ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին կասկածում են օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դեռեւս գտնվում է Էրեբունու ժամանակավոր պահման վայրում:
Նրան բերման են ենթարկել որպես վկա, այնուհետեւ որպես կասկածյալ ձերբակալել ու փորձում են մեղադրանք առաջադրել հայտնի 316 հոդվածի շրջանակներում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Ինչպես տեղեկացանք Դ. Հարությունյանի տիկնոջից՝ Ելենա Կոժենակինայից, ոստիկանները Դմիտրիին բերման են ենթարկել ամենակոպիտ ձեւերով: Պարզվում է, որ ակտիվիստը կնոջ եւ մանկահասակ երեխայի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ՝ այնտեղ գտնվող ծանոթի տանը հանգստանալու: Ոստիկանությունն այդ ընթացքում վերը նշված քրեական գործով նրան որպես վկա հարցաքննելու նպատակով ծանուցագիր է ուղարկել ծնողների տուն, որտեղ վերջինս հաշվառված է, սակայն չի բնակվում: Ծնողները հայտնել են ոստիկանությանը, որ տվյալ պահին չգիտեն իրենց որդու գտնվելու վայրը եւ վերադարձրել են ծանուցագիրը:
Դրանից հետո ոստիկանները, մտածելով, որ նա փախուստի է դիմել, հետաքրքրվել ու պարզել են նրա գտնվելու վայրը եւ առանց բերման ենթարկելու որոշման, գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում շրջապատել տունը՝ ավելի քան 10 ժամ ահաբեկելով, փորձելով կոտրել դուռը, ֆիզիկական բռնություն կիրառել տանտիրոջ նկատմամբ, հոգեբանական ճնշում գործադրել Դ. Հարությունյանի կնոջ վրա՝ չխորշելով անգամ անձնական վիրավորանք հասցնելուց: Ելենա Կոժենակինան, որը ՌԴ քաղաքացի է, պատրաստվում է դիմել ՌԴ դեսպանատուն:
Ինչեւէ, Դ. Հարությունյանի ընկերների, իրավապաշտպանների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու փաստաբանների միջամտության շնորհիվ հաջողվել է կանխել նրա եւ նրա ընտանիքի նկատմամբ ոստիկանության կողմից բռնության ու վիրավորանքի հետագա դրսեւորումները: Արդյունքում նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն եւ արդեն երեկ Էրեբունու ժամանակավոր պահման վայրում առերես հարցաքննվել է տուժող համարվող ոստիկան Արման Հակոբյանի հետ վկա, ոստիկան Արման Դանիելյանի մասնակցությամբ: Իսկ այսօր կլրանա նրա ձերբակալման 76 ժամը, ու կորոշվի՝ մեղադրանք առաջադրել, կալանավորել, թե ոչ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դ. Հարությունյանը զինվորական բժիշկ է, շախմատիստ, ժամանակին իր տարիքային խմբում եղել է շախմատի չեմպիոն: Եվս մեկ ուշագրավ փաստ. մի շարք հայտնի շախմատիստներ, Դմիտրիի ընկեր-գրոսմայստերներ արդեն դիմել են նախաքննական մարմնին՝ Դիմայի հանդեպ խափանման միջոց կալանքը չկիրառելու խնդրանքով:
Տեղեկացանք նաեւ, որ ակտիվիստի համար երաշխավորագիր են ներկայացրել նաեւ ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս