Թող չգնա հանդիպման, մինչև Արցախը ներգրավված չլինի. քաղաքագետը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 16-ին գտնվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։  Հանդիպմանը ներկա են լինելու նաեւ ԱՄՆ պետքարտուղարի  ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերները։

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ, ով նշեց, որ առանձնապես որեւէ ակնկալիք չունի  այդ հանդիպումից:

«Ճիշտ կլիներ, որ չգնար, չհանդիպեր: Ինչու՞ է գնում եւ ինչու՞ հանդիպում մարդասպանին.  պատերազմը մի բան է, գլուխ կտրելը՝ մի այլ,  դա ոճրագործություն է:  Նրանք ո՛չ դա ընդունում են, ո՛չ էլ զղջում, իսկ նախագահի առաջադրած պայմաններից եւ ոչ մեկը չկա,  բա մեր սկզբունքային քաղաքականությունը ո՞րն է, երկրի անվտանգությունը ո՞րտեղ է, երբ միջնորդներն անգամ չեն պարտավորեցնում Ադրբեջանին, որ փոխի դիրքորոշումը:  Եթե գնում է այն տեսքով, ինչ կար, այն, որ միջնորդներն են առաջարկում, ուրեմն նշանակում է, որ ամեն ինչ նույնն է լինելու, բան չենք շահելու. սահմանին կրկին ավելի շատ կրակոցներ, տարբեր զինատեսակներ, իսկ ամեն հարմար պահի նրանք կրկին գրոհելու են»:

Իսկ մեր այն հարցին, թե որն է այս պարագայում լավագույն լուծումը, քաղաքագետը պատասխանեց.

«Լուծումը կլինի նոր ձեւաչափի մշակումը, այն է՝ դիտել Արցախի պայքարը որպես ազգային-ազատագրական պայքար: Այս պարագայում ՄԱԿ-ի կանոնադրությունը ուրիշ խնդիրներ է առաջադրում, իսկ  այդ երեք նախագահները  համառորեն խուսափում են դրանից, քանի որ դրսում չեն ուզում ընդունել դա, իրենք էլ գնում են այդ ճանապարհով,  որը Արցախին եւ Հայաստանին ոչինի չի տալիս: Իսկ ի՞նչու Արցախին չեն կանչում այդ բանակցություններին: Թող չգնա հանդիպման մինչեւ Արցախը ներգրավված չլինի կամ էլ գոնե եթե գնում է, թող Արցախից մանդատ ստանա»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս