Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ: Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին եւ ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք եւ հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:
Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են “Երեւան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի “պադվալում”): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ եւ որեւէ ձեւով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում:
Գործն ամբողջությամբ պատրաստ է եւ կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ”- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):