ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՂԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը «Էկոլուր»-ին ահազանգել է, որ Շիրակի մարզը կորցնում է գյուղատնտեսական նշանակության հողերը: Պատճառներից մեկն այս տարիների ընթացքում հողերի կատեգորիաների իջեցումն է ավելի ցածր կատեգորիաների: Բացի այդ, հողի կադաստրային արժեքն է ընկնում: Հողերի նկատմամբ պատշաճ խնամքի բացակայության արդյունքում էլ դրանք դեգրադացվում են: «Եթե խորհրդային տարիներին կար հստակ ագրոնոմիա, կատարվում էր պարարտացում, ապա այսօր դա ոչ ոք չի կատարում: Այդ պարտականությունը դրված է համայնքի վրա, իսկ համայնքը չի հասցնում իր հողի հասարակ հարկը հավաքել»,-ավելացրել է կենտրոնի համակարգողը:
Հողերին սպառնացող վտանգներից մեկն էլ գերարածեցումն է: Ըստ նրա՝ ժողովուրդը հիմա սկսել է մեծ քանակությամբ ոչխար պահել, որն էլ ծանրաբեռնվածություն է ենթադրում հենց հողային ռեսուրսների վրա, մանավանդ որ մեզ մոտ չկան արոտավայրերի կառավարման պլաններ, մենք չգիտենք՝ երբ պետք է կենդանուն դուրս թողնել եւ երբ չի կարելի:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ
Ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող ուսանողները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իրենց պահանջները նամակով հանձնել են ՀՀ կառավարությանը: Նրանք ԵՊՀ-ից երթով շարժվել են դեպի կառավարություն: Ճանապարհին ակցիայի մասնակիցները Մանկավարժական համալսարանի ուսանողներին հորդորել են միանալ իրենց, սակայն նրանցից ոչ ոք չի միացել: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահը Տ. Սարգսյանն է, եւ այս բուհի ուսման վարձերն այս տարի չեն թանկացել: Ակցիայի մասնակիցները «Կառավարությո՛ւն, պատասխա՛ն տուր» վանկարկումներով, կառավարության շենքի առջեւ կանգնած, պահանջել են, որ վարչապետն իջնի ու լսի իրենց: Ավելի ուշ նրանց է մոտեցել կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետը, որն ուսանողներին առաջարկել է ընտրել 30 ուսանողի, որոնց կթույլատրվի մտնել կառավարություն: Բայց նրանք հրաժարվել են՝ ասելով, որ կառավարությունը պատասխան պետք է տա բոլոր ուսանողներին: Մոտ կես ժամ ուսանողների հետ զրուցելուց հետո կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետը վերցրել է նամակն ու հեռացել:
Ուսանողները որոշել են, որ հաջորդ հավաքը կլինի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին. այդ օրը նրանք երթով կշարժվեն դեպի Սերժ Սարգսյանի նստավայր:




Լրահոս