«Հռոմի Պապի այցը Հայաստան այս ամառ տեղի է ունենում երկրի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում», – Panorama.am-ի հաղորդմամբ՝ գրում է Catholic News Agency-ն «Ինչու է Ֆրանցիսկոս Պապի այցը կարևոր հայերի համար» հոդվածում, որի հեղինակները հարցազրույց են ունեցել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան նախատեսված է հունիսի 24-26-ին: Ընթացիկ տարին կաթոլիկ աշխարհի օրացույցում նշվում է, որպես Ողորմածության տարի (Extraordinary Jubilee of Mercy), և հայ ժողովուրդը մեծ կարևորություն է տալիս հենց այս ընթացքում Հռոմի Պապի այցելությանը Հայաստան, ասել է Մ.Մինասյանը:
Հայ ժողովուրդը սովորել է ուժեղ լինել իր պատմության շնորհիվ, ասել է դեսպան Մինասյանը՝ հղում անելով մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությանը, որին զոհ են գնացել 1.5 միլիոն հայեր:
«Ուժի դրսևորում է սեփական պատմությունը հիշելը, ուժի դրսևորում է սեփական պատմությունը հասկանալը, ուժի դրսևորում է սեփական պատմությունը ընդունելը»,-ասել է Մինասյանը՝ խոսելով հայ ժողովրդի մասին: Նա նաև ավելացրել է, որ հարյուրամյա տարելիցը անցյալ տարի ժամանակն էր իմաստավորելու հայ ժողովրդի հետ տեղի ունեցած վերափոխումը և առաջընթացը:
«Հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում անարդարությունը վերապրելը: Մենք աշխարհին հնարավորություն տվեցինք հասկանալու, թե ինչ է ցեղասպանությունը և ինչ է ցեղասպանության հերքումը: Եկեք չմոռանանք, որ «ցեղասպանություն» եզրը ինքնին ստեղծվել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հիման վրա», – մեջբերում է դեսպանի խոսքը Catholic News Agency-ը:
Դեսպանը նաև ասել է, որ անցյալ տարին նաև երախտագիտություն հայտնելու մի ժամանակ էր բոլոր նրանց, ովքեր պաշտպանել էին հայերին և բարձրացրել են աշխարհում Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մակարդակը, ներառյալ Ֆրանցիսկոս Պապին, ով նշել էր, որ ընդունել էր նաև ցեղասպանության կրոնական երանգ ունենալու փաստը:
«Մենք չափազանց շնորհակալ ենք բոլոր մեծ և փոքր ազգերին, շնորհակալ ենք Ֆրանցիսկոս Պապին, ով իսկապես պատմական մի քայլ կատարեց (2015թ) ապրիլի 12-ին՝ իրերն իրենց անունով կոչելով և հայ նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ մատուցելով», – ասել է դեսպան Մինասյանը:
«Անշուշտ, Ֆրանցիսկոս Պապը ամենահիմնարար քայլերից մեկը կատարեց Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագին հրավիրելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդներին և Սուրբ Գիրգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելով», – ավելացրել է Մինասյանը:
Պարբերականը հիշեցնում է, որ Պապը ամուր կապեր է պահպանել հայ համայնքի հետ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակից ի վեր, իսկ նախորդ դարի սկզբին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայեր ապաստանել էին հենց Արգենտինայում՝ կազմելով աշխարհում ամենաբազմամարդ հայ համայնքներից մեկը:
Հայ ժողովուրդը «ուրախությամբ է սպասում» Ֆրանցիսկոս Պապի այցելությանը, ասել է դեսպան Մինասյանը:
«Հայ ժողովուրդը մեծ ցնծությամբ է սպասում այցին՝ իրենց սեփական հիշողությունը ի ցույց դնելու համար: Ֆրանցիսկոս Պապը գնում է Հայաստան հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ մեծ հարգանքով և սիրով լցված: Այս այցը նաև այսօր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևոր նշանակության ճանաչումն է», – հավելել է Մինասյանը:
«Նորին Սրբության այցը Հայաստան հենց Ողորմածության տարվա ընթացքում ևս մեկ փաստ է, որը մենք բարձր ենք գնահատում», – մեջբերում է դեսպանի խոսքը Catholic News Agency-ն:
Դեսպանը նաև ընդգծել է, որ Սրբազան Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հատկապես նշանակալից է որոշ թուրք քաղաքական գործիչների և այլ քաղաքական առաջնորդների կողմից ցեղասպանության կամ դրա համար պատասխանատվության շարունակական հերքման ենթատեքստում:
«Մենք չենք փակում այս տարին կամ չենք շրջում էջը: Մենք նոր գիրք ենք բացում, և այդ նոր գիրքը վերնագրված է «Ժխտողականության դեմ պայքար», որի ականատեսն ենք մենք բոլորս լինելու», – եզրափակել է իր խոսքը դեսպանը, նշելով, որ մարդկանց մեծամասնությունը այլևս չի հերքում Հայոց ցեղասպանությունը, «քաղաքական գործիչներն են հերքում»:
«Առանձնազրույցներում նրանք ընդունում են, բայց քաղաքական նպատակների համար հանրության առջև ժխտում են ցեղասպանության փաստը: Քաղաքական դրդապատճառներով ժխտողականությունը ամենասարսափելին է, որ կարող է լինել», – ընդգծել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: