“ՋԵՐՄՈՒԿ”-Ի ՍՐԲՈՒԹՅԱՆ ՍՐԲՈՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշոտ Արսենյան անուն-ազգանունը, որպես Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, գրեթե անծանոթ է հայ հասարակությանը, իսկ ահա որպես Ջերմուկի Արսենյան կամ Քլոս, նրան շատ շատերն են ճանաչում: Վերջինս բավականին հաջողակ գործարար է, բայց վատ կամ ավելի ճիշտ շատ վատ խորհրդարանական գործիչ: Գնդեվազցի այս պատգամավորը մասնագիտությամբ  տեխնիկ-շինարար է եւ իր կարիերան սկսել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ աշխատելով: Այնուհետեւ նշանակվել է Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ: Տեխնիկական այս ոլորտից Արսենյանը կտրուկ անցում է կատարել դեպի առողջապահություն` զբաղեցնելով Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալի, այնուհետեւ` Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալի պաշտոնները: 1993-ից «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրենն է եղել, իսկ 1996-ից` Ջերմուկի քաղաքապետ: 1999-ից մինչ օրս «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի  հիմնադիր նախագահն է: Նա տիրացել է նաեւ Երեւանի տրամվայի պարկին: Աշոտ Արսենյանը 2003-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ԱԺ պատգամավոր է դառնում: Սակայն այս 8 տարվա ընթացքում երկրի թիվ մեկ ամբիոնից որեւէ խնդիր չի բարձրացրել ու որեւէ քաղաքական հայտարարությամբ հանդես չի եկել: Տարիներ շարունակ Արսենյանը խորհրդարանում աշխատել է բացառապես` որպես կոճակ սեղմող: Երբ ԱԺ հայտնի մականունով  նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր էր, Արսենյանը միայն նրա եւ Արմեն Պուրտոյանի` Պուրտոյի հետ էր շփվում: Բայց վերջերս սկսել է ակտիվացնել իր շփումները Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի հետ, գոնե խորհրդարանում: Ա. Արսենյանը թեեւ այնքան էլ առատաձեռն պատգամավորի համարում չունի, քանի որ իր ընտրողներին «լավ չի նայում», ինչպես այլ գործարար պատգամավորները, այնուամենայնիվ նա խորհրդարանի գործուղումներին բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ Հովիկ Աբրահամյանը, որը նրա քաղաքական «պապան» է համարվում, չի կարող ծախսարարի կարիք չունենալ. օտար երկիր է, ինչ իմանաս: Ասում են, որ այս պատգամավորը հայտնի Բադեն-Բադենում առանձնատուն ունի, որտեղ հաճախ հյուընկալվում է Հովիկ Աբրահամյանը եւ գուցե դա է պատճառը, որ Աժ նախագահը Արսենյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը երբեւէ  չի բարձրացրել, չնայած որ նա խորհրդարանի ամենաշատ բացակա ունեցող պատգամավորներից է եւ օրենսդրորեն բոլոր հիմքերը կան դա անելու: Ինչպե՞ս է Աշոտ Արսենյանը հարստացել ու դարձել խոշոր գործարար. պարզվում է, որ նա իր այսօրվա ունեցվածքի համար պարտական է ամերիկահայ գործարար Կայծակ Զեյթլյանին: Երբ նա 1993թ-ին դարձել է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի տնօրեն, ունեցել է փաստացի մաշված հոսքագծերով մի շինություն ընդամենը: Եւ չանցած մեկ տարի, Արսենյանի կյանքում հայտնվել է այն մարդը, որը պատրաստակամություն է հայտնել խոշոր ներդրումներ կատարել: Եւ այդպես, 1994-ին ամերիկահայ Կայծակ Զեյթլյանը Աշոտ Արսենյանի հետ պայմանագիր է կնքել` գործարանի երկու հարկերը վարձակալությամբ վերցնելու վերաբերյալ, որից մեկ տարի հետո Զեյթլյանը 900 հազ. դոլարի ներդրում է կատարել` գործարանի վարձակալած մասնաբաժինները վերազինելով նորագույն սարքավորումներով (նա 2 նոր հոսքագծեր է բերել Իտալիայից): Նույն ժամանակահատվածում Զեյթլյանը հիմնադրել է «Շանթ» ՓԲԸ-ն, որը հետագայում վերանվանվեց «Ջերմուկ» ՓԲԸ, եւ Աշոտ Արսենյանն էլ դարձավ 49 տոկոսի բաժնետեր: Այսինքն` Արսենյանն իր ունեցվածքը վարձակալությամբ տալուց հետո առանց որեւէ լուրջ ջանքերի դարձել է ընկերության բաժնետեր: Գուցե ամեն ինչ Արսենյանի կյանքում այդքան արագ պրոգրես չունենար, եթե այսօրվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը այդ տարիներից սկսած չմեծանար Հայաստանի քաղաքական կյանքում: Ունենալով Հ. Աբրահամյանի բացարձակ հովանավորությունը, Աշոտ Արսենյանը կախարդական փայտիկի հնարքներով կարողացել է մեկուսացնել Զեյթլյանին, որը «Ջերմուկի» հիմնական ներդրողն ու փայատերն է եղել եւ շուրջ 1 մլն 250 հազ. դոլարի ներդրումներ է կատարել: Նա օտգվելով իր արտոնյալ կարգավիճակից, փութաջանորեն հիմնադրել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, որը կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ  հանքային ջրերի արտադրության մենաշնորհատերը: Դրանից հետո Արսենյանն իր երբեմնի գործընկերոջը` Զեյթլյանին ընդամենը 100 հազար դոլարն է ետ վերադարձրել` կամաց-կամաց փաստացի տիրանալով «Ջերմուկ»-ին: Արսենյանի պաշտոնական կենսագրության մեջ հենց 1999-ի «Ջերմուկի» հիմնադրումն է նշված: Իսկ Զեյթլյանը, որը եղել է Արսենյանի գործընկերը, հասկանալով, թե ինչ խաղեր են խաղում իր գլխին եւ վերջնականապես հիասթափվելով մեր երկրից, հեռացել է Հայաստանից, քանի որ նրան արգելել են արտադրել նաեւ «Պեպսի Կոլա»` չնայած արած հարյուր հազարավոր ներդրումներին: Այսօր Արսենյանը «Պեպսի կոլայի» միակ եւ «էքսկլյուզիվ» ներկայացուցիչն է Հայաստանում, որը ձեռք բերելու ճանապարհին բավականին խոչընդոտներ է հաղթահարել` իր տանիքի շնորհիվ: Նա տեսնելով, որ օրինական ճանապարհով չի կարողանում «խեղճացնել» «Կոկա-Կոլային» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` (ՏՄՊՊՀ), թե «Կոկա-կոլան» անազնիվ մրցակցություն է վարում, որի արդյունքում կայացվեց հայտնի որոշումը եւ 100 հազ. դոլարով «Կոկա-կոլան» տուգանվեց: Իսկ թե ինչու հիմա նույն ՏՄՊՊ-ն չի տուգանում նույն «Ջերմուկին» կամ «Պեպսիին», որը արգելում է Վայոց ձորի մարզում ու նաեւ մայրաքաղաքի շատ խանութներում այլ հանքային ջրերի կամ զովացուցիչ ըմպելիքների վաճառքը, թերեւս կարելի է ենթադրել: Ու այսքանից հետո Աշոտ Արսենյանն իր մեղմ ասած կասկածելի մաքրությամբ աշխատած գումարներով Ջերմուկում կառուցել է «Սուրբ Գայանե» եկեղեցին, որի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի Հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւով` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: Ահա թե ովքեր են մեր երկրում սրբերը. նրանք կարող են ամեն անթույլատրելի արարք կատարել, բայց մի եկեղեցի կառուցելով դառնալ պաշտելի ու սրբության սրբոց: ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ02.02.2011




Լրահոս