ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Երեկ ԱՄՆ մեկնեց երգիչ Ռազմիկ Ամյանը, որն օգոստոսի 31-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մենահամերգ ունի: Երգչի մենահամերգը տեղի կունենա ԱՄՆ-ում «Հայկական երիտասարդաց միության» 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի փոխանցմամբ՝ այս անգամ նրանք մեկնելու են նվագախմբի բոլոր երաժիշտների հետ եւ օվկիանոսից այն կողմ անցկացնելու են 4 օր:
ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ՝ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ԻՆ
Օգոստոսի 28-ի գիշերը միլիոնավոր ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում Իսպանիայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ի եւ գավաթակիր «Ատլետիկո»-ի՝ Իսպանիայի սուպերգավաթի համար պատասխան հանդիպումն էր: Երկու խաղի արդյունքում (1:1, 0:0)՝ հյուրընկալվելիս հեղինակած գոլի շնորհիվ մրցաշրջանի առաջին մրցանակը նվաճեց «Բարսելոնա»-ն: Հանդիպումն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, «դեղին» եւ «կարմիր» քարտերով: Երկու թիմերն էլ հրաշալի հնարավորություններ ունեին, սակայն դարպասապահները գործեցին անսխալ, ինչը չես ասի, օրինակ, Լիոնել Մեսսիի մասին, որը չիրացրեց նույնիսկ 11-մետրանոց տուգանային հարվածը: Առանձնապես աչքի չընկավ նաեւ բրազիլացի Նեյմարը։ Բայց չպետք է մոռանալ, որ առաջնությունը նոր է մեկնարկել, ու ֆուտբոլիստները գտնվում են վատ մարզավիճակում։
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐՈՏԱԽՏ
Կիեւում մեկնարկած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում օղակներով վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ուկրաինան ներկայացնող Աննա Ռիզատդինովան։ Պարգեւատրումից հետո կազմակերպիչները սխալմամբ միացրել են ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի օրհներգը։ Քիչ անց նրանք ուղղել են իրենց սխալը, բայց, ամենայն հավանականությամբ, ոմանց մոտ դեռեւս թարմ են խորհրդային տարիների հիշողությունները: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ՌԴ օրհներգի երաժշտությունը նախկին ԽՍՀՄ օրհներգինն է։
ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ
«Խաղաղ օվկիանոսի արեւադարձային հատվածի ջրերի սառչելը գլոբալ տաքացման գործընթացը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է»,-գրում է The Guardian-ը:
Գիտնականներին հաջողվել է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է անցած տասնամյակի ընթացքում մակերեւույթի գլոբալ միջին ջերմաստիճանը համեմատաբար ավելի դանդաղ աճել, քան նախկինում` չնայած ընդհանուր միտմանը: Պարզվում է՝ Խաղաղ օվկիանոսի արեւելյան արեւադարձային հատվածի ջրերը բավական ինտենսիվ կերպով սկսել են սառչել, ինչը կապված է, այսպես կոչված, խաղաղօվկիանոսյան տասնամյա տատանման հետ: Մասնագետները գտնում են, որ սառեցման այս փուլը կարող է տարիներ տեւել: Ի դեպ, վերջին նմանատիպ փուլը տեւել է 1940-ականներից մինչեւ 1970-ականները: Գիտնականների խոսքով` օվկիանոսը մեծ դերակատարում ունի մոլորակի ջերմաստիճանի կարգավորման հարցում: