«ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԿԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22 տարի առաջ մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվեց պայմանագիր, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին եւ հարաբերական խաղաղությանը: Այն խախտվեց Ադրբեջանի կողմից 2016 թ.-ի ապրլի 2-ին: Հեռավոր 1994 թվականին ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

Արդեն մայիսի 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջեւ ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ մտավ 1994 թ.-ի մայիսի 12-ից: Այդ օրը Մոսկվայում հանդիպում կազմակերպվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատեցին, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը:
Բիշքեկյան արձանագրության տակ պատվիրակությունների անունից ստորագրել է նաեւ այն ժամանակ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վլադիմիր Շումեյկոն: «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել վեհաժողովի նախկին նախագահին:
-Պարո՛ն Շումեյկո, կհիշեք` ինչպե՞ս ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը:
-Այն ժամանակ, երբ մենք հավաքվում էինք, Բիշքեկ հրավիրեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարներին, չնայած Ադրբեջանի կողմից ներկայացավ փոխնախագահը: Ես պնդեցի, որ ժամանի նաեւ Ղարաբաղից ներկայացուցիչ, քանի որ առանց երրորդ կողմի քննարկումներ անցկացնելու եւ նրանց փոխարեն որոշում կայացնելու որեւէ իմաստ չկար: Սակայն մենք ոչ մի կերպ չէինք կարողանում համաձայնեցնել արձանագրության տեքստը: Երբ հրավիրեցինք Ղարաբաղի ներկայացուցչին, գործընթացը տեղից շարժվեց եւ կարողացանք հասնել հրադադարի: Արձանագրության ստորագրումից հետո կրակը դադարեց: Ստորագրեցին բոլոր երեք կողմերի ներկայացուցիչներն էլ:
-Այժմ հակամարտության լուծման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում: Արդյո՞ք հրադադարի նոր համաձայնագրի կարիք կա:
-Միգուցե նոր համաձայնագրի կարիք կա: Ես շատ վաղուց քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ այժմյան իրավիճակին խորությամբ ծանոթ չեմ: Կարծում եմ` ապրիլի սկզբին ստեղծված իրավիճակը Թուրքիայի կողմից պրովոկացիա էր` ուղղված Ռուսաստանին եւ Հայաստանին, քանի որ մենք դաշնակիցներ ենք:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքում Ռուսաստանի պահվածքը, երբ հրապարակավ հավասարության նշան դրվեց ռազմավարական դաշնակից Հայաստանի եւ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի միջեւ:
-Ռուսաստանն այլ կերպ չի կարող վարվել: Պետք է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի միջեւ պահպանի բարիդրացիական հարաբերություններ, չնայած որ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ են առկա: Սակայն պետք չէ վիճել ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմի հետ, այլ պետք է պահպանել խաղաղություն եւ գտնել հարցի լուծման տարբերակներ:
-Բայց արդյո՞ք այդ խաղաղությունը չի վտանգում հենց ինքը` Ռուսաստանը` յուրաքանչյուր օր Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին զինելով:
-Իհարկե, չկա ավելի անբարոյական բան, քան, առհասարակ, զենքի վաճառքը: Սակայն մեծ թվով երկրներ են զբաղվում զենքի վաճառքով: Հարցը դրանում չէ, այլ նրանում, որ զենքի վաճառքով զբաղվելը ենթադրում է երկարատեւ պայմանագրեր, որոնք չես կարող միանգամից չեղարկել:
-Բայց չէ՞ որ այդ զենքն օգտագործվում է դաշնակից Հայաստանի դեմ:
-Պետք է հասկանալ, որ ռուսական զենքն առկա է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում: Հարցն այն է, որ զենքն ինքն իրեն չի կրակում, կրակում են մարդիկ: Առկա է կոնֆլիկտ, եւ այդ զենքով կրակում են մարդիկ:
-Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերն այս ուղղությամբ բավարա՞ր են:
-Մինսկի խումբը պետք է փորձի գտնել փոխզիջման տարբերակներ: Ճիշտ կլինի Ղարաբաղը հիմա անկախ պետություն ճանաչել, չնայած նրա փոքր լինելուն: Իհարկե, դրա համար պետք է հանրաքվե լինի, եւ մարդիկ պետք է կարծիք արտահայտեն:
-Հայաստանում այժմ կառավարական մակարդակով քննարկվում է Արցախի ճանաչման հարցը: Ըստ Ձեզ՝ այժմ դա ճի՞շտ լուծում է:
-Իհարկե, դա միայն քայլ առաջ կլինի, քանի որ նրանք ինքնուրույն են, եւ հետագայում պետք է ինքնուրույն որոշեն` որեւէ մեկին միանան, թե ոչ: Ոչ մի պետություն չի կարող միայնակ գոյատեւել: Դիտարկենք հենց Վրաստանն ու Օսեթիան, Վրաստանն ու Աբխազիան. նրանք անկախ են:
-Ռուս շատ փորձագետներ կարծում են, որ պատերազմը Ղարաբաղում կարող է չեղարկվել միայն սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով: Դուք ի՞նչ կարծիք ունեք, եւ ինչո՞ւ 1995 թվականին այդ ուժերը չտեղակայվեցին սահմանին:
-Այն ժամանակ խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկար: Կարողացանք հասնել հրադադարի, եւ ոչ ոք չէր կրակում: Այժմյան իրավիճակի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Սակայն կարծում եմ, որ Մինսկի խումբը կգտնի լուծումը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԽՄԻՉՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ՉԿԱՆ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակել է 2016թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Ստորեւ ներկայացնում ենք, թե որքան հարկ են վճարել, մասնավորապես խմիչք արտադրող եւ արտահանող ընկերությունները:

