ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Երեկ եզդի համայնքի մոտ 2000 ներկայացուցիչ «Ազատություն Ջնդի Ամարյանին» պաստառներով բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք պահանջում էին ազատել «Արեւելյան խոհանոց» ռեստորանի սեփականատեր Ջնդի Ամարյանին, որին ձերբակալել են սույն թվականի ապրիլի 1-ին: Ազգությամբ եզդի, հոգեւոր շեյխ Օզմանյան Ազիզը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ռեստորանում ծեծկռտուք է եղել, ինչի հետեւանքով ձերբակալվել է Ջնդի Ամարյանը: Ըստ նրա՝ մյուս ձերբակալվածներին ազատ են արձակել, իսկ Ջնդի Ամարյանին՝ ոչ:
ՀԱՐՑ. Հայրս իր անունով ավանդ ուներ բանկում ներդրած: Նա հաշվառվել էր, որպեսզի ստանար այն, բայց չհասցրեց. մահացավ: Մեզ ասացին, որ այլեւս չենք կարող ստանալ նրա գումարը: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ ենք ստանալ իր գումարը, թե ոչ:
Սուրիկ Սարգսյան (Քանաքեռ, 1-ին փող. նրբ 49 տուն)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Համաձայն Կարգի 20-րդ կետի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս): Իսկ 22-րդ կետով սահմանված է, որ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Կարգի 29-րդ կետի համաձայն՝ եթե ավանդատուի տվյալները ներառված են փոխհատուցման վճարման ցուցակում, ապա ավանդատուի մահվան դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:
Վերոգրյալից ելնելով՝ քաղաքացի Սուրիկ Սարգսյանը մահացել է, եւ նրա տվյալները չեն ներառվել փոխհատուցման վճարման ցուցակում, ուստի նրա ժառանգը չի կարող ձեռք բերել փոխհատուցման իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ եթե ավանդատուն փաստաթղթերը հանձնում է, եւ գումարը դեռ «Հայփոստ» չի ուղարկվում, իսկ այդ ընթացքում ավանդատուն մահանում է, ապա նա գումարը ստանալ չի կարող: Ի դեպ, եթե 1930-31 թթ. ծնված ավանդատուն փաստաթղթեր է հանձնել, եւ նրա ամուսինը կամ կինը մահացել է, այդ դեպքում ինքը կարող է ստանալ վերջինիս ավանդի դիմաց փոխհատուցման 50 տոկոս գումարը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ մշտական կացության կարգավիճակի տրամադրման համար ի՞նչ է հարկավոր: Ո՞ր դեպքում է տրվում նման կարգավիճակ:
Լարիսա Դանիելյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
– ապացուցում է ՀՀ-ում իր մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը, կամ
– ՀՀ-ում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով, կամ
– մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն,
– ազգությամբ հայ է:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: