ԵՐԲ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂՆ ՈՒ ՊԱՇՏՈՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել, որ մարզպետները եւ քաղաքապետները հիմնադրամներ են ստեղծում եւ սկսում են դրանց միջոցով ինչ-որ գումարներ հավաքագրել: Այդ հիմնադրամները գործնականում ծառայում են որպես շատ լավ քողարկված կոռուպցիոն համակարգ, որի միջոցով մարզպետներն ու քաղաքապետներն առանց կաշկանդվելու նվիրատվության տեսքով կաշառքներ եւ ատկատներ են ընդունում ինչպես անհատներից, այնպես էլ ընկերություններից: Բնականաբար, իբրեւ նման կառույցների հիմնադիր ու տնօրեն, հանդես են գալիս մարզպետների կամ քաղաքապետների մերձավորները:

Հիմնադրամը որպես լեգալ կաշառք
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզում գործում է նման մի հիմնադրամ, որը հիմնադրվել է նախկին մարզպետ, ներկայիս ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմից: Այն ժառանգությամբ անցել է ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանին եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին:
Խոսքը «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության մասին է: Հիմնադրամի գրանցման հասցեն մարզպետարանի վարչական շենքն է: Իբրեւ հիմնադիրներ հանդես են գալիս ««ԿՎՖ» կիոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն եւ «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ-ն: Իրենց հերթին ««ԿՎՖ» կիոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիրներն են Սպարտակ Գասպարյանն ու Դենիս Դավթյանը: Իսկ «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրներն են Մայրանուշ Գալստյանը, Ջուլիետա Բուբուշյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը: «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ-ն 2014 եւ 2015 թվականներին Սերժ Սարգսյանի աշխատակազմի կողմից դրամաշնորհ է ստացել: Իսկ թե ինչ աշխատանքներ է իրականացրել ստացած դրամաշնորհով, այդպես էլ չի բարձրաձայնվել:
«Ժողովուրդ»-ը Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի տնօրեն Սպարտակ Գասպարյանից (նա միաժամանակ հանդիսանում է նաեւ ««ԿՎՖ» կիոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիրը) հետաքրքրվեցինք, թե ով է ստեղծել հիմնադրամը: Գասպարյանը խոստովանեց, որ հիմնադրամը ստեղծել է նախկին մարզպետ Արամ Հարությունյանը: «Հիմնադրամը ստեղծել ենք Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի հետ, եթե չեմ սխալվում, 2014 թվականի աշնանը»,- ասաց Գասպարյանը: Իսկ այն հարցին, թե սովորաբար ովքեր են հիմնադրամին գումարի տեսքով նվիրատվություն անում, հիմնադրամի կարատիստ տնօրենն ասաց. «Մարզի ՀԿ-ները, ՍՊԸ-ները, ՓԲԸ-ները, դպրոցները, համայնքի ղեկավարները եւ այլն»:
Սակայն Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հիմնադրամի միջոցով մարդկանցից գումար կորզելու հարցում, կարելի է ասել, բոլոր սահմաններն անցել են:

Արցախի անունով օգնություն
Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Հայաստանի բոլոր համայնքներում սկսեցին Արցախին օգնության գումարներ եւ ապրանքներ հավաքել: Նույնը տեղի է ունեցել նաեւ Հրազդանում: Սակայն այստեղ տեղի իշխանությունը, չգիտես ինչու, դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին որպես Արցախին օգնություն փոխանցելու հաշվեհամար տվել է իրենց` «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը:
Սա այն դեպքում, երբ Արցախի կառավարությունը կոնկրետ հաշվեհամարներ է հրապարակել` հատուկ օգնության գումարները փոխանցելու համար:
Կարապետ Գուլոյանի հիմնադրամի տնօրեն Սպարտակ Գասպարյանը, իհարկե, հավաստիացնում է, թե իբր հաշվեհամարին փոխանցված գումարներով իրենք ապրանքներ են գնել եւ ուղարկել Արցախ:
«Որքան գումար հավաքագրվել է հիմնադրամի հաշվեհամարին, հանել ենք եւ բոլորն ուղղել դեպի Արցախ: Արդեն երկու անգամ օգնություն է գնացել դեպի Արցախ: Մենք գումարները մարզպետի անմիջական օգնությամբ հավաքագրում ենք եւ ուղղում դեպի Արցախ»,- «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց Գասպարյանը: Սակայն նա չկարողացավ ասել, թե այդ ճանապարհով որքան գումար են «հանել եւ ուղարկել Արցախ»:
Այս չիմացությունն ամենեւին էլ պատահական չէ: Բանն այն է, որ Հրազդանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ապրիլի 17-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի գումարները քչություն են արել, եւ «տղերքը» իրենց հիմնադրամի միջոցներից են այդ գործում ներգրավվել: Դե, հանուն Արցախի են ընտրությունները կեղծել, հո իրենց համար չեն արել:

Գումարները փոխանցել են մարզպետին
Տեղեկացնենք, որ Հրազդանում գործում է 13 դպրոց, որից 3-ը՝ ավագ, 9-ը՝ հիմնական, իսկ 1-ը՝ միջնակարգ, նաեւ՝ 12 մանկապարտեզ:
Հրազդանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ապրիլի սկզբին 50 հազար դրամ են փոխանցել Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի հաշվեհամարին: Հարցին՝ տեղյա՞կ են՝ ծառայե՞լ է գումարը իր նպատակին, թե՞ ոչ, տիկին Ասատրյանը պատասխանեց. «Պետք է, որ հասած լիներ»: Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանն էլ ասաց, որ իրենք 200 հազար դրամ են հավաքել: «Չենք իմանում՝ գումարը հասե՞լ է, թե՞ ոչ: Փոխանցել ենք Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի հաշվեհամարին: Մարզպետրանից էր այդ հաշվեհամարը տրվել»,- ասաց տիկին Ալեքսանյանը: Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցի տնօրեն Անդրանիկ Բավեյանն էլ ասաց, որ իրենք փոխանցել են 92 հազար 450 դրամ: «Մենք փոխանցել ենք մարզի զարգացման հիմնադրամին: Այնտեղից պետք է ուղարկեին Արցախ»,- ասաց Բավեյանը: Հրազդանի Ա. Մռավյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցն էլ փոխանցել է 245 հազար դրամ: Ի դեպ, Հրազդանում գործող որոշ մանկապարտեզների տնօրեններ «Ժողովուրդ»-ին ասացին, որ Արցախին օգնելու համար գումարների հավաքագրումն իրենք նոր են պատրաստվում նախաձեռնել:
«Ժողովուրդ»-ը ՀՀ Կոտայքի մարզպետարանից փորձեց պարզել, թե իրենք ինչու են դպրոցների տնօրեններին հրահանգել հիմնադրամի հաշվեհամարին գումարներ փոխանցել, ինչ կապ ունի հիմնադրամի հետ մարզպետը, եւ արդյոք այդ կազմակերպությունն օգտագործվում է անհատներից ու ընկերություններից գումար կորզելու համար: Մարզպետարանից մեկնաբանել են միայն օգնությունը հիմնադրամի միջոցով Արցախ ուղարկելու հանգամանքը:
Ի դեպ, նշյալ հիմնադրամը ներկայացվում է իբրեւ 2000 թվականից ստեղծված եւ բարեգործական կառույց: Մինչդեռ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականի դեկտեմբերի 9-ին: Ինչեւէ, մարզպետարանի պատասխանում նաեւ ասվում է. «Նախաձեռնությանը միանալու նախնական ցանկություն հայտնած բոլոր կառույցներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ ուսումնական հաստատություններին տրամադրվել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը եւ առաջարկվել նախատեսված աջակցությունը փոխանցել այդ տարբերակով: Հարկ է նշել նաեւ, որ վերը նշված նպատակով տրամադրվող գումարները Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամում հավաքվել են բացառապես փոխանցման տեսքով»:
ՀՀ օրենսդրության մեջ չկա ոչ մի նորմ, անգամ տառ, որը մարզպետարանին իրավունք է տալիս Հրազդանի դպրոցների տնօրեններին հանձնարարել, որպեսզի նրանք օգնության գումարը ոչ թե Արցախ ուղարկեն այլ ինչ-որ մասնավոր հիմնադրամի: Միայն այս փաստը, որ մարզպետարանը ֆինանսական նման սխեմա է օգտագործում, լիարժեք բավարար է ղեկավարությանը պաշտոնանկ անելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Արցախին ոչինչ չի հասել
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված հանգանակված գումարների ցանկից պարզեց, որ Արցախ գումար են փոխանցել միայն Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցը՝ 750 հազար դրամ եւ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցը՝ 429 հազար 500 դրամ: Ի դեպ, Կոտայքի մարզպետարանից որպես նյութական օգնություն Արցախ է ուղարկվել 21 հազար 465 հատ սնունդ եւ 11 հազար 340 շիշ ըմպելիք: Իսկ, ահա, Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամից ո՛չ նյութական եւ ո՛չ էլ դրամական օգնություն չկա Արցախ ուղարկված:
Մի պահ ենթադրենք, թե հիմնադրամը Կոտայքի մարզպետարանի անունից ապրանքներն ուղարկել է Արցախ: Բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով: Մարզպետարանը հիմնադրամ չէ, ոչ էլ հիմնադրամն է մարզպետարան: Ավելին՝ դպրոցներին ուղղակի Արցախ գումար փոխանցելու իրավունք չտալով՝ մարզպետն իր հիմնադրամի համար շրջանառու միջոց ապահովելուց բացի՝ նաեւ իրենց մյուս բիզնեսների համար են շրջանառություն ապահովել: Կասկածից վեր է, որ Արցախի համար ապրանքները գնվել են հենց Կարապետ Գուլոյանի եւ Արամ Դանիելյանի հետ կապ ունեցող ընկերություններից: Այսինքն՝ նրանք ամեն ինչ արել են, որ անգամ Արցախի համար հավաքված մեկ դրամից կրկնակի եկամուտ ստանան:
Հ.Գ. Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի առնչությամբ Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանից եւս մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս «Արցախի օգնություն» բառակապակցությունը լսելով՝ հայտարարեց, թե ոչ մի հարցի չի պատասխանի եւ պահանջեց հարցերը գրավոր ուղարկել: Ակնհայտ է, որ նրան արդեն տեղեկացրել էին. հրազդանցիները գիտեն՝ Արցախի օգնության գումարները տեղ չեն հասել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ»-Ը ԿԱԶԱՏՎԻ՞ ՀԱՐԿԵՐԻՑ
Կառավարության երեկվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ««ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա շատ դրական քայլ է եւ հնարավորություն կտա, որ մարդիկ աշխատեն: Կառավարության հիմնավորումից տեղեկանում ենք, որ սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ՓԲԸ բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես՝ ընկերության հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:
Հավելենք, որ այս նախագիծը երկրորդ անգամ է ուղարկվում Ազգային ժողով: Նախորդ անգամ իշխանությունը չկարողացավ այն անցկացնել, ինչի պատճառով նույնիսկ ՀՀԿ խմբակցության անդամները Սերժ Սարգսյանից նկատողություններ ստացան: Աժ վերադարձվող այս նախագիծը կքննարկվի արտահերթ նիստում:




Լրահոս