ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼ Է
2013թ. հունիսի 20-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կ. Ալավերդյանը 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը, նրա կազմակերպմամբ Վանաձորի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 միլիոն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար: Վ. Թումասյանն իրավապահների կողմից չի հայտնաբերվել: Դատավճռի կայացման հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Վ. Վանեսյանը եւ նրա կինը` Գայանե Մելքումյանը, Երեւանում դժգոհություն են հայտնել Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից եւ ցանկանում էին նամակով դիմել հանրապետության նախագահին: «Ես արդարադատություն եմ իրականացրել: Կորյուն Ալավերդյանն արդարացվել է, քանի որ հանցակազմ չկար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Զոյա Զաքինյանը:
Նշենք, որ ավելի քան 38 մլն դրամ արժեքով գողոնից որպես իրեղեն ապացույց դատարանում առկա է եղել ընդամենը մեկ մատանի: Տուժող Վ. Վանեսյանը պատճառված վնասի վերականգնման պահանջ չի ներկայացրել դատարան, սակայն հունիսի 20-ին կայացված վճռով տուժող կողմին իրավունք է տրվել դրա համար քաղաքացիական հայցով դիմել դատարան: Այս քրգործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Զ. Զաքինյանի կայացրած դատավճռի դեմ` պահանջելով բեկանել այն եւ Մ. Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 1-ին եւ 1.1 կետերով նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ Կ. Ալավերդյանին պատասխանատվության ենթարկել 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով: Վերաքննիչ բողոքը կլսվի սեպտեմբերի 3-ին:

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ
Օգոստոսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը նյութ էր հրապարակել Նոյեմբերյանում դեղձի մթերման խնդիրների մասին: Հղում անելով Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանին՝ նշել էինք, որ նույն գյուղից Յուրա Խաչատրյանին անցյալ տարի Այրումի պահածոների գործարան հանձնված դեղձի դիմաց գործարանը դեռեւս շուրջ 1 միլիոն դրամ է պարտք: Նույն օրը մեզ զանգահարեց Յուրա Խաչատրյանը` տեղեկացնելով, որ գործարանն իր հանձնած դեղձի դիմաց հասանելիք գումարը մաս-մաս վճարել է, վերջինը` այս տարվա մայիսին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս