ՎՏԲ ԲԱՆԿԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է՝ արդյո՞ք ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մայիսյան հաղթանակների օրերին նոր հարձակում կլինի, թե ոչ: Ռազմական ղեկավարությունը պատրաստում է սահմանին հնարավոր սադրանքները կանխելու ծրագրերը, հասարակական լայն մոբիլիզացիայի քայլեր են արվում: Բայց մյուս կողմից ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը շարունակում են «մարտնչել» «Հրազդան-ցեմենտ»-ի գործարանի կողմից կուտակված 933.3 մլն դրամը «ջրելու» շուրջ:

Ինչո՞ւ կուտակվեց այդքան պարքտը, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հրազդան-ցեմենտ» գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ:
-«Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու հարցը կրկին մտնելու է ՀՀ Ազգային ժողով: Առաջին անգամ այն մերժվեց խորհրդարանի կողմից. մի շարք պատգամավորներ ասացին, որ իրենք չեն քվեարկելու ուրիշի պարտքերը մարելու օգտին: Դուք սպասո՞ւմ էիք նման արձագանքը:
-«Հրազդան-Ցեմենտ»-ի գործարանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ կառավարությանն էր ներկայացրել առաջակությունների հիմնավորված փաթեթ՝ ոչ ժամանակին վճարված հարկերի՝ մասնավորապես ԱԱՀ-ի գծով տույժերը զիջելու վերաբերյալ: Հարկային պարտավորությունները հիմնականում առաջացել էին տնտեսական ճգնաժամի տարիներին, որին նպաստել է ՀՀ-ում շինարարության ծավալների կտրուկ անկմանը:
-Տեղեկություն կա, որ «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություններ տալու հարցը կրկին մտնելու է առաջիկա ԱԺ նիստերի օրակարգ՝ հարցը վերջնականապես լուծելու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Կհաջողվի՞ այս անգամ անցկացնել նախագիծը: Տեղեկություններ եղան, որ Սերժ Սարգսյանը բոլոր պատգամավորների վրա, այսպես ասած, բարկացել է:
-Կառավարության քննարկումների արդյունքում առաջարկը ընդունվեց եւ ներկայացվեց Ազգային Ժողովի քննարկամը:
-«Հրազդան-ցեմենտ»-ի գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված էր «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում բանկը գործարանում:
-«Հրազդան-ցեմենտ»-ի գործարանին հարկային արտոնությունների տրամադրման հիմնական շարժառիթը գործարանի վերագործարկումն է՝ երկար տարիների դադարից հետո, որը իրականացվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից ֆինանսավորման միջոցով:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ «Հրազդան-ցեմենտ» ընկերության պարտքը կազմել է 933.3 մլն դրամ: Դուք՝ որպես գործարանի տնօրեն, կարո՞ղ եք բացատրել՝ ինչպե՞ս գոյացավ այդքան պարտքը:
-Տեղեկացնում ենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» գործարանում արդեն կատարել է 1 մլրդ. 820 մլն. ՀՀ դրամի ներդրում, որն ուղղվել է աշխատավարձի եւ էներգետիկայի գծով պարտքերի մարմանը, ինչպես նաեւ գործարանի բնականոն աշխատանքի ապահովանը, որի արդյունքում պահպանվել է 475 աշխատատեղ:
-Գործարանը գնելու մտադրության մասին Դուք առաջարկներ ստացե՞լ եք, եթե այո, ապա ո՞ւմ կողմից: ՏԵղեկություն կա, որ Գագիկ Ծառուկյանն է մտադիր գնել գործարանը, բայց պայմանով, որ պարտքեր չլինեն: Իսկապե՞ս այդպես է:
-Ինչ վերաբերում է գործարանի վաճառքին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը, հարկ եմ համարում նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Հրազդան-ցեմենտ»-ի գործարանի սեփականատեր է հանդիսանում «ՎՏԲ-Հայաստան» բանկը եւ ներկա դրությամբ սեփականատերը չունի տեղեկատվություն գնման առաջարկի վերաբերյալ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ԿՎԵՐԱՑՆԵ՞Ն ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի ներկայացրած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հեղինակների առաջարկով հանվել է շրջանառությունից: Օրինագծերի համահեղինակ Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ կառավարությունն իրենց առաջարկներն ընդունել է եւ առաջիկայում ներկայացնելու է ամբողջական կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ:

Նշենք, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Առաջարկությունն ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետեւ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար կապահովվի հավասար մեկնարկային հնարավորություն:
«Գաղտնիք չէ, որ մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի՝ արական սեռի ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ շատ հաճախ նույնիսկ չկարեւորելով մասնագիտական կողմնորոշումը: Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ», – նշված է նախագծի հեղինակների ներկայացրած հիմնավորման մեջ:
Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ առաջին անգամ նույն բովանդակությամբ օրինագիծ շրջանառության մեջ է դրվել Ազգային Ժողովում դեռ քսան տարի առաջ, երբ պաշտպանության նախարարն էր Վազգեն Սարգսյանը: Պատգամավորի խոսքով՝ այն ժամանակ էլ եղան ակտիվ քննարկումներ, շատերը դրական էին տրամադրված, սակայն վերջին պահին ԱԺ նախագահը՝ Բաբկեն Արարքցյանը, ով դեմ էր այս օրենքին, դրեց իր վստահության հարցը` սպառնալով, որ հրաժարական կտա: Արդյունքում առաջացավ քաղաքական ճգնաժամ, հարցը քվեարկության չգնաց, եւ Վազգեն Սարգսյանը հետ վերցրեց այդ օրինագիծը:
Պատգամավորի խոսքով՝ հարցը լայն հնչեղություն ունի, եւ իրենք պատրաստ են սպասել կառավարության փաթեթի ներկայացմանը:
«Ոչ թե մեր ընտրությունը, այլ մեր ճակատագիրն է դառնալ բանակ-պետություն: Այսօր էլ աշխարհում կան բանակ-պետություններ, որոնք շրջապատված են հակառակորդներով, այնտեղ անգամ կանայք են ծառայում: Շվեյցարիայի ութ միլիոն բնակիչներից մեկուկես միլիոնը կանոնավոր բանակն է կազմում: Այնպես որ, պետք է ելնել պետության յուրահատկությունից: Պետք է կոչ անեմ այս պահին զերծ մնալ քննարկումներից: Խոսել եմ ԿԳ նախարարի հետ, ՊՆ ներկայացուցիչների հետ, Դավիթ Հարությունյանի հետ: Առավելագույնը տասը օրվա ընթացքում հարցը կմտնի խորհրդարան: Որպեսզի կրկնություն չլինի, որոշեցինք առայժմ հանել քննարկումից: Երբ տասը օրվա ընթացքում մտնի խորհրդարան, լիարժեք կքննարկենք հարցը»,- ասաց պատգամավորը:
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի առաջարկով հանձնաժողովը որոշել է ձեւավորել աշխատանքային խումբ, որը, հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, կուսումնասիրի զինծառայողների սոցիալական ապահովության եւ համակարգի խնդիրները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ՕՐԵՆՔԸ ՄԻԱՏԵՍԱԿ ՉԵՆ ԿԻՐԱՌԵԼ
Վերահսկիչ պալատն իր՝ 2015 թվականի տարեկան զեկույցում, ի թիվս այլ ոլորտների, անդրադարձել է նաեւ ՀՀ դատական համակարգին: Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի` մի շարք դեպքերում դատաքննության ընթացքում դատավորները չեն ապահովել օրենքների միատեսակ կիրառումը: Ըստ զեկույցի՝ «Խախտվել են ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքով», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքով», ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ նախատեսված համապատասխան դրույթները, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե պակաս գանձված տուրքի եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը պետք է կազմեին 22 մլն 294.4 հազ. դրամ եւ 6 հազար 687 դոլար»:

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ ՊԵՏՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Նախօրեին անդրադարձել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգումներ սկսելուն եւ դրա շուրջ դատապարտյալների շրջանում բարձացված դժգոհությունների ալիքին: Ինչպես հայտնի է՝ այդ ստուգումների արդյունքում դատախազները լուրջ չարաշահումներ են հայտնաբերել, դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներին հերթով կանչում են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի մտերիմներից է: Ուստի կարելի է կանխատեսել, որ նա այս պատմության արդյունքում դժվար թե լուրջ «կորուստներ» կրի:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՄԻՋՈՑՈՎ
Ինչպես հայտի է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պարբերաբար արտասահմանյան մասնագետներ է հրավիրում Հայաստան, որոնք այստեղ, ըստ նախապես կազմակերպված հերթագրման, վիրահատություններ են իրականացնում: Արտասահմանյան բժիշկների հերթական այցելությունը նախատեսված էր այս տարվա մայիսի 4-ից 8-ը: Այս բժշկական հաստատության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կապվում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անվան հետ:
Քառօրյա պատերազմից հետո հանրային պահանջ դարձավ, որ պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորներին մինչեւ վերջ եւ ամբողջական ապաքինման համար կազմակերպվի նրանց բուժումն արտերկրում: Եւ հիմա նախարարի թիմը փորձում է նախնական պայմանավորվածությամբ ՀՀ ժամանած արտասահմանցի բժիշկների այցը մատուցել իբրեւ հատուկ մեր վիրավոր զինվորների վիրահատությունները կազմակերպելուն ուղղված օպերատիվ քայլ: Այսպիսով՝ ձեռի հետ էլ այս հանգամանքն օգտագործվում է նախարարի անձնական քարոզչությամբ զբաղվելու համար:




Լրահոս