«ՄԵՐ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՆԵՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի եւ նրա համախոհների գերխնդիրը, համաձայն ՀՀ Սահմանադրության երկրորդ կետի, իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:
Մարդը, հասարակությունն ունի այնքան ազատություն, որքան կարող է պաշտպանել, եւ դա ճշմարիտ է ցանկացած էակի, նույնիսկ կենդանու համար: «Մենք ունենք այնքան հող, տարածք, ինչքան կարողացանք պաշտպանել, ինչքան կարողացանք ազատագրել, մենք կունենանք այնքան իրավունքներ, ազատություն եւ արժանապատվություն, որքան կկարողանանք պաշտպանել»,-համոզված է Տ. Խզմալյանը: Նա հիշեցնում է վերջին տարիներին աննախադեպ 5 տասնյակի հասնող մարդկանց ձերբակալությունները. «Իհարկե, դրանք դեռեւս մեղմ եղանակով են արվում, եւ մարդկանց բաց են թողնում, սակայն ոստիկանությունը, որը կատարում է իշխող խունտայի պահակի դերը, արդեն ակնարկել է, թե ինչ միջոցների է պատրաստ գնալ. էլեկտրաշոկերի, վարժեցրած շների, ջրցան մեքենաների եւ մնացած հատուկ միջոցների մասին է խոսքը։ Երբ որ դրված է իշխանության եւ, ամենակարեւորը, սեփականության հարցը, այդ 40 կամ, չգիտեմ, որքան ընտանիքները պատրաստ են դիմել ցանկացած քայլերի»: Սակայն Նյուտոնի օրենքը գործում է նաեւ հասարակության մեջ, եւ նրանք ժողովրդից կստանան համարժեք պատասխան. «Ոչ թե մեր համբերության բաժակն է լցվել, այլ մեր արժանապատվությունն այլեւս չի ներում, մեր՝ պետականություն ունենալու ցանկությունը չի ներում այլեւս այդպիսի ստրկություն, այդպիսի բռնություն, որը կիրառվում է մեր ժողովրդի հանդեպ»։
Մեր երկրի առջեւ կանգնած են համաշխարհային մարտահրավերներ, որոնք խորանում են, իսկ այսպես կոչված վերնախավը՝ «այդ գողականների անկիրթ, անմակարդակ մարդկանց, դուրսպրծուկների ոհմակը չի կարող որեւէ ադեկվատ պատասխան տալ այդ մարտահրավերներին»: Ըստ ռեժիսորի՝ կարելի է շատ խնդիրներ լուծել ընդերքի միջոցների հաշվին. «Բավական է հաշվել, թե քանի մեքենա է օրական դուրս գալիս հանքերից` զինված պահակներով, որովհետեւ ամեն մի մեքենայի պարունակությունն արժե մի քանի տասնյակ հազար դոլար: Եվ այդ ամենը չի ծառայում ուսման վարձերի, առողջապահության, որեւէ քաղաքացիական, ժողովրդական խնդիր լուծելու նպատակին, այլ մտնում է մի քանի մարդու գրպանը: Իսկ դա հակասահմանադրական է. ՀՀ-ում ընդերքը պատկանում է ժողովրդին: Իսկ այդ ընդերքի արժեքը, մասնագետների հաշվարկով, մի քանի տրիլիոն դոլար է։ Եվ այդ գումարով հնարավոր կլինի լուծել մեկ քաղաքի բնակչության չափ դարձած երկրի բնակչության բոլոր սոցիալական (եւ ոչ միայն սոցիալական) հարցերը… Ժողովուրդը բռնապետությունից ինքնապաշտպանվելու ոչ միայն իրավունք, այլեւ պարտականություն ունի (որոշ երկրների սահմանադրություններում դա ամրագրված է պաշտոնապես), իսկ այն լեզուն, որով փորձում են խոսել ժողովրդի հետ, ստրկապետության եւ բռնապետության լեզուն է, մենք նման լեզու չենք հասկանում, չենք ճանաչում, այդ լեզվով չենք խոսում, եւ բոլորս միասին կդիմադրենք դրան»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս