ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Կիրակի օրը՝ երեկոյան, 55 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել կոմպոզիտոր, խմբավար, «Արեւներ» մանկապատանեկան խմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը: Իր 55-ամյակը նա տոնել էր ընդամենը օրեր առաջ` օգոստոսի 24-ին:
Խմբավարը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ: 1981թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը: 1996թ.-ից ղեկավարել է Ազգային ռադիոյի պետական «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը: 2007թ. Դիվանյանի ղեկավարությամբ «Արեւիկ»-ի սաները Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում առաջին անգամ ներկայացրին Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում եւ գրավեցին երկրորդ պատվավոր տեղը:
ԱՄՈՒՍՆԱՑԱՎ
Օրեր առաջ Աղվերանում կայացավ «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հարսանեկան արարողությունը: Բայց մինչ այդ Լուսինեն եւ իր ընտրյալը՝ Արթուրը, պսակադրվեցին Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Իր հարսանեկան զգեստը հարսնացուն երկար չի փնտրել, այն կարել է Լուսինեի լավագույն ընկերը՝ դիզայներ Վահան Խաչատրյանը: Իսկ թե ինչու են հարսանեկան խնջույքն անցկացրել Աղվերանում, Լուսինեն մեկնաբանել է, թե Երեւանում ազատ ու կանաչապատ տարածք չգտնելով` որոշել են հարսանեկան խնջույքը կազմակերպել քաղաքից դուրս, այնպիսի մի վայրում, որտեղ նաեւ լողավազան կա: Հիշեցնենք, որ Լուսինեն իր ընտրյալին հանդիպել էր ձմռանը` Ծաղկաձորում, երբ գնացել էր դահուկ քշելու: Նշենք նաեւ, որ սա Լուսինեի ընտրյալի երկրորդ ամուսնությունն է, մինչ այդ Արթուրն ամուսնացած էր ազգությամբ հույն գեղեցկուհու հետ:
ԱՐԴԵՆ ՊԱՐԶ Է
Եվրատեսիլյան պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ «Եվրատեսիլ 2014»-ն անցկացվելու է Կոպենհագենում: Նշենք, որ Դանիայի մայրաքաղաքը նախկինում արդեն 2 անգամ ընդունել է «Եվրատեսիլ»-ի հյուրերին ու մասնակիցներին: