Հենց ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո զգացվեց, որ անհրաժեշտ է առավել հիմքային ու գլոբալ գործողությունների դիմել. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կայացած կառավարության նիստում հայտարարել էր՝  թերությունն ուղղելու ժամանակն է: «Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»:

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ, ով կարծում է, որ վարչապետի արած հայտարությունը չափազանց կարեւոր էր:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տնտեսությունում առկա են ոլորտներ, որոնք շտապ միջամտության անհրաժեշտություն ունեն: Կարևոր է, որ կառավարությունը տեսնում է դրանք և տեսնելուց բացի` նաև քայլեր անում, դրանք շտկելու համար: Նմանօրինակ համընդհանուր գործընթացները, բնականաբար, պետք է հայտարարությամբ մեկնարկեն, որտեղ հասարակությանը հստակ ներկայացվում են առկա բացերը և դրանց շտկման մեթոդները: Գերծախսերը, տարատեսակ վերանորոգումներն ու մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծախսերը պետք է առավել խիստ վերահսկվեն և այո՛, անարդյունավետ լինելու դեպքում՝ կրճատվեն և ուղղվեն առավել կարևոր խնդիրների հաղթահարմանը»:

Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք պետք է տեղի ունենային վերջին իրադարձությունները, որ իշխանությունները զգային այդ նշված քայլերի հրատապ ձեռնարկման անհրաժեշտությունը, պատգամավորը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ նման արմատական քայլերի գնալու միակ պատճառը ապրիլյան դեպքերն են, բայց ինչպես վարչապետն իր խոսքում ընգծեց, և ես համամիտ եմ այդ պնդման հետ, որ հենց ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո զգացվեց, որ անհրաժեշտ է առավել հիմքային ու գլոբալ գործողությունների դիմել:
Անհրաժեշտ է սպասել արդյունքներին և տեսնել` որքանով և ինչ եղանակներով են իրականացվում բոլորի համար ցանկալի վերոնշյալ գործընթացները»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս