Հրազդանի քաղաքապետի` այս տարվա ապրիլի 17-ին, այսինքն՝ քառօրյա պատերազմից հաշված օրեր անց տեղի ունեցած ընտրություններից առաջ հանրությունն ակնկալում էր, որ այս անգամ, երբ սահմանին կանգնած հայ զինվորը Հայրենիքը պաշտպանելու համար իր կյանքն է զոհում, ՀՀ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին կապերից չեն արձակի եւ ընտրողների վրա բաց չեն թողնի: Սակայն ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ինչպես հենվել է ընտրակեղծարարների վրա, այնպես էլ շարունակում է վարվել: Երիցս ապացուցվեց, որ ընտրակեղծարարը անհայրենիք եւ պիղծ է, նրա միակ սրբությունը փողն ու իշխանությունն է:
Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռեւս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին: Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին եւ անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին: Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին եւ բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, եւ ոչինչ նրան չի շտկի:
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու արդյունքում Արագածոտնի եւ Շիրակի մարզպետներ Սարգիս Սահակյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն իրենց պաշտոնները զիջեցին դաշնակցականներ Գաբրիել Գյոզալյանին եւ Հովսեփ Սիմոնյանին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իրենց պորտֆելները հանձնեցին դաշնակցական Արծվիկ Մինասյանին ու Լեւոն Մկրտչյանին: Բոլոր չորսն էլ մինչեւ օրս շարունակում են առանց պաշտոնի մնալ, այլ կերպ ասած՝ համալրել են գործազուրկների շարքերը: «Ժողովուրդ»-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց պարզել, թե իրենց կուսակիցներին ինչու նոր պաշտոններ չեն տալիս: «Շիրակի եւ Արագածոտնի մարզպետների պահով չեմ կարող ասել, դա հանրապետության ղեկավարության խնդիրն է, կադրային փոփոխություններ են: Նրանք այն մարդիկ են, որ կարող են օգտակար լինել մեր հանրությանը: Դա ժամանակի խնդիր է: Իսկ պարոն Աշոտյանը այսօր զբաղվում է կուսակցական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Սակայն ուշագրավն այն է, որ ոչ թե կոսմետիկ, այլ հիմնանորոգում է իրականացվում: Այսինքն՝ պատերի ողջ հարդարանքը, այդ թվում՝ հաղորդալարերը, ջանում են փոխել: ՊԵԿ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերանորոգման անվան տակ իրականում մաքսային ծառայության «ժուչոկազերծում» է տեղի ունենում: Բանն այն է, որ ՊԵԿ-ում համոզված են, որ իրենց գերատեսչության նախկին ղեկավարությունը համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու համար մաքսային ծառայության բոլոր աշխատասենյակները հատուկ գաղտնալսման սարքերով «կահավորած» է եղել: ՊԵԿ նոր ղեկավարությունը կա՛մ փորձում է ամբողջությամբ ազատվել «ժուչոկներից», կա՛մ էլ նորերը դնել:
Նախօրեին «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի ձերբակալության պատմությունը երեկ արդեն, կարելի է ասել, առավել հասկանալի դարձավ: Այլեւս պարզ է, որ այս գործընթացը ներիշխանական հերթական «ռազբորկաների» մի մասն է: Իսկ ավելի կոնկրետ՝ իշխանության, այսպես կոչված, «երիտթեւը», կամ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը որոշել է հնաբնակներին մահացու հարվածներ հասցնել նաեւ լրատվական դաշտով: Իշխանության հնաբնակները մի վատ հատկություն ունեն` սիրում են մեկը մյուսի վրա պատվերներ տալ տարբեր կայքերում: Վերջին տարիներին խնդիրը լուծել են հատուկ այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային կայքերի միջոցով: Իհարկե, բոլորն այդ մասին գիտեն, բայց մի բան է ենթադրելը, մեկ այլ, երբ այդ ամենը սկսում է քրեական գործի նյութերի տեսք ստանալ: Արդյունքում, այս օրերին բոլորը սրտատրոփ սպասում են, տեսնեն՝ իրենց «պատվերների» պատմություննե՞րն էլ ջրի երես դուրս կգան, թե՞ այս անգամ «կպլստան»:
ՓՆԹԻՈՐԵՆ
Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աժ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: Ուշագրավ է, որ այդ փաստին անմիջապես արձագանքեց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը` հայտարարելով, թե «Մոսկվան հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են խախտել ձեռք բերված փխրուն խաղաղությունը։ Երեւանը ԼՂ ճանաչման հետ կապված որեւէ գործընթաց չի համաձայնեցրել Մոսկվայի հետ»: Ահա այս հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի մամլո խոսնակի ֆեյսբուքյան էջում գրառում հայտնվեց այն մասին, որ «այս փուլում Արցախի անկախության ճանաչման օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել»: Այս «սրբագրումը» շտապեց քիչ ավելի ուշ երկրորդել նաեւ ՀՀ ԱԳՆ` հայտարարելով. «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` ԼՂՀ ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը: Որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր՝ նման կարեւոր որոշման կայացման պարագայում ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»:
Այդպիսով` Երեւանը դեռ Արցախի ճանաչման գործընթացը չսկսած` տեղի է տալիս արտաքին ճնշումներին` դրանով ի սկզբանե արդեն իսկ արժեզրկելով ողջ գործընթացը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն էլ ասել էր, թե իրեն Երեւանում վստահեցրել են, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, այլ ոչ թե միակողմանիորեն: Եվ երբ կառավարությունում այս կարեւորագույն օրինագծին տրված եզրակացությունը հաստատվում էր, թերեւս արժեր, որ լիներ հարցի շուրջ գոնե ձեւական, մի փոքրիկ քննարկում եւ հենց այդ պահին ներկայացվեր, որ այդպիսով ՀՀ կառավարությունը ոչ թե հավանություն է տալիս Արցախի ճանաչման մասին օրինագծին, այլ ընդամենը հաստատում է ներկայացված եզրակացությունը: Դա հնարավորություն կտար խուսափելու ադրբեջանական կողմի շահարկումներից, թե Հայաստանի իշխանությունները շարժվում են կես քայլ առաջ, մեկ քայլ հետ սկզբունքով, եւ, ամենակարեւորը, երկրի ներսում կբացառեր այն կասկածները, որ կառավարության ուշացած սրբագրումն արվեց Մոսկվայից ստացված զանգից հետո:
Ի վերջո, Արցախի ճանաչման այս կարեւորագույն, թերեւս, վերջին քայլն այն խաղաքարտը չէ, որի հետ կարելի էր նման փնթի կերպով վարվել:
Հ. Գ. Երեկ երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո, Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ «ՀՀ նախագահի հստակ արտահայտած կարծիքն առ այն, թե Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, մնում է ուժի մեջ»: