Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է եւ օգտագործվել:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ էր իրականացվել, ինչի կազմակերպման կասկածանքով կալանավորվել էին Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Մի քանի օրից կլրանա կատարված միջադեպի մեկ տարին, իսկ, ահա, մինչ օրս կալանավորված անձանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Հենրիկ Ավագյանը, որին մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով, ընդունել է, որ ինքն է կրակել մարզպետի մեքենայի ուղղությամբ, սակայն ոչ սպանելու, այլ վախեցնելու նպատակով:
Իսկ ի՞նչ նպատակով է Հենրիկ Ավագյանը ցանկացել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հենրիկ Ավագյանը Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ խնդիրներ է ունեցել: Վերջինս իրավապահներին պատմել է, որ համայնքի ղեկավարը տիրացել է իր հոր այգիների տարածքին ու այնտեղ խաղատուն կառուցել: Հենրիկ Ավագյանի խոսքով՝ ինքը խնդրի մասին տեղյակ է պահել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որ Սամվել Սարգսյանն անօրինականություններ է թույլ տալիս, մարզպետն էլ խոստացել է խնդիրը կարգավորել, սակայն այդպես էլ որեւէ քայլ չի կատարել, ու նա որոշել է վախեցնել մարզպետին, որպեսզի կատարվածը, ըստ էության, մյուսների համար դաս լինի:
Այս գործով մի շարք փորձաքնություններ նշանակվեցին, եւ աղմկալի փորձաքննությունից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ մահափորձի գործով կալանավորներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը ազգային անվտանգության ծառայության սենյակներից մեկում գաղտնի խոսակցություն են ունեցել մարզպետի դեմ մահափորձի թեմայով: Կալանավորվածները անկեղծացել են` վերլուծելով կատարվածը:
Իրավապահ համակարգից «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ն երկու կալանավորվածների գաղտնի ձայնագրությունն ուղարկել է փորձաքննության՝ հասկանալու համար, թե ինչ են խոսել կալանավորվածները, եւ արդյո՞ք խոսակցություն վարողները հենց իրենք են, թե ոչ: Իրավապահները վերծանելով խոսակցությունը՝ ահա թե ինչ են բացահայտել:
Մեր աղբյուների փոխանցմամբ՝ ձայնագրության մեջ լսվել է, թե ինչպես է Հենրիկ Ավագյանը Գարեն Աթաջյանին ասել, որ ինքն է անձամբ կատարել մահափորձը, եւ Արա Բուդաղյանը այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում: Երկու կալանավորվածները նաեւ խոսել են, թե ինչպես է Հենրիկը վերցրել զենքն ու որոշել կրակել մարզպետ Խաչատրյանի վրա:
Չի բացառվում, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միտումնավոր երկու կալանավորներին թողել են ԱԱԾ-ի սենյակներից մեկում՝ փորձելով հասկանալ, թե կալանավորվածները ինչ են խոսելու, որը կարող է օգնել գործի բացահայտմանը: Սակայն ինչպես ցույց է տվել փորձաքննության եզրակացությունը, Հենրիկ Ավագյանը գաղտնի խոսակցության ժամանակ անկեղծանալով՝ իր ծանոթ Գարեն Աթաջյանին ասել է, որ Արա Բուդաղյանը այս պատմությանի հետ որեւէ կապ չունի, եւ չէր կարող նրա պատվերով կրակել: Ի դեպ, հավելենք, որ նա իր ցուցմունքում եւս պնդել է այդ մասին:
Այսպիսով՝ 7 օրից կլրանա մարզպետի դեմ մահափորձի գործով նախաքննությունը, եւ պարզ կլինի՝ արդյո՞ք հարուցված քրեական գործի նախաքննությունը կերկարաձգվի, թե՞ կուղարկվի դատարան: Ըստ էության, ԱԱԾ քննիչներն այնպիսի հիմնավոր պատճառաբանություն պետք է ներկայացնեն, որպեսզի գործը դատարան ուղարկելու փոխարեն շարունակեն երկարացնել նախաքննության ժամկետը: Իսկ կա այդ հիմնավոր պատճառը, թե ոչ, պարզ կլինի մեկ շաբաթից:
Քնար Մանուկյան