Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել ասֆալտապատման աշխատանքների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի  քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով   քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է  6  դեպք: 2  հասցեներում կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ  հսկողությունը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսանորոգման ու ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել իրականացվող աշատանքների որակն ապահովելու ուղղությամբ:

«Հանգստյան օրերին անձամբ եմ շրջել քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ ընթանում են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ,  և բացի բանվորներից, այլ աշխատակցի չեմ տեսել այնտեղ: Նրանց հետ խոսելով՝ պարզեցի, որ աշխատանքի վերահսկողությունը չափազանց թույլ է: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Խիստ հետևե՛ք աշխատանքների որակին: Եթե չի ապահովվում համապատասխան որակ, ապա տեղում դադարեցրե՛ք աշխատանքները», – նկատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի անձամբ վերահսկեն աշխատանքները:

Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 26 արձանագրություն: Բացի այդ, նախորդ շաբաթ ևս շարունակվել են հասարակական տրանսպորտում շահագործվող շարժակազմերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքները: Ադյունքում 9 տրանսպորտային միջոց ժամանակավորապես դուրս է բերվել երթուղուց` հայտնաբերված թերացումները վերացնելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս ուղղությամբ տարվող աշխատանքները  ևս պահել մշտական հսկողության տակ:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Շարունակվում է նաև խիստ հսկողությունը բազմաբնակարան շենքերի շքամուտքերում առևտրի իրականացման դեպերի վերացման ուղղությամբ: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 3 լքյալ կրպակ:  Զեկուցվել է, որ հունվարի մեկից մինչ օրս արդեն իսկ ապամոնտաժվել է լքյալ 80 կրպակ:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 40 վարչական արձանագրություն: Հանձնարարվել  է խստացնել իրականացվող հսկողությունն ու ակտիվացնել աշխատանքները:




Լրահոս