Հարկերի վճարման ցուցանիշով առաջատարը Երեւանի կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 834 մլն 477 հազար դրամ եւ գտնվում է խոշոր հարկատուների 28-րդ հորիզոնականում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետությանը վճարել էր 1 մլրդ 285 մլն 418 հազար դրամ հարկ եւ գտնվում էր հարկատուների 16-րդ հորիզոնականում: Ցուցակի 76-րդ հորիզոնականում է Պռոշյանի կոնյակի գործարանը` 348 մլն 974 հազար դրամ հարկերով: 94-րդ հորիզոնականում է «Երեւանի գարեջուր» ընկերությունը` 284 մլն 821 հազար դրամ հարկերով: Հիշեցնենք, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին /Կիլիկիայի Հակոբ/, որն, ի դեպ, նախորդ տարի լուրջ խնդիրներ ունեցավ հարկային մարմինների հետ, սակայն դատական կարգով կարողացավ պաշտպանել իր շահերը:
139-րդ հորիզոնականում «Արմենիա վայն» գինեգործական ընկերությունն է` 191 մլն 336 հազար դրամ հարկերի մուծմամբ: Այս ընկերությունը կապվում է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ընտանիքի անվան հետ, ավելի ստույգ` այն հանդիսանում է դաշնակցական նախարարի հանրապետական եղբոր` Վահագն Մկրտչյանի սեփականությունը:
Իսկ ահա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունը 141-րդ տեղում է, այն վճարել է 188 մլն 185 հազար դրամ: Ինչ վերաբերում է ոլորտի հսկաներից Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատին, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ներկայումս քաղաքականությամբ չզբաղվող Գագիկ Ծառուկյանին, ընդամենը 179-րդ հորիզոնականում է` 143 մլն 477 հազար դրամ հարկային վճարումներով:
Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող ՄԱՊ ընկերությունը 215-րդ հորիզոնականում է` 117 մլն 062 հազար դրամով, իսկ ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանի՝ Երեւանի շամպայն գինիների գործարանը` 273-րդ ում` 86 մլն 992 հազար դրամով:
Խոշոր հարկատուների ցուցակում հաջորդը 336-րդ հորիզոնականը գրաված «Մանչո Գրուպ»-ն է` 70 մլն 604 հազար դրամով, իսկ, ահա, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանի «Վեդի Ալկո»-ն 347-րդն է` 68 մլն 635 հազար դրամ վճարումներով: Հաջորդիվ՝ 490-րդ տեղում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ նրա եղբորը` Արայիկ Գրիգորյանին /Ավշարի Արայիկ/ պատկանող «Ավշարի գինու գործարանն» է՝ 47 մլն 197 հազար դրամով, ապա վերջին` 545-րդ հորիզոնականում` նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպ»-ը` 42 մլն 216 հազար դրամ հարկային վճարումներով:
Ինչպես տեսնում ենք՝ խմիչք արտադրող խոշոր հարկատուների ցուցակում ոչ մի պատահական մարդ չկա:

 

 

 
ՆԱԵՎ ԵՆԹԱԿԱՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ը նախօրեին անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգումներ սկսելուն եւ դրա շուրջ դատապարտյալների շրջանում բարձացված դժգոհությունների ալիքին: Ինչպես հայտնի է՝ այդ ստուգումների արդյունքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, ինչից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին: Ավելին՝ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը: ՔՕ նշված դրույթը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով: Քրգործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` աղմկահարույց չարաշահումներ հայտնաբերելուց հետո ժամանակավոր դադարեցվել են ոչ միայն Ստեփանյանի, այլ նաեւ նրա 4 ենթականների լիազորությունները, սակայն վերջիններիս անունները գաղտնի են պահվում:

 

«ԿԻԼԻԿԻԱՅԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Կիլիկիայի Հակոբին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն տուգանվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի ապրիլի 19-ին նշված ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ Արման Միկիչյանը մաքսային մարմնին ներկայացրած հայտարարագրում սխալ տվյալներ է ներկայացրել: Արդյունքում՝ մաքսային ծառայությունը որոշել է ընկերության լիազոր ներկայացուցչին տուգանել 50 հազար դրամի չափով: Հաշվի առնելով այն, որ այս 50 հազար դրամը նշված ընկերության տնօրինության եւ սեփականատիրոջ համար մի կաթիլ է ծովում, ուստի նրանք այն հաստատ առանց տրտնջալու կվճարեն: Հիշեցնենք, որ երբ մեկուկես տարի առաջ ՊԵԿ-ը պատգամավորի ընկերությանը 1,5 միլիոն դոլարի չափով տուգանել էր, վերջինս ամեն ինչ արեց, որպեսզի տուգանքի չափը նվազեցնի եւ հասավ նպատակին, քանի որ անհիմն էր այն:

 

ԿԱՄԱՎՈՐ` ՊԱՐՏԱԴԻՐ
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որը Սերժ Սարգսյանին «բան ասողների» ականջները կտրելու պատրաստակամություն էր հայտնել, մեկնել է Արցախ: Հիշեցնենք, որ արցախյան ազատամարտի տարիներին նա կամավոր մասնակցել է պատերազմին, հետո աշխատել հայոց բանակում` հասնելով մինչեւ գեներալի կոչման, հետո տեղափոխվեց ոստիկանության համակարգ եւ այս օրերին դարձյալ Արցախում է:




Լրահոս