ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի Ագապի Մելքոնյանից, որն ասաց. «Իմ երեխան մեկ տարի էր, ինչ հ. 90 մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված էր: Եվ ինձ նախորդ շաբաթ այդ մանկապարտեզից զանգահարեցին ու խնդրեցին, որ երեխայի հետ միասին գնամ այնտեղ: Բայց քանի որ քաղաքում չէինք, զանգահարողին խնդրեցի տնօրինությանը  փոխանցել, որ մի քանի օրից կարող եմ գնալ: Նա էլ ասաց լավ ու անջատեց: Հետո գնացի ու պարզեցի, որ իմ բալիկի փոխարեն ընդունել են մեկ այլ բալիկի»: Վրդովված քաղաքացին, վերցնելով իր երեխայի փաստաթղթերը գնացել է թաղապետարան եւ մոտեցել կրթության վարչության պետին: «Խնդրեցի հարցը լուծել: Սակայն նա էլ կոպիտ տոնով պատասխանեց, որ ոչինչ հնարավոր չէ անել»,-պատմեց Ագապին: Այս ամենից հետո քաղաքացուն ի վերջո հաջողվել է երեխային տեղավորել մեկ այլ մանկապարտեզում, բայց նա տարակուսում է, որ «փաստորեն, վերեւներից պետք է մի ծանոթ ունենաս, որ երեխադ մանկապարտեզ գնա»: Իսկ մանկապարտեզի տնօրեն Նունե Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, արդարացավ՝ ասելով. «Նա շտապում էր եւ ասաց, որ իրեն տանք իր թղթերը: Մենք էլ ասացինք՝ եթե կարողանում եք մեկ այլ մանկապարտեզում տեղավորել երեխային, գնացե՛ք, տեղավորե՛ք»:




Լրահոս