ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթնանալով ամառային թմբիրից՝ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների՝ ուսման վարձերի բարձրացման դեմ կազմակերպած հանրահավաքին: Ավելին, Ծառուկյանը նույնիսկ ելույթ է ունեցել ու այդ ինստիտուտի ռեկտոր Վարագ Առաքելյանին խիստ զգուշացրել. «Եթե կլինեն ուսանողներ, ովքեր կբողոքեն, կդժգոհեն, հուզված վիճակում ինչ-որ քայլեր կկատարեն կամ կասեն, ապա նրանց ոչ թե պետք է ընդունել որպես թշնամի, այլ հասկանալով իրենց վիճակը՝ մտնել նրանց դրության մեջ, լսել նրանց, փորձել լուծումներ գտնել, որտեղ որ չեք կարողանա, ես կվերցնեմ ինձ վրա»:
Ի դեպ, երեկ՝ ուսանողների հետ կազմակերպած հանրահավաքում, նա նաեւ քաղաքական հայտարարություններ է արել՝ ասելով. «Գնաճի, թանկացումների եւ կյանքի վատացման հետ կապված՝ հարցի լուծումը տնտեսության զարգացումն է, թե չէ մնացածը հեքիաթներ են, որը մենք ամեն օր լսում ենք… Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթեւացնում են, արտոնություններ տալիս, որ մարդիկ կարողանան աշխատել, որ գործազրկություն չլինի: Հիմնական մոտեցումը սա է: Այլ լուծում չկա»: Փաստորեն, ԲՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ ժողովրդի վիճակի մասին հիշում է ըստ անհրաժեշտության: Երկար ժամանակ է, ինչ այս կուսակցությունը՝ որպես քաղաքական միավոր, կենդանության նշաններ ցույց չէր տալիս, սակայն սեպտեմբերից կրկին հիշել են, որ իրենց «խոսքը գործ է»:




Լրահոս