Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը խորը կսկիծով ու հպարտորեն հրաժեշտ տվեց իր հերոս զավակին՝ Արմեն Հրայրի Մարտիրոսյանին, ով թշնամու գնդակից ընկավ մարտական դիրքում՝ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար այցելել են Հայոց բանակի բարձրաստիճան զիվորականներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի զիկոմսիարիատի աշխատակիցներ, համայքների ղեկավարներ, Գավառի տարածքի համայնքների հազարավոր բնակիչներ:
Զինվորականների կողմից Արմեն Մարտիրոսյանի ծնողներին է հանձնվել «Մարտական ծառայության համար» մեդալը, որը հետմահու Արմեն Մարտիրոսյանին շնորհվել էր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով: Արմեն Մարտիրոսյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական կարգով, ռազմի երաժշտության հնչյունների եւ պատվո համազարկերի ներքո:»Արմենը ծնողների միակ արու ժառանգն էր, նրանց հույսն ու նեցուկը: Խելացի, ուշիմ ու հայրենասեր երիտասարդ էր նա, ով հերոսի մահով ընկավ հայրենքի սահմանները թշնամուց պաշտպանելու ժամանակ: Նա ծառայել էր մեկուկես տարի, աչքի ընկել արիությամբ ու պարտաճանաչությամբ, արժանացել բազմաթիվ խրախուսանքների ու պարգեւների: Նա թշնամու դեմ անվեհեր կանգնել էր ապրիլյան քառօրյա հերոսամարտերի ընթացքում: Ցավոք, թշնամու դարանակալ գնդակը նրան գտավ մարտական դիրքում:
Նրան իր մարդկային արժանիքների համար շրջապատում սիրում էին անսահման սիրով, իսկ այսուհետ այդ սերը վերածվում է պաշտամունքի:Մարդիկ սրտանց խոնարհվում են Արմենի սխրանքի ու փառքի առաջ եւ երդվում՝ շարունակել նրա ու մյուս հերոս հայորդիների գործը՝ անսասան կանգնել հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում»,- նշեց Վանիկ Հարությունյանը:
Արմեն Մարտիրոսյանն ավարտել էր Գանձակի միջնակարգ դպրոցը եւ Գավառի պետական երաժշտական քոլեջը: