե՛ այս ներքաղաքական կյանքում: Ես կարծում եմ, որ արվեստում պետք է արվեստ լինի, բայց ոչ բիզնես: Բիզնեսն առեւտուրն է, դժվար թե այն որակ ապահովի: Ցավոք, հիմա միայն դա է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս