Armenian text to speach

ԳԾԱՏԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՌԱՀՎԻՐԱՆ՝ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անկախության շրջանում ձեւավորված մեր խորհրդարաններում ամենաինքնատիպ դեմքերից մեկն Արշակ Սադոյանն էր՝ իր անվերջանալի աղմուկով, «հասե՛ք, թալանեցին, կերան» հայտարարություններով… «Հետսադոյանական» շրջանում խորհրդարանի ամենայուրատիպ դեմքը դարձավ Գալուստ Սահակյանը: Նա, իհարկե, չի գոռում, չի աղմկում, թալանի ու կողոպուտի մասին էլ չի խոսում: Լինելով ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ հնագույն պատգամավորներից մեկը՝ նա իր «իմաստուն» կեցվածքով ժամանակ առ ժամանակ «խորիմաստ» մտքեր է արտահայտում՝ այսպես դառնալով ՀՀԿ ծանր հրետանին:
Ասում են՝ Գալուստ Գրիգորիչն այնքան մեծ քաշ ու կշիռ ունի խորհրդարանում, որ անգամ իշխանական առաջին դեմքերը զգուշանում են նրա հետ բանավեճի մեջ մտնելուց կամ հակադրվելուց: Գ. Սահակյանի դիրքերը խորհրդարանում ամրապնդվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, երբ Անդրանիկ Մարգարյանը, դառնալով «Միասնություն» դաշինքի ղեկավար, Գ. Սահակյանին առաջ մղեց: Հենց Ա. Մարգարյանի շնորհիվ էլ Գ. Սահակյանը սկսեց լուծել իր զավակների «բարգավաճման» եւ անձնական բիզնեսի հարցերը:  Երբ ծանոթանում ես Գ. Սահակյանի ունեցվածքի հայտարարագրին, ուղղակի խղճահարությամբ ես լցվում նրա հանդեպ: Անշարժ եւ թանկարժեք գույք, արժեթղթեր, ներդրումներ չունի, դրամական միջոցներ՝ եւս: Այսինքն՝ օր աշխատում, օր ծախսում է: Նրա տարեկան եկամուտը կազմել է 3 մլն 109 հազար 700 դրամ՝ ԱԺ-ից ստացած աշխատավարձը եւ 258 հազար դրամ կենսաթոշակ: Ունի նաեւ «Նիսան-Մաքսիմա» մեկ ավտոմեքենա: Բնակարան, ամառանոց չունի: Կա՛մ վարձով է ապրում, կա՛մ էլ «ծվարել» է իր զավակներից մեկի տանը… Եթե նրա ստացած աշխատավարձը եւ կենսաթոշակը բաժանենք ամիսների վրա, ապա կստացվի, որ նա հազիվ է ծայրը ծայրին հասցնում ու անգամ չի էլ կարողանում ամառային հանգիստը կազմակերպել…
Բայց այս հայտարարագիրն առ ոչինչ է, որովհետեւ Գ. Սահակյանը մեր օրերի նոր «քաղաքացի Կորեյկոն» է, որն իր ունեցվածքը պահում է շատ թաքուն՝ աչքի չընկնելու համար: Օրերս «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, խոսելով տրանսպորտի սակագնի բարձրացման մասին, ասաց. «Գծատերերի կնքահայրը Գալուստ Սահակյանն է, դա աշխարհը գիտե»: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գալուստ Գրիգորիչը Երեւանում առաջին գծատերերից մեկն է, որ նրան է պատկանում առնվազն երկու գիծ: Այս բոլոր գծերը տեղակայված են Աջափնյակում, այսինքն՝ Սահակյանների «կալվածքում»: Դե, Գալուստ Գրիգորիչը չի ցանկանում մայրաքաղաքի կենտրոնում զարկ տալ իր գծատիրական գործունեությանը. ի՞նչ կարիք կա աչքի ընկնել:
Ասենք, որ շատ վաղուց Աջափնյակը համարվում էր Սահակյանների ազդեցության հանգրվանը, բայց այն բանից հետո, երբ Արման Սահակյանը չկարողացավ այստեղ թաղապետ ընտրվել (չնայած քեռու՝ Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) աջակցությանը), Գ. Սահակյանի արեւն Աջափնյակում փոքր-ինչ խավարեց: Իհարկե, դա չխանգարեց, որ նա այստեղ՝ Յավորովի փողոց տանող ճանապարհին, մի մեծ ու շքեղ խանութ կառուցի եւ համալրի Շիրակի խճուղու վրա ունեցած խանութների թիվը: Պաշտոնապես որեւէ մեկը չի կարող հաստատել, որ այդ խանութները հենց նրան են պատկանում, սակայն բավական է Աջափնյակում մի ժամ քայլել, որպեսզի մարդիկ ցույց տան այդ խանութները եւ հաստատեն, որ դրանք պատկանում են Գ. Սահակյանին եւ նրա որդիներին:
Ժամանակին խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ իր գծերի հարցերը «կարգավորելու» համար Գ. Սահակյանը կարողացել է ձեռք գցել հանգուցյալ պատգամավոր Մելիք Գասպարյանի մոտ պահվող համապատասխան փաստաթղթերը… Գալուստ Գրիգորիչը, իհարկե, չի թաքցնում, որ տարիներ առաջ իր ընտանիքը պարտքով տարածքներ է գնել, մեծ դժվարությամբ փակել պարտքերը ու հիմա այդ տարածքները վարձով է տվել: Գ. Սահակյանը պնդում է, որ իր որդիները, որոնցից մեկը պետական գույքի կառավարման վարչության պետն է, իսկ մյուսը՝ առողջապահության փոխնախարարը, բիզնեսով չեն զբաղվում, ապրում են հալալ քրտինքով: Պատկերացնո՞ւմ եք՝ Արման Սահակյանը հալալ քրտինքով կարողացել է իր հաշվին 95 մլն դրամ ունենալ… Գ. Սահակյանը չի ժխտում, որ իր որդիները տարբեր տեղերում բաժնեմասեր ունեն, ու հենց դրանցից էլ ձեւավորվում են դրամական միջոցները: Նա նաեւ ասում է, որ ժամանակին կարողացել են շատ վաուչերներ գնել, որոնցով էլ տեր են դարձել այդ  բաժնեմասերին… Հիշեցնենք, որ վաուչերները մեր բնակչությանը բաժանվեցին հիմնականում 1991-1992թթ., իսկ այդ ժամանակ Գ. Սահակյանն արդեն Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալն էր: Ուրեմն պարզ է, թե որտեղից նրան մեծ քանակությամբ վաուչերները…
Հիմա, բացի ՀՀԿ խմբակցության ղեկավար լինելուց, Գ. Սահակյանը ստանձնել է նաեւ խորհրդարանական գրաքննիչի ու «սանիտարի» պարտականությունները: Նա տեղից քննադատում է «ոչ դուրալի» ելույթներ ունեցողներին, անգամ «շշպռում», ինչպես վարվեց Լեւոն Զուրաբյանի հետ: Իսկ լրագրողներն էլ սիրով են սպասում Գ. Սահակյանի հրապարակային ելույթներին, որովհետեւ նա հարստացնում է մեր քաղաքագիտական գրականության երգիծական էջերը…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ



Լրահոս