Armenian text to speach

Կարող ես ակամա դառնալ հանցակից. Վարշամ Գևորգյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի արտիստ, «Զգուշացեք փողից», «Արտիստ» ֆիլմերից, «Դժբախտ երջանկություն», «Կյանքի գինը», «Վերադարձ» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Վարշամ Գեւորգյանին հեռուստադիտողները տեւական ժամանակ է` էկրաններին չեն տեսնում: «Ժողովուրդ»-ը Վարշամի հետ զրուցել է դրա պատճառների, իր հիմնած «22 production»-ի գործունեության, ասպարեզի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ:

1

-Վարշա՛մ, «22 production»-ը վիդեոարտադրությամբ (գովազդների, տեսահոլովակների) զբաղվելուց զատ գեղարվեստական ֆիլմ արտադրո՞ւմ է:

-Հիմա մեր փրոդաքշընով աշխատում ենք «Մի քանի հոգի» նախագծի նոր ալբոմի վրա, պատրաստվում ենք նկարահանել նաեւ տեսահոլովակ: Ֆիլմ արտադրելու համար պահանջները, որ դրել ենք մեր առջեւ, շատ բարձր են, իսկ դրանք բավարարելուն առայժմ պատրաստ չենք: Հիմա անունով ֆիլմեր շատ կան, բայց մենք չենք ուզում հետեւել դրանց օրինակին. գեղարվեստական ֆիլմն ուրիշ խնդիրներ ունի: Որոշ ռեժիսորների, պրոդյուսերների մոտ ինքնագնահատականը բավական բարձր է, իսկ ես, ստացած լինելով համապատասխան կրթություն, այդ ռիսկը չունեմ:

-Դուք առաջին դերասաններից էիք, որ նկարահանվեցիք հայկական սերիալներում: Իսկ հիմա օճառային օպերաներում Ձեզ ինչո՞ւ չենք տեսնում:

-Լավ սերիալ լինի, մեծ սիրով կնկարահանվեմ, իսկ այն, ինչ հիմա կա, ոչ թե վատ սերիալ է, այլ ընդհանրապես սերիալ չի:

4

-Կա՞ մի ժանր, որի շրջանակում միշտ ուզեցել եք հանդես գալ, բայց չի ստացվել:

-Բոլոր ժանրերում էլ չարած գործեր կան, կորցրած ժամանակներ կան: Այնքա՜ն քիչ եմ նկարհանվել, այնքա՜ն քիչ եմ խաղացել: Շատ դերեր կան, որ կցանկանայի խաղալ, բայց տեսեք` պետք է, օրինակ, տարեկան 200 ֆիլմ նկարահանվի, ինձ հրավիրեն խաղալու, դրանցից 50-ը իմ նախընտրելի ժանրը չլինի, 50-ում չհամաձայնեմ նկարահանվել ֆինանսների անբավարարության պատճառով, 50-ը գաղափարապես հարազատ չլինի, տակը մնա շուրջ հինգ տասնյակ ֆիլմ, դրանցից հաջողված լինի մի քանի հատը, որ ես ինձ բավարարված զգամ: Այդ ժամանակ նոր լուրջ կլինի ժանրային նախընտրության մասին խոսելը: Հիմա իմ դեպքում տակը բան չի մնում: Ուստի նկարահանվող ֆիլմերը պետք է ավելի շատ լինեն, թե չէ խաղում ենք այն, ինչ կա, հանդիսատեսն էլ դիտում է այն, ինչ կա: Քանակն իր սեւ գործն անում է:

2

-Այսօր մեր ռեժիսորների համար հաճախ առանձնապես նշանակություն չունի, թե ով կստանձնի այս կամ այն դերը: Այսինքն՝ դերասանները դարձել են հեշտ փոխարինելի: Համաձա՞յն եք:

-Ինքս հաճույքով կխաղամ այն դերը, որը ռեժիսորը կուզենա, որ հենց ես խաղամ: Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանի պես երկիրը ֆիլմարտադրության համար չի կարող հարուստ բյուջե ունենալ, սակայն այդ իքս գումարի բաշխումից շատ բան է պարզ դառնում: Եթե ֆիլմարտադրողը կարողանում է տեխնիկային, լույսի վարձակալությանը իքս գումար տրամադրել, բայց դերասանին դրանից մի քանի զրոյով պակաս է վճարում ու ասում, որ դրանից ավել չի կարող տալ, այդտեղից արդեն հասկանալի է դառնում, թե տվյալ ռեժիսորի կամ պրոդյուսերի համար որքան անկարեւոր է` կոնկրետ որ դերասանը կխաղա այդ դերը: Առհասարակ, երբ ինձ հրավիրում են խաղալ ֆիլմում, ես առաջինը ուշադրություն եմ դարձնում դրա գաղափարին: Հակառակ դեպքում կարող ես նկարահանվել անորակ ֆիլմում եւ ակամա դառնալ հանցակից: Իհարկե, երբեմն սիրելի մասնագիտությամբ զբաղվելու գայթակղությունը մեծ է, սակայն կարողանում եմ զսպել այն եւ ֆիլմերի մեջ ընտրություն կատարել:

-Ձեզնից հետո եկած դերասանական սերնդի մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Հայաստանում բոլոր մասնագիտությունների դեպքում էլ երիտասարդները շատ ավելի առաջադեմ են եւ գտնվում են «առաջին գծում»: Եթե մեր սերունդը, օրինակ, փորձում էր մի բան, որ տեսներ` ինչ կստացվի, եւ սխալվելու հավանականությունն ավելի մեծ էր, ապա այս նոր սերունդը հստակ տեսնում է արդյունքը, երիտասարդները գիտեն` ինչն է լավ եւ ինչը վատ:

3

-«Առաջին գծի» հետ կապված. այսօր բոլորիս հպարտությունն է մեր նոր սերունդի երիտասարդների մարտական ոգին, մեր զինվորների գործած սխրանքները: Ի՞նչ եք կարծում` մշակույթի գործառույթը պատերազմական այս իրավիճակում ո՞րը պետք է լինի:

-Մեր բոլորիս խնդիրը ժողովրդի կողքին կանգնելն է եւ սատարելը, որ ոչ մի դեպքում մարդիկ չթուլանան, միասնականությունը չկորցնեն: Իսկ այդ միասնականությունը կա, որը կեղծել, հորինել անհնար է: Արվեստագետի խնդիրն է օգնել մեր ազգի առջեւ ծառացած փորձությունները անցնել եւ թույլ չտալ, որ մարդիկ հանկարծ մի պահ հիասթափություն ապրեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս