“ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ,
Այս սրընթաց փոխվող աշխարհում անշուշտ նոր զարգացման կարիք կա: Այդ զարգացումներին համապատասխանելու, ետ չմնալու համար ակնհայտ է, որ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա, որակի այլ չափանիշների ներդրման կարիք:
Այսուամենայնիվ բոլոր թերությունների հետ մեկ տեղ, տեսնելով այսօրվա աշխարհի ցնցումները գնահատում ենք մեր երկրում խաղաղությունը ու կայունությունը: Անկախանալուց ի վեր Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, կողմ է հանդիսանում կարևոր կոնվենցիաների: Ափսոսանքով պետք է նշենք, որ դրնացից ոմանց պայմաները ի սկզբանե չէին բխում Հայաստանի շահերից, հանձինս` Առևտրի Համաշխարհային Կազմակերպության պայմանագրով հումքի արտահանման վրա նախատեսված “զրո” մաքսային վճարը, Հայաստանը միջազգային օրենքով դարձրեց զարգացած պետությունների հանքա-հումքային կցորդ, և հակառակը բացեց հայաստանյան շուկան դրսից եկած ապրանքների սպառման համար, չապահովել ներքին արտադրողին պաշտպանվելու հնարավորությունից: Պետական բյուջեի խրոնիկ կախվածությունը Համաշխարհային Բանկից և Արժույթի Միջազգային Հիմնադրամից գրեթե զրկել է մեր պետությունը ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն վարելուց, արտագնա աշխատողների կողմից Հայաստան եկող դրամային փոխանցումները ժամանակավոր մեղմացնում են Հայաստանում աշխատատեղեր չստեղծվելու միտումը ու արդարացման պատրվակ են ստեղծում համայնքները քայքայող ընդերքշահագործման ու փոքր ՀԷԿերի անարգել էսկոլացիայի համար:
Մյուս կողմից կարևորագույն միջազգային պարտավորությունների ձախողումը` ինչպիսին է` Օրհուսի կոնվենցիան, որի իրականացման դեպքում ազգային օրենսդրությունը կլրացվեր ընթացակարգային իրավունքներով, ապահովող մարդու իրավունքի լիարժեք իրացումը, տեղեկացված հասարակության ձևավորումը, քաղաքացիական հասարակության զարգացման համար իրավական երաշխիքներ կամրապնդեր: Կստեղծեր հանրային մասնակցության, պետական քաղաքականության քննարկման մշակույթ ու ավանդույթ, կապահովեր պետական կայունություն, հենարան ու երաշխիք: Սա դժվարին ու ամենօրյա աշխատանք էր պահանջում կառավարությունից, իրականացման դեպքում Կառավարությունը կվայելեր լայն հանրության աջակցությունը: Սակայն այսօր անխտիր բոլոր ոլորտներում բազմաթիվ հանրային բախումներից պարզ է, որ հասարակության ու պետության միջև առկա է խորը հակադրություն ու անջրպետ: Հանուն մեր հինավուրձ պետության պահպանության անհրաժեշտ է վերանայել մոտեցումները:
Հարգելի պարոն նախագահ,
Տեղեկացանք նոր համաձայնագրի ստորագրման մասին: Կարծում ենք, որ հարցին մոտեցվել է պատշաճ պատասխանատվությամբ, գնահատվել է յուրաքանչյուր դրույթի ազդեցությունը հայաստանցիների ներկայի ու ապագայի վրա, ապահովված են իրավուքների լիարժեք իրացման պայմանները, ապահովված է որոշում կայացնելու ինքնուրույնությունը, երաշխավորված են մեր ազգային ու պետական արժեքները ու ավանդույթները:
Հարցերը չէին լինի, եթե մեր հասարակությունը հնարավորություն ունենար ծանոթանալ նախօրոք բոլոր պայմանագրերին ու դիրքորոշում արտահայտեր աջակցելով կամ քննարկման դնելով դրանք:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ խնդրում ենք հրապարակել Մաքսային Միության ու Եվրոպական Ասոցիացման համաձայնագրի փաթեթները ծանոթանալու ու մեր դիրքորոշումը հայտնելու համար:
Հարգանքով ՝”Էկոլոգիական հասարակական դաշինք”-ի համակարգող,
ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների միջգերատեսչական հանձաժողովի անդամ Սիլվա Ադամյան”: